Հոդվածը հեղինակեցին Հանրային լրագրության ակումբի պրակտիկանտներ Աննա Հարությունյանը և Մանե Տիգրանյանը։
Մայիսի 12-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ուժե՞ղ երաշխավորներ. ի՞նչ ապագա է սպասում Հայաստանին» թեմայով քննարկումը, որի ընթացքում փորձագետները անդրադարձան Հայաստանի անվտանգային համակարգի, արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքական ընտրությունների շուրջ առկա մարտահրավերներին։
Բանախոսներ՝
- Արմինե Մարգարյան, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար,
- Էդգար Վարդանյան, քաղաքագետ, «Առաջադեմ քաղաքականության աշխատարան» ՀԿ համահիմնադիր։
Արմինե Մարգարյանը նշեց, որ վերջին մեկուկես տարվա զարգացումները ցույց են տալիս՝ «կա՛մ-կա՛մ» տրամաբանությունն այլևս չի գործում, քանի որ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործընթաց։ Նրա խոսքով՝ Հայաստանին հաջողվել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը տեղափոխել ինստիտուցիոնալ հարթություն, իսկ Եվրոպական միության հետ օրակարգը երբևէ այսքան հագեցած չի եղել։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Մարգարյանը նշեց, որ առկա են երկու հակասող մոտեցումներ։ Մի կողմից՝ Հայաստանը հայտարարում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցողական վերափոխման քաղաքական կամքի մասին, մյուս կողմից՝ Ռուսաստանը, նրա գնահատմամբ, շարունակում է ճնշումներ գործադրել՝ օգտագործելով քաղաքական, տնտեսական և հիբրիդային այլ գործիքներ։
«Այս ամենը, իհարկե, բարդություններ է ստեղծելու, բայց մենք պետք է մեր ընտրած ճանապարհից չշեղվենք»,- ընդգծեց նա։
Էդգար Վարդանյանն էլ հայտարարեց, որ պաշտոնական Մոսկվայի վերջին հայտարարություններն ու գործողությունները կարելի է դիտարկել որպես Հայաստանի ընտրողների վրա ազդելու փորձ։
«Դա, ըստ էության, շանտաժ է և վախի մթնոլորտ ձևավորելու քաղաքականություն։ Ռուսաստանը հասկացել է, որ հանրային ընկալումներում այլևս անհնար է ձևավորել դրական վերաբերմունք, և այժմ, փորձում է ազդել վախի միջոցով»,- նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կորցրել է Հայաստանի վրա ազդեցության կարևորագույն լծակներից մեկը՝ Ղարաբաղյան հակամարտությունը, և այժմ հիմնական շեշտը դնում է տնտեսական կախվածության վրա՝ փորձելով այն օգտագործել որպես ճնշման միջոց։
Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան նաև այն հարցին, թե արդյոք Հայաստանը պարտավոր է կատարել աշխարհաքաղաքական ընտրություն՝ «կա՛մ-կա՛մ» սկզբունքով, թե հնարավոր է համատեղել տարբեր ուղղություններով համագործակցությունը։ Քննարկվեցին նաև խաղաղության օրակարգի կենսունակությունը, Հայաստանի ինքնիշխանության պահպանման մարտահրավերները և անվտանգային տարբեր մոդելների արդյունավետությունը։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
Լրացուցիչ հարցերի համար կապ հաստատեք մեզ հետ` +374 99 755 898 հեռախոսահամարով:
