Նորություններ

Քաղհասարակության դերը և ժողովրդավարական օրակարգը առաջիկա տարիներին

Հունիսի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝  «Քաղհասարակության դերը և ժողովրդավարական օրակարգը առաջիկա տարիներին»  թեմայով։

Բանախոսում էին Արթուր Սաքունցը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան և Յուրի Ավագյանը, «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն:

Քննարկումը մեկնարկեց հունիսին կայացած ԱԺ ընտրություններին անդրադարձով։ 

Արթուր Սաքունցը նշեց, որ թեպետև ընտրական գործընթացը մրցակցային էր և խախտումները համակարգային բնույթ չէին կրում, այդուհանդերձ, ազատ ու արդար ընտրությունների վարման տեսանկյունից, այդպես էլ չբացառվեցին վարչական ռեսուրսի կիրառումը, ընտրակաշառքի դրսևորումները և բարեգործությունների մի շարք դեպքերը, որոնք ասոցացվում էին քաղաքական այս կամ այն ուժերի հետ։ 

Յուրի Ավագյանը արտահայտեց մտահոգություն առ այն, որ քաղհասարակությունը դժվարանում էր ուսումնասիրել և բացահայտել քաղաքական շարժումների ֆինանսական աղբյուրները։ «Մենք ունեինք մի իրավիճակ, երբ ամբողջ քաղաքը պատված էր քաղաքական պաստառներով և շրջում էին մեքենաներ քաղաքական գովազդներով ժողովրդավարական արժեքների խոցելիության տեսանկյունից սա շատ հարցեր է առաջացնում ի վերջո, այս ամենի վրա ծախսված գումարները գալիս են Ռուսաստանի՞ց, կամ գուցե ա՞յլ երկրներից»,- հավելում է նա։

Ավագյանը նաև նկատում է, որ ստացվում է, ցանկացած մարդ Հայաստանում, ով ունի շատ ֆինանս, ռեսուրս ու ցանկություն, կարող է սկսել քաղաքական գործունեություն և զբաղեցնել ողջ մեդիա տիրույթը։

Բանախոսները համակարծիք էին այն մասով, որ ընտրակեղծիքների ու ընտրական խախտումների մասին ցանկացած պնդում պետք է ամրապնդվի և հաստատվի դատական որոշումներով, հակառակ դեպքում դրանք կմնան օդից կախված և կարող են հանգեցնել  լեգիտության ճգնաժամի ու ցնցումների։

«Երբևէ նմանօրինակ ապատեղեկատվությունների տեղատարափ չի եղել հայ հանրության վրա ընտրությունների ընթացքում, և պետք է արձանագրել, որ մեդիա կազմակերպությունները ու փաստեր ստուգող կառույցները  բավականին արդյունավետ են աշխատել այս ողջ ընթացքում՝ համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ»,- նկատեց Սաքունցը։

Հարցին, թե որքանով է մտահոգիչ երկփեղկված հասարակությունը և վախի մթնոլորտը Հայաստանում, Ավագյանը նշում է, որ կա քաղաքական տարաձայնություն, սակայն կարծիքներն այդ մասով խիստ ուռճացված են, քանի որ բոլոր ժողովրդավարական հասարակություններում և մեդիայում կարելի է նկատել նմանօրինակ խոսույթ, ուղղակի շատ դեպքերում մեզ համար այս իրավիճակը նոր է։

«Ես չեմ հավատում, որ Հայաստանում կա վախի մթնոլորտ։ Այո, կան խնդիրներ Օսիպյանի դեպքը հստակ խնդիր էր և չեմ բացառում, որ այլ դեպքեր էլ կան։ Բայց սրանք չեն կրում համատարած բնույթ»,- հավելեց Ավագյանը։

Ամփոփելով նա նշեց․ «Քաղաքական տարաձայնություններին պետք է սովորել աննորմալ է, երբ հասարակությունը ունի միատար քաղաքական պատկերացումներ»։ 

Իսկ այն հարցին, թե ինչպես եք գնահատում ներկայումս Արդարադատության համակարգի հանդեպ լուրջ անվստահությունը, հասարակության սև-սպիտակ բաժանման միտումները, Սաքունցը նշեց, որ բուն խնդիրն ու հիմնապատճառը ներկայիս Սահմանադրությունն է։ Այն երաշխավորում է բացարձակ իշխանություն քաղաքական մեծամասնության համար։ Ով էլ, որ լինի իշխանության, ապա կունենա բացարձակ լիազորություններ։ Ներկա իշխանությունները պետք է ունենաին այն գիտակցությունը, որ այս Սահմանադրությունը օր առաջ կարիք ուներ փոփոխվելու։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Կիսվել :