Նորություններ

Ընտրողների վրա ազդեցության ռիսկերը համայնքներում

Հունիսի 2-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝  «Ընտրողների վրա ազդեցության ռիսկերը համայնքներում»  թեմայով։

Բանախոսներն էին՝ Օլեգ Դուլգարյանը, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման համահիմնադիր, բնապահպան իրավապաշտպան, Շավարշ Մարգարյանը, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման համահիմնադիր և Վարդուհի Անանյանը, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման ներկայացուցիչ։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման անդամների նախընտրական շրջանում համայնքային մշտադիտարկման արդյունքներին, որոնք վկայում են մի շարք ռիսկերի մասին, այն է՝ կեղծ նարատիվներ, ապատեղեկատվություն, բարոյահոգեբանական ճնշման դրսևորումներ և վախեր, ընտրակաշառքի և նյութական աջակցության խոստումների վերաբերյալ ահազանգեր, ընտրողների տվյալների հավաքագրում և ցուցակագրման փորձեր, գործատուների և տնտեսական կախվածությունների միջոցով հնարավոր ճնշումներ, վարչական ռեսուրսի և տեղական իշխանական ազդեցության կիրառման ռիսկեր, հավաքների և քաղաքական հանդիպումների մասնակցության ուղղորդման դեպքեր։ 

Մասնավորապես, Վարդուհի Անանյանի խոսքերով, Վանաձորի և Փամբակի տարբեր համայնքներում անցկացված հարցումների արդյունքում, գրանցվել են տարբեր արդյունքներ․ մարդկանց մի մասը կրում են ազդեցություն տնտեսական և խաղաղության թեմաներով նարատիվների տարածումից, իսկ մյուսները շատ ռացիոնալ են և հակված են բանավիճել ու վերլուծել շրջանառվող թեմաները։

Շավարշ Մարգարյանը նկատեց, որ ի համեմատ նախորդ ընտրությունների, այս ընտրություններում մարդիկ առավել անկաշկանդ են արտահայտում սեփական դիրքորոշումները և հակված են բարձրաձայնել այն խոսույթները, որոնք տարածված են իրենց համայնքներում։ 

«Շատ դեպքերում նրանք դա չեն անում տեսախցիկների առաջ, բայց մեր ամիսների աշխատանքի շնորհիվ, բնակիչների հետ տարված բազմաթիվ զրույցների արդյունքում, մենք կարող ենք ասել, որ ունենք նարատիվների մեծ բազա»,-հավելեց Մարգարյանը։

«Հասարակության մեջ շարունակում է կարծրացած մնալ այն մոտեցումը, որ հանրայնորեն չպետք է բարձրաձայնվեն խնդիրները կամ նկատված խախտումները։ Սրա հիմքում ընկած են տարբեր պատճառներ․ մեկը վախն է, որ դրան կարող են հաջորդել վատ ու պատժիչ հետևանքներ, իսկ մյուսը, որ մարդկանց մեջ շարունակում է արմատացած մնալ «գործ տալու» մշակույթը»,- նշում է Դուլգարյանը։

Նա նաև նշեց, որ քրեական ենթամշակույթը շարունակում է ազդեցություն ունենալ մարդկանց շրջանում։ Փոքր համայնքերում սա ավելի նկատելի ու բարդ է, քանի որ բոլորը բոլորին ճանաչում են։ «Պետության կողմից կիրառվող մեխանիզմները, մեծ հաշվով, խնդիրը չեն լուծում։ Մյուս կողմից պետք է հասկանանք, որ այդ ենթամշակույթը պահանջարկ ունի քաղաքական ուժերի շրջանում, հետևապես նրանց դեմ պայքարը անարդյունավետ է, քանի դեռ նրանք պետք են», -ամփոփեց Դուլգարյանը։

Բանախոսները շեշտեցին, որ մշտադիտարկումները ցույց են տալիս, որ տարբեր հանրահավաքներում մասնակցել են շատ երեխաներ, որոնք քարոզչական հագուստներով էին և բաժանում էին բուկլետներ, ինչը խնդրահարույց է։ Նարատիվների միջոցով տրվել են նախընտրական խոստումներ, որոնք կրում էին «մենք եկել ենք ձեզ փրկելու», «վերջում ամեն ինչ լավ է լինելու», իսկ արցախցիների պարագայում՝ «դուք վերադառնալու եք հայրենիք», ինչը դիպչում է մարդկանց ամենախոցելի կողմերին։ Ավելին, տեղական պետական մարմինների ներկայացուցիչները ակտիվ ներգրաված են ընտրական գործընթացներում, ինչը ենթադրում է վարչական ռեսուրսի չարաշահում։ Ինչպես նաև, գյուղերում առավել դժվար են ֆիքսում տեղեկատվության աղբյուրները, և ի պատասխան մեր հարցերին, թե որոնք են լրատվության աղբյուրները, նրանք նշում են, որ վերցրել են «հեռախոսից», ինչը ևս խնդրահարույց է։ 

Ներկայացնելով համայնքերում ընտրողների վրա ազդեցությունների գործիքները, բանախոսները նշեցին, որ շատ դեպքերում դրանք անհատական զանգերի տեսքով կարող են լինել։ 

Բանախոսները հավելեցին, որ ընտրությունների ամենախոցելի խումբ կարելի է դիտարկել արցախցիներին, ում թիրախավորում են տարբեր քաղաքական ուժեր և իրենց աջակցությունը հայտնեցին Արթուր Օսիպյանին։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Կիսվել :