«Համախոհներին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենքներ» ֆիլմի ցուցադրություն և քննարկում` Երևանում

«Համախոհներին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենքներ» ֆիլմի ցուցադրություն և քննարկում` Երևանում
- May 16, 2025
- Category: Հայտարարություններ
Մայիսի 23-ին, ժամը 16։00-ին, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի գրասենյակում (Պրահայի փողոց, 18 շենք) տեղի կունենա «Համախոհներին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենքներ» ֆիլմի ցուցադրությունը և քննարկում, որի ընթացքում որպես բանախոս հանդես կգա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Հանրային լրագրության ակումբը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու այս միջոցառմանը, որի համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ մինչև մայիսի 22-ը, ժամը 13։00-ն։
Ֆիլմը նվիրված է ընտրովի արդարադատությանը, որն արդիական խնդիր է Հայաստանում։
Քեզ հետ պատահե՞լ է, որ դու և ընկերդ քննությանը լավ չպատրաստվեք, սակայն դու «անբավարար» ստանաս, իսկ ընկերդ՝ ոչ, որովհետև դասախոսը նրա ազգականն է: Քո ստացած «անբավարար»-ն արդար էր. անպատրաստ էիր քննությանը, բայց այդ դեպքում ինչու՞ է քո հանդեպ գործում արդարությունը, իսկ մյուս՝ քննությանը քեզ պես անպատրաստ ներկայացած ընկերոջդ համար՝ ոչ: Ստացվում է՝ արդարությունն ընտրովի՞ է:
Հայաստանի քաղաքական կյանքում, ըստ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների, քաղաքական շատ գործիչների, ևս գործում է ընտրովի արդարադատության սկզբունքը. երբ համանման հանցանք կատարած երկու անձանցից մեկը պատժվում է օրենքի ողջ խստությամբ, մյուսը՝ ավելի մեղմ կամ մնում է անպատիժ:
Ֆիլմն անդրադառնում է հենց այս խնդիրներին։
Ֆիլմը նկարահանվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։