Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները լրջագույն մարտահրավեր են․ քննարկում

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները լրջագույն մարտահրավեր են․ քննարկում
- May 22, 2025
- Category: Նորություններ
Հայաստանի Հանրապետությունում երբևէ նման իրավիճակ չի եղել՝ ավելացել է թմրամիջոց օգտագործող մարդկանց քանակը։ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Ավետիսյանը։
«2021թ․ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի միջոցով իրականացվել է հետազոտություն միայն ներարկային թմրամիջոց օգտագործողների շրջանակում։ Թիվը մոտ 14․000 է։ 1917-18 թթ․ համեմատ 8-9 հազարով ավելի էր։ Պլանավորվում է նույն հետազոտությունն այս տարի անցկացնել, և ես կարող եմ վստահ ասել, որ թվերը նորից աճելու են»,- ասաց Ավետիսյանը։
Քննարկմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն ու Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը մտահոգություն հայտնեց, որ թմրամիջոցներն այսօր լայն տարածում ունեն երիտասարդների շրջանում։ «Երբ երիտասարդների հետ շփվում եմ, մտերմիկ տոնով հարցնում եմ, տղանե՛ր, աղջիկնե՛ր, ճի՞շտ է, որ ամեն երիտասարդական հավաքույթի ժամանակ դա օգտագործում եք։ Մոտ 90 տոկոսն ասում է՝ այո։ Պարզվում է՝ քիմիական այդ դեղահաբերը շատ տարածված են երիտասարդական հավաքույթների ժամանակ»,- հավելեց Գեղամ Նազարյանը։
Հատկապես երիտասարդների շրջանում թմրամիջոցի օգտագործումը կանխարգելու համար պատգամավորը Կառավարությանն առաջարկել է 15-18 տարեկան մարդկանց ենթարկել պարտադիր թունաբանական փորձաքննության՝ յուրաքանչյուր ուսումնական տարում ընդգրկելով նրանց գոնե 30 տոկոսը։ «Ես այս առաջարկը հենց այնպես չեմ արել, կան մտահոգիչ թվեր, մտահոգիչ փաստեր։ Եթե Ոստիկանությունը ձերբակալում է մանկահասակ երեխայի հետ զբոսնող կնոջը, որը հողի տակ թմրամիջոց է դնում, եթե թմրամիջոց տարածելուց ձերբակալում են 9-րդ դասարանի աղջկան, պատկերացնո՞ւմ եք, ինչ վիճակ է։ Ես սպասում եմ, որ ՆԳՆ-ն ցույց տա այն աղջկան, որը երեխաներին թմրամիջոց պարունակող քաղցրավենիք է տվել»,- հավելեց Գեղամ Նազարյանը։
ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը նշեց, որ պետությունը ևս գնահատում է, որ թմրամոլությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ու դրանց ծավալները լրջագույն մարտահրավեր են Հայաստանի համար։ Հատկապես, երբ խոսքն անչափահաս և երիտասարդ տարիքի անձանց մասին։ Նա վստահեցրեց, որ պետական կառույցները տարբեր գործիքակազմերով արձագանքում են այդ երևույթին։ Այդ նպատակով մշակվել և հրապարակվել է «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը» և դրա իրականացման՝ 2025-2027 թթ․ ծրագիրը։ Փաստաթուղթը շուտով կընդունվի։ Արմեն Մկրտչյանը վստահեցրեց, որ կիրականացնեն մշակած նպատակները։
«Խնդրի լուծման բանալիները ներառված են ռազմավարության մեջ․ սա երկարաժամկետ գործընթաց է, փուլ առ փուլ հասնելու ենք մեր նպատակներին։ Առաջին քայլը իրավապահների կենտրոնացումն է թմրամիջոցների ներմուծման և արտադրության արգելման վրա։ Իսկ երիտասարդներին թմրամիջոցների օգտագործումից ետ պահելու համար պետք է ապահովել նրանց զբաղվածությունը»,- ասաց փոխնախարարը։
Քննարկումը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
Քննարկման ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև։