Ո՞վ է մշակում Սահմանադրության նոր տեքստը, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նիստեր չի հրավիրում

Ո՞վ է մշակում Սահմանադրության նոր տեքստը, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նիստեր չի հրավիրում

«Ի՞նչը պետք է հակասի Սահմանադրությանը Խաղաղության համաձայնագրում, բացառությամբ, օրինակ, եթե այդ համաձայնագրում նախատեսված չլինեն այնպիսի դրույթներ, որոնք ինքնիշխանության կորուստ կամ նվազեցում են նախատեսում»,- Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ստորագրումից հետո «եթե ՀՀ ՍԴ-ն որոշի, որ Խաղաղության համաձայնագիրը հակասահմանադրական է, ինքը սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի»։

Հիշեցնենք, որ վարչապետն այդ հայտարարությունն արել էր այսօր «Երևանյան երկխոսություն» երկրորդ ֆորումի ժամանակ։ Նա նաև քիչ հավանական էր համարել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական կճանաչի Խաղաղության համաձայնագիրը, եթե այն ստորագրվի Ադրբեջանի հետ և ներկայացվի ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինել-չլինելու դատին։ «Եվ կփորձենք համոզել մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունն արվի՝ տևական և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Բայց եթե ՍԴ-ն-ն որոշի, որ համաձայնագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր ԱԺ վավերացմանն ուղարկելու ճանապարհին»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Իսկ ի՞նչ փուլում է Սահմանադրության նոր տեքստի մշակումը։ Չէ որ մայիսի 7-ին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ այն պատրաստ կլինի 10 ամիս հետո։ Տիգրան Եգորյանը տեղյակ չէր, թե ով է մշակում նոր տեքստը, քանի որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շուրջ մեկ տարի այդ հարցով հանդիպումներ, քննարկումներ չէր ունեցել։ «Բայց խորհրդում առնվազն ես և իմ գործընկերները չենք հանդուրժի դրսից ներարկված տեքստի կուրորեն ընդունում։ Եվ եթե ինչ-որ տեքստ բերվի, մենք կքննարկենք այն։ Եթե, իհարկե, խորհրդի կազմը շարունակի գործել։ Կոնկրետ ես ոչինչ ուղղակի չեմ ընդունի։ Ես համաձայնել եմ այնտեղ աշխատել այն նպատակով, որ իմ ողջ կարողություններն ու հմտությունները կիրառեմ իմ պատկերացրած Սահմանադրական բարեփոխման իրականացմանը»,- շեշտեց նա։

Այնուամենայնիվ, Տիգրան Եգորյանը հավելեց, որ Սահմանադրության նոր մշակման դեպքում պետք է մեծ աշխատանք տանել իշխանության բոլոր ճյուղերի աշխատանքի, դատական իշխանության աշխատանքի արդյունավետության ուղղությամբ։ Նա կարևորեց նախագահի ինստիտուտի հարցը․ «Պետք է լրջորեն քննարկվի․ այն հսկայական ռեսուրս է պետության համար»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը սահմանադրական փոփոխությունների նպատակը բնութագրեց մայր օրենքի նկատմամբ «լեգիտիմության» անհրաժեշտությամբ։ Պատգամավորն ասաց, թե մինչև 2018 թ․ Հայաստանում որևէ ընտրություն կամ հանրաքվե չի եղել, որ լիներ արդար և թափանցիկ։ «Հետևաբար, ՀՀ քաղաքացին չի զգում կապը Սահմանադրության հետ։ Մենք ուզում ենք լինի այնպիսի Սահմանադրություն, որն ընդունելի կլինի քաղաքացիների կողմից, և նրանք մասնակցեն հանրաքվեին ու կողմ կքվեարկեն»,- հավելեց նա։

Ալխաս Ղազարյանը վստահեցրեց, որ Սահմանադրության նոր տեքստի մշակումից հետո իշխանություններն այն կներկայացնեն հանրությանը՝ հանդիպումներ, արշավներ և քննարկումներ կկազմակերպեն, բայց չկարողացավ ասել, թե երբ է տեղի ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Քննարկումը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Քննարկման տեսագրությունը հասանելի է ստորև։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend