Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները․ քննարկում

Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները․ քննարկում
- June 26, 2025
- Category: Նորություններ
Հայաստանում 2016-ից գործող Պրոբացիայի ծառայության նպատակն է պատժիչ արդարադատությունից անցում կատարել վերականգնողական արդարադատության։ Ծառայության գործունեության հիմքում հանցանք կատարած մարդու վերասոցիալականացումն ու տուժող-մեղադրյալ երկխոսության, հաշտեցման խրախուսումն են:
Մեդիա կենտրոնում անցկացված՝ «Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները» թեմայով քննարկումը նվիրված էր ոլորտի խնդիրների և դրանց լուծումների բարձրաձայնմանը։
Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» ենթադրամաշնորհի շրջանակում: Ենթադրամաշնորհ իրականացնող կառույցը «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն է:
ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանի խոսքով՝ վերականգնողական արդարադատության համար անհրաժեշտ օրենսդրական բազան պարբերաբար փոփոխման ու տվյալ ժամանակի պահանջներին հարմարեցման անհրաժեշտություն ունի. «Ներկա պահին 2 ծրագիր կա. «Բռնի կարգի նվազեցման» ծրագիրը և «Կախվածությունների հաղթահարման» ծրագիրը»։
ՀՀ արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյանը ներկայացրել է միջոցառումների այն ցանկը՝ կրթական ծրագրեր, մշակութային միջոցառումներ, մասնագիտական հմտությունների զարգացում և այլն, որոնք հնարավորություն են տալիս պրոբացիայի շահառուներին հնարավորինս արագ վերասոցիալականացվել:
Իհարկե, պետական բյուջեն շռայլ չէ. պրոբացիայի յուրաքանչյուր շահառուի կարիքները սպասարկելու համար նախատեսված է 3000-ից 5000 դրամ: Մուղդուսյանի խոսքով՝ 2025 թ. տվյալներով՝ պրոբացիայի ծառայությունն ունի 11.600 շահառու. 430 կին, 32 անչափահաս:
«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը կարևորել է պրոբացիայի մասին օրենքի, նախատեսվող ռազմավարության արդյունավետության գնահատման անհրաժեշտությունը:
Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում»(www.juremonia.am) ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Քննարկման ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև։