Կանադայի օրվա շրջանակում ՀԼԱ-ն ստացել է վկայագիր

Կանադայի օրվա շրջանակում ՀԼԱ-ն ստացել է վկայագիր
- July 2, 2025
- Category: Նորություններ
Հուլիսի 1-ին Երևանում նշված Կանադայի օրվա միջոցառման շրջանակում Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ստացել է վկայագիր՝ ի նշանավորումն կազմակերպության անդամակցության Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատին (ԿԵԱՏՊ)։
Հայաստանում Կանադայի դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելությանը մասնակցել է ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը։
«Այս հեղինակավոր ցանցին միանալը մեծ պատիվ և պատասխանատվություն է Հանրային լրագրության ակումբի համար։ Մենք վստահ ենք, որ սա նոր հնարավորություն է՝ Կանադայի և Հայաստանի մեդիա, կրթական, փորձագիտական ու քաղաքացիական հասարակության կառույցների միջև նոր կամուրջներ կառուցելու և համագործակցություն ձևավորելու համար։
Անդամակցությունը Պալատին տեսնում ենք որպես հիանալի հնարավորություն՝ ամրապնդելու գործընկերությունը, խորացնելու արժեքահեն ու ժողովրդավարական համագործակցությունը և բացելու նոր դռներ ու հնարավորություններ ապագա համատեղ նախաձեռնությունների համար։
Շնորհակալություն ենք հայտնում պալատի նախագահ Վարդգես Ավագյանին՝ այս կարևոր նախաձեռնությունը մեկնարկելու ու խթանելու համար»,- նշում է ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը։
Հանրային լրագրության ակումբը շնորհավորում է Կանադայի ժողովրդին տոնի առթիվ՝ մաղթելով բարեկեցություն, խաղաղություն և շարունակական առաջընթաց։ Հպարտ ենք մեր ձևավորված գործընկերությամբ և հավատում ենք, որ այն կխթանի նոր գաղափարների ու նախաձեռնությունների փոխանակումը՝ ի նպաստ համընդհանուր զարգացման։
Հիշեցնենք, որ Հանրային լրագրության ակումբը վերջերս միացել է ԿԵԱՏՊ-ին՝ դառնալով ավելի քան 100 ընկերությունների և անհատների մասնակից հարթակի մաս։ ԿԵԱՏՊ-ն անկախ, ոչ պետական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Կանադայի և եվրասիական երկրների միջև առևտրի, ներդրումների և համագործակցության զարգացմանը։
Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի ՀԼԱ-ի համար՝ նպաստելով միջազգային կապերի ընդլայնմանը, գործընկերների որոնմանը և Հայաստանի ներգրավվածության խթանմանը գլոբալ համագործակցության ու նորարարական նախաձեռնությունների շրջանակում։
Այս անդամակցությունն ընդգծում է ՀԼԱ-ի շարունակական ջանքերը՝ ակտիվորեն մասնակցելու միջազգային համագործակցությանը և խթանելու կայուն զարգացումը։