Պատերազմները չեն ավարտվում կրակոցների դադարով։ Դրանց հետևանքները շարունակում են ապրել մարդկանց հիշողություններում, հասարակական հարաբերություններում և միմյանց նկատմամբ ձևավորված վերաբերմունքում։ Կորուստը, վախը, անորոշությունն ու չարտահայտված ցավը կարող են տարիներ շարունակ ազդել այն բանի վրա, թե ինչպես ենք ընկալում իրադարձությունները, արձագանքում դրանց և հաղորդակցվում միմյանց հետ։
Վերջին տարիներին Հայաստանի հասարակությունն անցել է պատերազմների, մարդկային կորուստների և անվտանգությանը վերաբերող ծանր փորձությունների միջով։ Բայց որքանո՞վ ենք կարողացել խոսել այդ ապրումների մասին, ճանաչել սեփական ցավը և հնարավորություն ստեղծել միմյանց լսելու համար։ Եվ ի՞նչ կապ ունի այդ ամենը խաղաղության հետ։
Այս հարցերին «Գործարար ալիքի» «Թարմ ուղեղով» հաղորդաշարի եթերում անդրադարձել է ոչ բռնի հաղորդակցության դասընթացի մասնակից, դասընթացավարի որակավորման թեկնածու Մարգարիտա Խուդավերդյանը։ Նա խոսել է ոչ բռնի հաղորդակցության և խաղաղաշինության կապի, չարտահայտված վշտի հետևանքների և հակամարտությունից տուժած հասարակությունների միջև մարդկային կապերը պահպանելու կարևորության մասին։
Սեփական ցավը ճանաչելը՝ ուրիշին լսելու նախապայման
Ոչ բռնի հաղորդակցության հիմքում սեփական և դիմացինի զգացմունքներն ու կարիքները ճանաչելու և հասկանալու ձգտումն է։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս հաղորդակցության ընթացքում ուշադրություն դարձնել ոչ միայն մարդկանց խոսքերին ու գործողություններին, այլև դրանց հետևում կանգնած ապրումներին ու կարիքներին։
Խուդավերդյանի խոսքով՝ ուրիշին ապրումակցելու կարողությունը սկսվում է սեփական ապրումները ճանաչելուց։
«Շատ կարևոր է ոչ բռնի հաղորդակցության մեջ ապրումակցումը ինքներս մեզ և ուրիշներին։ այս երկու մակարդակն էլ ինձ համար հավասարազոր կարևոր են, որ մենք սկզբում կարողանանք մեզ ապրումակցել, որպեսզի մեր, այսպես ասած, ռեսուրսները լցնենք և կարողանանք ավելի բաց լսել ու ավելի բաց լինել դիմացինի հանդեպ»,- ասում է նա։
Հայաստանի հասարակության համար այս մոտեցումն առանձնահատուկ նշանակություն ունի։ Վերջին տարիների պատերազմներն ու կորուստները խաթարել են մարդկանց անվտանգության զգացողությունը, մինչդեռ, ըստ Խուդավերդյանի, հասարակական մակարդակում բավարար հնարավորություն չի ստեղծվել այդ ցավն արտահայտելու և վերապրելու համար։
Նրա դիտարկմամբ՝ չարտահայտված զգացմունքներն ու չբավարարված կարիքները կարող են ժամանակի ընթացքում ուժեղացնել լարվածությունն ու ագրեսիվ արձագանքները։ Երբ մարդիկ հնարավորություն չեն ունենում անդրադառնալու իրենց ապրումներին, դժվարանում է նաև իրադարձություններին հանգիստ ու կշռադատված արձագանքելը։
«Մենք որպես հասարակություն հիմա ռեակտիվ ենք։ Անվտանգությունը խարխլվել է մի քանի անգամ վերջին վեց տարվա ընթացքում, ոչ մի ամոքման փուլ չի եղել, ու դեռևս էդ կարիքը՝ անվտանգության, բավարարված չի ամբողջությամբ»,- նշում է Խուդավերդյանը։
Խաղաղությունը միայն քաղաքական համաձայնություն չէ
Խուդավերդյանի համոզմամբ՝ խաղաղության գործընթացը չի կարող սահմանափակվել քաղաքական բանակցություններով և ստորագրված փաստաթղթերով։ Թեև դրանք կարևոր են հակամարտությունների կարգավորման համար, երկարատև խաղաղությունը պահանջում է նաև հասարակությունների ներսում վստահության վերականգնում, մարդկանց ցավի ճանաչում և անվտանգության կարիքի նկատմամբ ուշադրություն։
Եթե այդ ապրումներն անտեսվում են, խաղաղության մասին հանրային խոսակցությունը կարող է կտրվել մարդկանց իրական փորձառությունից։ Այս պայմաններում խաղաղությունը կարող է ընկալվել ոչ թե որպես անվտանգ և արժանապատիվ ապագայի հնարավորություն, այլ որպես գործընթաց, որում սեփական ցավն ու մտահոգությունները բավարար չափով լսված չեն։
«Խաղաղությունը կամ նորմերի փոփոխությունը ինքը պրոցես է, որը որ սկսում է ներքին հայացքից։ Մենք չենք կարող ապրումակցել դիմացինին, եթե մենք ներքին հայացք չենք գցել, եթե մենք մեր հույզերը չենք հասկացել և մեր կարիքները չենք բավարարել։ Ուղղակի գնում ենք խաղաղության կամ ապրումակցելու ուրիշին, երբ որ մենք ինքներս շատ խնդիրներ ունենք, ինչպե՞ս է դա հնարավոր, ես չգիտեմ»,- ասում է նա։
Այս դիտարկումը կարևոր է հատկապես հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում, որտեղ խաղաղության քաղաքական օրակարգին զուգահեռ շարունակում են գոյություն ունենալ ցավոտ հիշողություններ, փոխադարձ անվստահություն և վախեր։
Սեփական ցավը ճանաչելն ու արտահայտելը չի նշանակում հրաժարվել արդարության, պատասխանատվության կամ անվտանգության պահանջներից։ Ընդհակառակը, այն կարող է օգնել ավելի հստակ հասկանալու, թե ինչն է անհրաժեշտ մարդկանց՝ իրենց անվտանգ և լսված զգալու համար։
Ապրումակցել՝ առանց արդարացնելու
Խաղաղաշինության ամենաբարդ խնդիրներից մեկը հակամարտության մյուս կողմի ներկայացուցչին միայն «թշնամու» կերպարի միջոցով չընկալելն է։ Հայ և ադրբեջանցի հասարակություններում տարիների ընթացքում ձևավորված փոխադարձ պատկերացումներն ու կարծրատիպերը հաճախ խոչընդոտում են հաղորդակցությանը՝ սահմանափակելով միմյանց մարդկային փորձառությունը տեսնելու հնարավորությունը։
Ոչ բռնի հաղորդակցությունն առաջարկում է տարբերակել մարդու զգացմունքներն ու կարիքները նրա գործողություններից։ Դիմացինի ցավը, վախը կամ անվտանգության կարիքը ճանաչելը չի նշանակում համաձայնել նրա դիրքորոշմանը կամ արդարացնել նրա գործողությունները։
«Եթե մենք մարդուն ապրումակցում ենք, եթե մենք իրա զգացմունքները տեսնում ենք որպես մարդ և կարիքները, չի նշանակում, որ մենք համաձայն ենք այն գործողության հետ, որը որ տեղի է ունեցել։ Նշանակում է, որ մենք ուզում ենք կապը պահել»,- ընդգծում է Խուդավերդյանը։
Այս տարբերակումը հատկապես կարևոր է հակամարտության պայմաններում, երբ մյուս կողմի նկատմամբ ապրումակցումը երբեմն կարող է ընկալվել որպես սեփական դիրքորոշումից հրաժարում։
Մինչդեռ ապրումակցումը պարտադիր չէ, որ հանգեցնի համաձայնության։ Այն կարող է հնարավորություն ստեղծել լսելու դիմացինին՝ միաժամանակ պահպանելով սեփական դիրքորոշումը, սահմաններն ու արժանապատվությունը։
Կարո՞ղ է մեկ մարդու մոտեցումը փոխել հաղորդակցությունը
Խուդավերդյանի խոսքով՝ հաղորդակցության ձևը փոխելու համար պարտադիր չէ, որ երկու կողմերն էլ տիրապետեն ոչ բռնի հաղորդակցության սկզբունքներին։ Երբ կողմերից մեկը փորձում է լսել առանց պիտակավորելու, հասկանալ դիմացինի զգացմունքներն ու կարիքները և խուսափել մեղադրական արձագանքներից, փոխվում է նաև շփման դինամիկան։
Նրա համոզմամբ՝ նման փոփոխությունները կարող են աստիճանաբար տարածվել՝ ստեղծելով ավելի բաց և անվտանգ միջավայր դժվար թեմաների շուրջ խոսելու համար։
«Պարտադիր չէ, որ հաղորդակցվելիս երկու կողմերն էլ իմանան ոչ բռնի հաղորդակցության մասին կամ ինչպես ապրումակցել։ Բավարար է մեկ հոգի, որը կկարողանա ապրումակցել ինքն իրեն և մյուսներին, որպեսզի այդ դինամիկան փոխվի։ Եվ այսպես՝ դոմինոյի էֆեկտով կարող է տարածվել այն, որ մենք կարողանանք իրար տարածք տալ ցավից կամ ցանկացած այլ բանից խոսելու համար։ Պարտադիր չէ՝ միայն ցավից։ Բայց հենց այն, որ իրար թշնամի ենք ընկալում, գալիս է նրանից, որ չենք ընկալում, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ փորձառություն է ունեցել և ինչ զգացմունքներ ունի։ Պետք է իրար ավելի շատ տարածք տանք խոսելու, ինչը իրականում մի փոքր բարդ է, քանի որ քաղաքական տեսանկյունից շատ-շատ խոսակցություններ բլոկվել են»,- նշում է Խուդավերդյանը։
Այդուհանդերձ, նման հաղորդակցության հնարավորությունները կախված են ոչ միայն անհատների պատրաստակամությունից, այլև այն միջավայրից, որտեղ տեղի է ունենում շփումը։ Փոխադարձ անվստահությունը, հանրային ճնշումը և քաղաքական սահմանափակումները կարող են դժվարացնել նույնիսկ առաջին քայլը։
Ոչ բռնի հաղորդակցությունն ինքնին չի վերացնում հակամարտության պատճառները և չի կարող փոխարինել քաղաքական լուծումներին, արդարության ու անվտանգության ապահովման մեխանիզմներին։ Սակայն այն կարող է օգնել նվազեցնելու թշնամական ընկալումները, ավելի լավ հասկանալու սեփական և դիմացինի կարիքները և պահպանելու երկխոսության հնարավորությունը։
Խաղաղության մասին խոսակցությունը սկսվում է նաև այն հարցից, թե որքանով ենք պատրաստ լսելու միմյանց ցավը՝ առանց այն նսեմացնելու, վիճարկելու կամ սեփական ցավին հակադրելու։
Երբ հասարակության ներսում այդպիսի խոսակցության համար տարածք է ստեղծվում, հնարավորություն է առաջանում ոչ միայն վերաիմաստավորելու սեփական փորձառությունը, այլև ուրիշին տեսնելու որպես մարդու՝ նույնիսկ խոր անհամաձայնությունների պայմաններում։
Եվ գուցե հենց այստեղից է սկսվում խաղաղության ամենադժվար, բայց անհրաժեշտ աշխատանքներից մեկը՝ սովորել խոսել այն մասին, ինչի մասին երկար ժամանակ լռել ենք։
Հեղինակ՝ Մանե Տիգրանյան
