Ստուգված նյութեր

Հավելյալ դրոշմանիշային վճարի վերադարձի հարցը շարունակում է գլխացավանք մնալ

Հայաստանի գործող իշխանությունը ժամանակին բարձրաձայնել է խնդրի մասին՝ հանդես գալով որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, սակայն հեղափոխությունից երկու տարի անց, երբ առկա են բազմաթիվ լծակներ հարցը կարգավորելու համար, սայլը կարծես տեղից չի շարժվում. մի շարք քաղաքացիներ շարունակում են դժգոհել հավելյալ դրոշմանիշային վճարների վերադարձի բարդ ու խրթին գործընթացից։

Արդեն երեք տարի է՝ 2017 թվականից, քաղաքացիների եկամուտներից ամսական 1000-ական դրամ որպես դրոշմանիշային վճար է հատկացվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: 2017-ին ուժի մեջ մտած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (հասարակության շրջանում հայտնի որպես «1000 դրամների օրենք») համաձայն՝ այն քաղաքացիները, որոնք աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատում են մեկից ավելի գործատուների մոտ, և նրանց աշխատավարձից նախորդ տարվա ընթացքում գանձվել է հավելյալ դրոշմանիշային վճար, ապա իրավունք ունեն հետ պահանջելու սահմանված չափից ավելի իրենցից պահված դրոշմանիշային վճարի գումարները:

Ընդգծենք, որ պարտադիր դրոշմանիշային վճարը կատարում է գործատուն՝ քաղաքացիների աշխատավարձից: Պարտադիր բաղադրիչից ավելի վճարած գումարները վերադարձնում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը։

Որոշեցինք պարզել, թե տարբեր աշխատավայրերից գանձված պարտադիր դրոշմանիշային վճարները հետ ստանալու համար քաղաքացին ինչ քայլեր պետք է կատարի: Ինչպես նաև դիմեցինք Պետական եկամուտների կոմիտե և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ հասկանալու, թե 2017-ից մինչև հիմա քանի քաղաքացի և որքան գումար է հետ ստացել:

 

Ինչպես և ում դիմել դրոմանիշային վճարի հավելյալ գումարները հետ ստանալու համար. քայլերի հաջորդականություն և վերջնաժամկետ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին դիմելու ուղեցույցի համաձայն՝ քաղաքացին նախ պետք է նախորդ տարվա բոլոր գործատուներից ստանա համապատասխան տեղեկանք այն մասին, որ իր ամենամսյա աշխատավարձից պահվել է դրոշմանիշային վճար, այնուհետև տեղեկանքն անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայության համարանիշի (իսկ եթե չունի, ապա այն չունենալու մասին տեղեկանքի), ինչպես նաև բանկային տվյալների (բանկի անվանումն ու հաշվեհամարը) պետք է ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ցանկացած ստորաբաժանում՝ իր կողմից նախորդ մեկ տարվա ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանք ձեռք բերելու նպատակով:

 

ՊԵԿ-ից աշխատանքային երկու օրվա ընթացքում ստանալով նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանք՝ քաղաքացին անձը հաստատող փաստաթղթի պատճենի և Հիմնադրամի գործադիր տնօրենին ուղղված դիմումի հետ միասին այն պետք է ներկայացնի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»:

Դա կարելի է անել նաև էլեկտրոնային եղանակով՝ այցելելով 1000plus.am կայք, կամ փոստային ծառայությամբ՝ դիմումը և փաստաթղթերն ուղարկելով ք. Երևան Վ. Սարգսյան 6, 0010 հասցեով կամ էլ անձամբ այցելելով ՀՀ կենտրոնական բանկ և մուտքագրելով վերը թվարկված դիմումները և փաստաթղթերը:

Յուրաքանչյուր տարի սահմանվածից (ամսական 1000 դրամ) ավելի վճարված գումարը հետ ստանալու դիմում քաղաքացին կարող է ներկայացնել հաջորդ տարի հունվարից սկսած մինչև փետրվարի 28-ը, իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում վերջնաժամկետ է սահմանված ապրիլի 30-ը։ Դիմումները և փաստաթղթերը պատշաճ ներկայացնելու պարագայում 15-օրյա ժամկետում քաղաքացու նշած բանկային հաշվին կփոխանցվի հավելյալ վճարված դրոշմանիշային վճարը:

 

Ընթացակարգը լի է արհեստական խոչընդոտներով

Դրոշմանիշային վճարի հավելյալ գանձման թեման պարբերաբար տարաձայնությունների ալիք է բարձրացնում։ Քաղաքացիների պնդմամբ՝ դրոշմանիշային վճարները հետ ստանալու գործընթացն այնքան էլ դյուրին չէ, ինչքան երևում է առաջին հայացքից. ընթացակարգը լի է արհեստական խոչընդոտներով։

Լրագրող Հարություն Ծատրյանը, որը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ 2019 թվականին վճարել է ավելի քան 50,000 դրամ՝ սահմանված 12,000 դրամի փոխարեն, նշեց, որ 3 տարի առաջ, երբ առաջին անգամ դիմել է հավելյալ գանձված դրոշմանիշային վճարի վերադարձի համար, գործընթացի կեսից հրաժարվել է շարունակել՝ բյուրոկրատական քաշքշուկներից խուսափելու պատճառով: «Իդեալական կլիներ, որ հարկային մարմիններն ավտոմատացված գործեին և հավելյալ գումարը միշտ հետ ուղարկեին: Իրենց մոտ երևում են բոլոր գործատուները, կարծում եմ՝ դիտավորյալ է այսպիսի մեխանիզմ ստեղծվել, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի խուսափեն քաշքշուկից ու «մոռանան» այդ գումարների մասին։ Ինչը, մեղմ ասած, սխալ է։ Լավ կլինի մեխանիզմը հեշտացված լինի քաղաքացու համար և նա սեփական ցանկությամբ ու նախաձեռնությամբ մոռանա այդ մասին՝ պատրաստակամություն հայտնվելով ավելին հարկվել ամբողջ տարվա ընթացքում»,- նշեց Հարություն Ծատրյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս ընդգծում է՝ հավելյալ դրոշմանիշային վճարի գանձման խնդրի կարգավորման համար պատասխանատուն ոչ թե քաղաքացին է, այլ պետությունը, որովհետև այն ունի հարկային հաշվառման միասնական ռեեստրը, որը հաշվում է բոլորի եկամուտները. «Այս բյուրոկրատական քաշքշուկը պայմանավորված է հենց հարկային վարչարարություն իրականացնող մարմինների ոչ արդյունավետ կառավարմամբ։ Այդտեղ պետք է քաշքշուկներ չլինեն ու գումարը պետք է հեշտությամբ վերադարձվի, որովհետև եթե ես ինչ-որ մի հարկային պարտավորություն չկատարեմ, միանգամից ինձ ասում են չէ՞, որ չես կատարել հարկային պարտավորությունդ, ուշացրել ես, բայց եթե պետությունն իր պարտավորությունը չի կատարում, այդ դեպքում ես ո՞նց անեմ, գնամ դատարա՞ն»։

Արթուր Սաքունցը նշեց, որ դեռ 2016 թվականին, երբ օրինագիծը գտնվում էր խմորման փուլում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարել է, որ այն հակասահմանադրական է: Այնուհետև 2017-ին դատարան են ներկայացրել բողոք՝ վիճարկելու օրենքի հակասահմանադրականությունը. «Մենք պնդում էինք, պնդում ենք և շարունակելու ենք պնդել, որ սա լրացուցիչ հարկ է։ Մենք դեռ հեղափոխությունից առաջ էինք բողոքարկել այս իրավական նորմը և շարունակեցինք նաև հեղափոխությունից հետո։ Ցավոք, Վճռաբեկ դատարանն ու այս գործող Սահմանադրական դատարանը չբավարարեցին մեր պահանջը՝ այն ճանաչելով հակաիրավական, չնայած այն բանին, որ մեր հիմնավորումները առավել քան կուռ էին ու տրամաբանական, բայց, այնուամենայնիվ, այլևս ՄԻԵԴ չդիմեցինք։ Այս խնդիրը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասաց Արթուր Սաքունցը։

Հավելյալ գանձված դրոշմանիշային վճարի վերադարձի գործընթացի բարդության մասին դեռ 2017-2018 թվականներին բարձրաձայնել են այսօրվա քաղաքական իշխանության ներկայացուցիչները: Օրինակ, 2017-ին այն ժամանակ տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է. «…օրինակ՝ դուք մեկից ավելի մի քանի անգամ պայմանագրեր եք կնքել, ամեն մեկի համար դուք 1000 դրամ ևս լրացուցիչ մուծում եք, և այս պահի դրությամբ՝ թե ոնց են լինելու դրա մեխանիզմներն, այնտեղ գրված չէ, գրված է, որ 12 ամիս վճարում ես, հետո կարող ես գնալ՝ մի մասը կգնա, մի մասը զահլա չի անի գնալ, գնաս և փորձես դա հետ ստանալ։ Բայց ոնց է լինելու հարկային այս հարաբերությունները՝ դեռ այս պահի դրությամբ պարզ չի»։ Նախկին տնտեսագետը, որն այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, այլևս խնդրի մասին չի բարձրաձայնում:

2018-ի տարեսկզբին էլ այն ժամանակ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկից ավելի գործատուների մոտ աշխատող քաղաքացիներից գանձվող 1000 դրամների վերադարձի գործընթացը մի մեծ բյուրոկրատական քաշքշուկ է. մարդիկ պիտի բոլոր աշխատավայրերից տեղեկանք տանեն ՊԵԿ, որից հետո ՊԵԿ-ը տեղեկանք տա, դա տանեն հիմնադրամ: Եվ այս ամենը մինչև փետրվարի վերջ: Վարչապետին առաջարկեցի պարզեցնել այս ընթացակարգը»։

Ա․ Միրզոյանը գրառմանը կցել էր նաև վարչապետին ուղարկված դիմում-առաջարկի պատճենը։ Սակայն որպես ԱԺ նախագահ, ավելի լայն լիազորություններ ունեցող քաղաքական գործիչ, Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջում այլևս այդպիսի գրառման չենք հանդիպել:

 

Քանի քաղաքացու դիմում է մերժվել, քանիսինը՝ բավարարվել

Պետական եկամուտների կոմիտեից գրավոր հարցմամբ խնդրեցինք տրամադրել տվյալներ, թե քանի քաղաքացի է դիմել դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանք ձեռք բերելու համար 2017-2019 թվականներին: ՊԵԿ-ից հայտնեցին, որ 2017 թվականի քաղաքացիների դիմումների քանակի մասին տեղեկատվություն առկա չէ իրենց բազայում:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հաշվետվության համաձայն 2017 թվականին հիմնադրամ ներկայացվել է 3187 դիմում, 37-ը մերժվել է: 3150 բավարարված դիմումներից 2527-ը 1-ից ավելի հիմքով դրոշմանիշային վճար կատարած անձինք են եղել: Ընդհանուր առմամբ 3150 դիմումի համար վերադարձվել է 46.9 մլն դրամ, որից 38.9 մլն դրամը՝ 1-ից ավելի հիմքով դրոշմանիշային վճար կատարած անձանց:

Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018 թվականին 3720 դիմում է ներկայացվել, իսկ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հաշվետվության համաձայն՝ 2018-ին ներկայացվել է 586-ով ավելի՝ 4306 դիմում (ընդհանուր հաշվով հիմնադրամ ներկայացվել է 6770 դիմում, որից 6697-ը բավարարվել է, իսկ 73-ը՝ մերժվել)։

Տվյալների անհամապատասխանությունը, ըստ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի, պայմանավորված է նրանով, որ հիմնական դիմումները ներկայացվում են հենց Հիմնադրամ, ՊԵԿ-ի հաղորդած տվյալները վերաբերում են միայն ՊԵԿ-ին ներկայացված դիմումներին: Ուժային կառույցների աշխատակիցները կարող են տեղեկանք ստանալ ոչ միայն ՊԵԿ-ից, այլև այն ուժային կառույցներից, որտեղ իրենք աշխատում են:

Այսինքն՝ 2018 թվականին ներկայացված դիմումների ընդհանուր թիվը 2017 թվականին ներկայացված դիմումների թվին քանակապես գերազանցում է 53%-ով, իսկ գումարային հարաբերակցությամբ՝ 50.2%-ով։ 2018 թվականին վերադարձվել է ընդհանուր առմամբ 94 մլն դրամ, որից 63.4 մլն հատկացվել է 1-ից ավելի հիմքով դրոշմանիշային վճար կատարողներին:

2019-ին ՊԵԿ-ը ստացել է 4584 դիմում: «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 01․04․2020 թվականի դրությամբ Հիմնադրամ ստացվել է 7981 դիմում, բայց սա դեռ վերջնական պատկերը չէ, քանի որ վերադարձի գործընթացը դեռ չի ավարտվել (անհատ ձեռներեցներն ու նոտարները կարող են դիմել հիմնադրամ մինչև ընթացիկ ամսվա վերջ՝ ապրիլի 30-ը ներառյալ)։

 

 

 

 

Որքան գումար է ՊԵԿ-ը փոխանցել ֆինանսների նախարարությանը կից գանձապետական հաշվեհամարին

Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 2017 թվականին ֆինանսների նախարարությանը փոխանցվել է մոտ 6.4 մլրդ դրամ, իսկ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ 5.2 մլրդ դրամ։ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ներկայացրած հաշվետություններում նշված է, որ 2017 թվականին հիմնադրամ մուտք է եղել ավելի քան 5,9 մլրդ դրամ։

ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ 2018-ին ֆինանսների նախարարություն է փոխանցվել 6.7 մլրդ դրամ, իսկ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ 5.9 մլրդ դրամ: «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ փոխանցված գումարի չափը 2017 թվականի համեմատ 2018-ին աճել է 12.8%-ով, իսկ 2019 թվականին՝ կրկին 2017 թվականի համեմատ՝ 27.1%-ով։

2019-ին ՊԵԿ-ը ֆինանսների նախարարություն է փոխանցել 8.04 մլրդ դրամ, իսկ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ 7.3 մլրդ դրամ:

Թվային պատկերով, կարծես թե,  ամեն ինչ պարզ է։ Տարիների ընթացքում դիմորդների թիվն աճում է, իսկ ընթացակարգը շարունակում է մնալ բարդացված։ Օրենքի ընդունումից և քաղաքացիների առաջ քաշած մտահոգությունից անցել է արդեն 3 տարի, սակայն խնդրի լուծումը դեռ մնում է օդում կախված։

Նախկինում ընդդիմադիրի աթոռին նստած գործող իշխանությունը, որը նույնպես մտահոգված էր ներկայանում խնդրով, հետհեղափոխական 2 տարիների ընթացքում հարցին ընդհանրապես չի անդրադարձել, կարծես թե այսօր սա նրանց համար այլևս խնդիր չէ:

 

Անի Սուքիասյան

Հոդվածը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված կարծիքները հեղինակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության տեսակետների հետ:



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend