Fact-checking platform

«Փաստերի ստուգման հարթակ»

Նոր նախագիծ

Հանրային լրագրության ակումբը մեկնարկել է «Փաստերի ստուգման հարթակի ձևավորում» ծրագրի իրականացումը:

 

«Մենք գտնվում ենք մի փուլում, երբ ականատես ենք ապատեղեկատվության դեպքերի աճի ու աղավաղված փաստերի հանրայնացման։ Շատ կարևոր է, որպեսզի  լրագրողները տիրապետեն այն գործիքներին, որոնցով հնարավոր է տարանջատել ապատեղեկատվությունը փաստերից»,- ասում է Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը։

Ծրագիրը, որը ֆինանսավորվում է գերմանական «Մարշալի» հիմնադրամի կողմից,  նպատակ ունի խթանել հայաստանյան մեդիա դաշտում փաստերի ստուգման մշակույթը, ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված տեղեկատվություն ստեղծելու ու տարածելու նպատակով, ինչպես նաև զարգացնել լրագրողների հմտությունները փաստերի ստուգման ոլորտում ապատեղեկատվության տարածման, հանրային թյուրընկալման ռիսկերը նվազեցնելու և կարևոր հարցերի վերաբերյալ հանրային իրազեկությունը բարելավելու նպատակով:  Նախագիծը իրականացվում է Միացյալ նահանգների գերմանական Մարշալ հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի ֆինանսավորմամբ:

 

Ծրագրի բաղադրիչներն են՝

 

  • կարողությունների զարգացում-դասընթաց լրագրողների ու քաղ հասարակության ներկայացուցիչների համար

  • փաստերի ստուգման առցանց ձեռնարկ լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար

  • փաստերի ստուգման համար պատմությունների ստեղծման հնարավորություններ

  • փաստերի ստուգման անկախ փորձագետների ցանց

 

Դասընթացը լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրավապաշտպանների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին հնարավորություն կտա քննարկելու փաստերի ստուգման գործիքների կիրառության հնարավորություններն ու մարտահրավերները Հայաստանում:

Դասընթացի արդյունքում մասնակիցները համատեղ ուժերով կմշակեն փաստերի ստուգման ոչ ֆորմալ հարթակի ձևավորման սկզբունքներն ու նախընտրելի ձևաչափերը։

Փաստերի ստուգման ոչ ֆորմալ հարթակի հիմքում դրվելու է աշխատանքային սկզբունքների կանոնները, որոնք կհամաձայնեցվեն և կստորագրվեն հարթակի բոլոր անդամների կողմից։

Հարթակի ձևավորումից հետո  հարթակի լրագրողների համար հնարավորություն կլինի դիմելու ֆինանսավորման՝ փաստերի ստուգման 10 ուսումնասիրություններ կատարելու համար։

«Լրատվամիջոցներն ավելի ու ավելի շատ են օգտագործում սոցիալական մեդիայից ականատեսներից ստացված տեղեկությունները։ Նորությունների ու փաստերի ստուգման հմտությունները օգնում են խմբագիրներին ու լրագրողներին տարբերել իրական բովանդակությունը կեղծից և իրենց լսարանին ավելի հարուստ բովանդակություն փոխանցել»,- կարծում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը։

Ծրագրի շրջանակներում սերտ համագործակցություն է նախատեսված Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ։

Հանրային լրագրության մասին

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին:

Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը:

ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:

Միացյալ նահանգների գերմանական Մարշալ հիմնադրամի մասին

Գերմանական «Մարշալի» հիմնադրամը (GMF) hիմնադրվել է 1972 թվականին, որպես ոչ կուսակցական, շահույթ չհետապնդող կազմակերպություն:

GMF-ի նպաստում է հետազոտությունների եւ վերլուծությունների անցկացմանը եւ աջակցում է առաջնորդներին, որոնք ուսումնասիրում են տրանսատլանտյան համագործակցության վերաբերվող հարցերը:

GMF-ն առաջարկում է առաջատարների առաջխաղացման հնարավորություններ,որոնք նպաստում են իրենց հմուտությունների զարգացմանը ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանման միջոցով աջակցում է Բալկաններում եւ Սեւծովյան տարածաշրջանում քաղաքացիական հասարակությանը, ժողովրդավարական նախաձեռնությունների, իրավունքի գերակայության:

Վաշինգտոնում գտնվող իր կենտրոնական գրասենյակից բացի, GMF-ն ունի ներկայացուչթյուններ Բեռլինում, Փարիզում, Բրյուսելում, Բելգրադում, Անկարայում, Բուխարեստում եւ Վարշավայում և այլ եվրոպական երկրներում:

Հարցերի և առաջարկների առկայության դեպքում կարող եք կապ հաստատել «Փաստերի ստուգման հարթակի ձևավորում» ծրագրի կառավարող Գայանե Միրզոյանի հետ՝ Էլ փոստով ([email protected])  կամ հեռախոսազանգով՝ +374 93 444 959։

Share via
Send this to a friend