Նորություններ

Հայաստանը ներկայացնող սթարթափ ընկերությունները մասնակցեցին «StartupIstanbul» հեղինակավոր ֆորումին՝ հասնելով եզրափակիչ փուլ

2016 թ. հոկտեմբերի 6-10-ը Հայաստանը ներկայացնող 10 սթարթափերի ներկայացուցիչներ բացառիկ հնարավորություն ունեցան մասնակցելու  «StartupIstanbul»տարածաշրջանային ֆորումին եւ մրցույթին՝ Հանրային լրագրության ակումբի(Հայաստան)  եւ ՏԵՊԱՎ (Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը) (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն»նախագծի միջոցով:

Հայաստանից երկու սթարթափեր՝ Skycryptor-ն ու Earlyone-ը, միջոցառման հեղինակավոր մենթորների կողմից ընդգրկվեցին լավագույն 50-ի ցանկում և հոկտեմբերի 8-ին բեմից իրենց գաղափարները ներկայացրեցին ներդրողներին:

Skycryptor նորաստեղծ ընկերության հիմնադիր Արամ Ջիվանյանը հաղթահարեց մրցույթի բոլոր փուլերը եւ հայտնվեց լավագույն 15 սթարթափերի շարքում` հոկտեմբերի 10-ին, եզրափակիչ փուլին  ավելի քան 4000  հյուրերին ներկայացնելով գաղափարն ու սթարթափը: Արամ Ջիվանյանը, ով կարևորում է միջոցառումը գործարար կապերի, խորհրդատվության և համագործակցության նոր ճանապարհների բացման առումով, ասաց. «Ես արդեն բիզնես կապեր եմ հաստատել այն անձանց հետ, որոնց հետ ցանկանում էի համագործակցություն ստեղծել»:

StartupIstanbul-ի կազմակերպիչ, թուրքական աքսելերատոր եւ ներդրումային Etohum կազմակերպության հիմնադիր Բուրակ Բույուկդեմիրը տպավորված է մրցույթին մասնակից հայկական սթարթափերով: «Հայաստանյան սթարթափերի մրցույթին մասնակցությունն ու եզրափակիչում հայտնվելը ոգևորիչ կարող է լինել նաև այլ սթարթափերի համար,- ընդգծում է Բուրակը: «StartupIstanbul»-ը կամուրջ է ձեռներեցների համար` հնարավորություն տալով նրանց հանդիպելու ինչպես ներդրողների, այնպես էլ մենթորների հետ և ծանոթանալու գլոբալ հնարավորություններին»:

Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը նշում է, որ հայաստանյան սթարթափերը համաշխարհային ու միջազգային մրցույթներում եւ էքսպոներում մասնակցելու սահամանափակ փորձ ունեն: Այդպիսի միջոցառումներին մասնակցությունը նախ եւ առաջ ֆինանսական ներդրումներ է պահանջում, ինչի հնարավորությունը մեր սթարթափերը հաճախ չունեն, բացի այդ, ֆինանսական հնարավորության առկայության դեպքում սթարթափերը դեռ պետք է ընտրության փուլ էլ անցնեն:

«StartupIstanbul»-ի հետ մեր բանակցությունների շնորհիվ մենք կարողացանք ապահովել Հայաստանից 10-ը սթարթափի լիարժեք մասնակցությունը, թե’ էքսպոյին, թե’ մենթորության դասընթացներին ու դասախոսություններին: Ավելին, երկու սթարթափեր Հայաստանից մասնակցեցին մրցույթին և մրցեցին տարբեր երկրների ընկերությունների հետ: Ինքնին մասնակցությունն այս միջազգային ֆորումին արդեն մեծ փորձ էր, իսկ մրցույթում ընգրկվելը՝ համաշխարհային ներդրումային միջավայրից օգտվելու իրական  հնարավորություն»:

ՏԵՊԱՎ-ի (Թուրքիա) նորարար ծրագրերի քաղաքականության վերլուծաբան Ջանսու Սարաչը տպավորված է գրանցված արդյունքից: «Մեր նպատակն էր, որ հայկական 10 ընտրված սթարթափերը կապեր հաստատեին միջազգային տարբեր ներդրողների հետ»:

«StartupIstanbul» -ը յուրահատուկ է իր ձեւաչափով. այն ներառում է դասախոսություններ, թեմատիկ քննարկում-բանավեճեր, ներկայացումներ եւ տեղեկատվական հանդիպումներ ճանաչված ներդրողների, ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների, լրագրողների ու ՏՀՏ եւ միջազգային  ներդրումային դաշտը ներկայացնող մասնագետների հետ, ստեղծելով նաեւ հնարավորություն՝ կապեր հաստատելու Եվրոպայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, եւ այլ երկրներից ժամանած ներդրողների ու ՏՀՏ ոլորտի առաջատարների հետ: Այս ամենին զուգահեռ ընթանում է նորաստեղծ ընկերությունների էքսպո-ցուցահանդես, որտեղ յուրաքանչյուր սթարթափ ունի իր տաղավարը:

Հայաստանի պատվիրակությունը «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին ներկայացել էր հետևյալ ընկերություններով

  1. Heltun – «խելացի» տան կառավարման համակարգեր
  2. Skycryptor – ամպային տվյալների անվտանգություն
  3. LiTech – լուսավորության նորարար տեխնոլոգիաներ
  4. HY Pictures – ինտերակտիվ գրաֆիկական պատմվածքներ
  5. Bookoholics –  բջջային հավելված գրքասերների եւ ծանոթության համար
  6. Earlyone – հերթերի առցանց համակարգերի կառավարում
  7. HurryApp – կազմակերպություններին նոր հաճախորդներ բերող մարքեթինգային ստեղծարար գործիք
  8. DressZone – կանանց համար իրենց զգեստների վարձույթի  միջոցով գումար խնայելու և վաստակելու առցանց համակարգ
  9. FortuneCup – բախտագուշակների հետ իրական կապ հաստատող բջջային հավելված
  10. ArmNomads – խաղերի ծրագրավորում

Սեդա Մուրադյանը կարևորում  է գործընկեր ՏԵՊԱՎ-ի հետ 2013-ից սկսած  Հայաստան-Թուրքիա «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի շարունակությունը: ՀԼԱ-ն և ՏԵՊԱՎ-ը նախորդ տարիներին համատեղ կազմակերպել են փոխայցելություններ եւ դասընթացներ  ՏՀՏ ոլորտի ձեռներեցների համար, որոնց շնորհիվ երկու երկրների ներկայացուցիչները ճանաչել ու բացահայտել են Հայաստանի ու Թուրքիայի այդ դաշտերի հնարավորությունները, տարբերություններն ու առավելությունները: «StartupIstanbul»-ին մեր մասնակցությունն ամրապնդեց մեր նախկինում կատարած աշխատանքը»,- հավելում է նա:

Հանրային լրագրության ակումբը «StartupIstanbul»-ին ընդառաջ մասնակիցների համար անցկացրել էր նախապատրաստական երկու վարպետության դասընթաց` «Կատարելագործելով գաղափարների ներկայացման հմտությունները» և «Բիզնես բանակցություններ և միջմշակութային հաղորդակցության հմտություններ» թեմաներով:

Այս տարի հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումին  135 երկրից դիմել էին 24.646 սթարթափեր, որոնցից միայն շուրջ  500-ը  մասնակցեցին միջոցառմանը: Այդ 500 սթարթափերի շարքում ընտրվել էին նաեւ Ձեռներեցների փոխայցելություն նախագծիմասնակից  հայաստանյան 10-ը ընկերությունները: Նախագիծը մասն է կազմում  «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, որին աջակցում է Եվրոպական միությունը:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend