Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան․ քննարկում

Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան․ քննարկում

2022 թվականից գործում է  «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը: Վերջինիս դիտարկման տիրույթում են դատաիրավական, ոստիկանության, հակակոռուպցիոն, բանտային ու պրոբացիոն բարեփոխումները, ինչպես նաև մարդու իրավունքների ռազմավարությունը:

Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների դիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան» թեմայով քննարկման ընթացքում մտահոգություններ են հնչել բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ:

Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» ենթադրամաշնորհի շրջանակում: Ենթադրամաշնորհ իրականացնող կառույցը «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն է:

Ջուրեմոնիայի  նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության  դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում: Ծրագրի շնորհիվ քաղաքացիակական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն են ստանում մեծացնել իրենց ազդեցությունն արդարադատության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների վրա և նպաստել համակարգային փոփոխությունների կայացմանը։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն, հաշտարար Արտակ Կիրակոսյանի խոսքով՝ դատաիրավական բարեփոխումների պատվիրատուները, որպես կանոն, միջազգային դոնոր կազմակերպություններն են: Եթե ինչ-ինչ պատճառով ֆինանսավորումը դադարում է, դադարում են նաև բարեփոխումների շուրջ աշխատանքները: Ստացվում է՝ ծախսվեցին միջոցները, կազմվեց ռազմավարություն, սակայն այն իրականացնելու համար միջոցներ չկան:

Որքանո՞վ է քաղհասարակության ձայնը լսելի, որքանո՞վ են ներառական բարեփոխումները: Ըստ Արտակ Կիրակոսյանի՝ քաղհասարակության ձայնը միշտ չէ, որ լսելի է.

«Մեր բոլոր առաջարկները մենք չենք ակնկալում, որ կընդունվեն, խնդիրը՝ մենք ունե՞նք արդյունավետ դաշտ, որտեղ կարող ենք խնդիրների մասին խոսել և լուծումներ գտնել, թե ոչ։ Իսկ ինչ վերաբերում է դատաիրավական բարեփոխումներին, խնդիրներից գլխավորը հետաձգված արդարադատությունն է, այսինքն՝ դատական գործերը շատ երկար են տևում։ Լուծումներ փորձում են տալ՝ հաշտարարության ինստիտուտն են փորձում ներմուծել։ Եվ ցանկացած բարեփոխում պետք է ուղղված լինի քաղաքացիների կյանքի բարեկեցությանը»։

Ըստ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, սոցիոլոգ Գայանե Հովակիմյանի՝ ոլորտային ռազմավարությունները շատ են, ընդգրկում են մի քանի տարի: Գործողությունների ծրագիրը բաշխվում է, դիցուք, չորս տարվա համար, սակայն իրականությունը, հատկապես՝ վերջին տարիներին, այնքան սրընթաց է փոխվում, որ երեկ ընդունված ծրագիրը վաղը կարող է արդեն հնացած, անարդյունավետ լինել: Ըստ նրա՝ անհրաժեշտ են ճկուն, նոր խնդիրներին արագ արձագանքող մեխանիզմներ:  «Փոքր քայլերն, այդ առումով,  ավելի իրատեսական են, քան երկարաժամյա ծրագրերը»,- կարծում է Հովակիմյանը: Խնդիր է նաև կադրերի պակասը, եղած կադրերի հոսունությունը:

Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակում:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Քննարկման տեսագրությունը հասանելի է ստորև։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend