
Փոդքասթ․ Կինը և պատերազմը
- May 17, 2022
- Category: Նորություններ
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ կանանց ներդրումն անգնահատելի է, նրանց ներգրավածությունը տարբեր աշխատանքներում ահռելի օգնություն էր՝ կար անելուց, ճաշարան բացելուց ու անվճար կերակրելուց մինչև ռադիոյի հեռարձակում, բժշկական օգնության տրամադրում և այլն: Կանանց՝ պատերազմում ներգրավածության մասին կա՛մ չեն խոսում, կա՛մ էլ խոսում են այնքան, որքան թույլ են տալիս տղամարդիկ: Բայց ինչպես մի անգամ ասաց լուսանկարիչ Արեգ Բալայանը՝ կանանց ներկայությունը ցավոտ էր, բայց սիրուն ու կարևոր:
Պատերազմում կանանց ներգրավածության մասին պատմող էպիզոդներում Կուշանե Չոբանյանը Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցությամբ ներկայացնում է մարդկանց, որոնք ռազմական որևէ գործողության չեն մասնակցել, սակայն օգնել են թիկունքում։
Շուշանիկը, որ «թարգմանեց» պատերազմական Արցախը
«Բարդակում» էինք՝ Ազատի փաբն ա, Ստեփանակերտի օրն էինք նշում, մինչև գիշերվա 4-ը նստեցինք ընկերներով, հետո էկա տուն: Քրոջս թաղում ասֆալտ էին փռել, ինքն էլ ֆեյսբուքում գրել էր՝ «դարակազմիկ իրադարձություն Ստեփանակերտում»: Էսօր մեր թաղում էլ էին փռել, վախեցա գրեմ. բա որ նորից պատերազմ սկսվեր…
21-ամյա շուշեցի Շուշանիկը (պապը 100 տարեկան տուն ուներ Շուշիում) 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ուղեկցել է արտասահմանցի լրագրողներին Արցախի տարածքով որպես թարգմանիչ: Պատերազմից առաջ ուզում էր գինեգործ դառնալ, իսկ հիմա՝ պատերազմ լուսաբանող լրագրող:
Առաջին տասը օրն անց է կացրել ամերիկացի լրագրող Բրենդոն Հոֆմանի հետ, որին հիմնականում հետաքրքում էին նկուղում ապաստանած մարդիկ:
Երբ Արցախ ժամանեցին ֆրանսաիական «Լե Մոնդ» թերթի լրագրողներ Լոուրան Վան Դերստոկն ու Ռեմի Օրդանը, որոնք 30 տարի է աշխարհի տարբեր թեժ գոտիներում վավերագրում են պատերազմը, Շուշանիկը հնարավորություն ստացավ տեսնել, թե ինչպես են աշխատում այսպես ասած՝ զինվորներ դարձած լրագրողները: Ստեփանակերտի հյուրանողներից մեկում օթևանող լրագրողները Շուշանիկի պատմելով՝ շատ թիթիզ էին, իսկական ֆրանսիացի ու չափազանց կոփված՝ որևէ բանից վախենալու համար:
Ընկերները կատակում էին, թե խենթ է. անգամ պատերազմի ժամանակ մազերն անուշ են բուրում: Իսկ ինքը մի տեսակ անզգայացրել էր վախերն ու իր կյանքն էր ապրում՝ օր օրի դատարկվող Ստեփանակերտում:
Պատերազմից հետո Արցախի մայրաքաղաքը մի տեսակ մեծ «բարդակի» է վերածվել, ծերացել է, մթնել, ջահելները լքում են քաղաքը:
Մի օր մեկը փողոցում նրան տեսավ ու ասաց.
-Գնա հա՞, էս ջահելի տեղ չի:
-Գնացողը չեմ,- պատասխանեց:
Բրենդոն Հոֆմանի՝ 44-օրյա պատերազմին նվիրված լուսանկարների շարքը այս հղմամբ։
Էպիզոդը կարող եք լսել այստեղ։
Անին, որ գետնի տակն անցած ռադիոն հասցրեց առաջնագիծ
2020 թվականի սեպտեմբերի 26-ին 25-ամյա Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը եկել էր Երևան մասնակցելու ծննդյան խնջույքի: Հաջորդ օրը պատրաստվում էր վերադառնալ Արցախ, երբ առավոտ կանուխ զանգ ստացավ՝ պատերազմ է:
Պատերազմին մասնակցում են տղամարդիկ, պատմում են տղամարդիկ, գրում են, նկարահանում ֆիլմեր, ու հաճախ նրանք են որոշում կնոջ մասնակցությունը և գնահատում կանանց՝ պատերազմում լինելության չափը: Անին ասում է, որ այնքան յուրահատուկ, խիզախ կանանց հետ է շփվել, որ հերքում է այն, որ կնոջ տեղը պատերազմը չէ: Հաճախ կանայք ստիպված են հենց պատերազմում տարրական կենղացային խնդիրներ ավելի դժվարությամբ հաղթահարել, բայց ամեն մարդ ինքն է որոշում պատերազմում իր լինելը և չլինելը:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Անին չլքեց Արցախը ու Ստեփանակերտի բոմբաբեշն առանց նրա անհնար էր պատկերացնել: Ամեն չորեքշաբթի ու ուրբաթ նա դեմքին դիմակ էր դնում, սառը ջրով լվանում երկար մազերն ու ֆեյսբուքում գրառումներ անում՝ ինչ կերան, ինչ արեցին, ով հյուր եկավ ապաստարան և այլն:
Այս էպիզոդում Անի Մինասյանն է՝ գետնի տակից ռադիոն առաջնագիծ հասցրած աղջիկը:
Լուսանկարի հեղինակ իտալացի ֆոտոլրագրող Էուջենիո Գրոսո:
Քնապարկ կարող ու շինշիլա պահող ճարտարապետ Մանուշակը
Ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը 1989 թվականին ինքնաթիռով հասավ Ստեփանակերտ այնտեղ աշխատելու: Հավանաբար 30 տարի չէր մնա Արցախում, եթե չսիրահարվեր, չամուսնանար ու երեխաներ չունենար: Մանուշակը երեք պատերազմ է տեսել, բայց ո՛չ առաջինը, ո՛չ «Ապրիլյանը» հնարավոր չէ համեմատել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ:
Այս կռվի ժամանակ Մանուշակի չորս տղաներից երեքն ամենաթեժ կետերում էին, մեծ տղան՝ լուսանկարիչ Արեգ Բալայանը, լուսանկարում էր պատերազմական Արցախն ու մարդկանց: Արեգը հիշում է մորը՝ եղբոր շինշիլաների ֆերմային տիրություն անելիս, ապաստարանում քնապարկեր կարելիս, եկեղեցում աղոթելիս: Իր հանգստությունն էր մոր ներկայությունը Արցախում:
Սիրիահայ Իզաբել Դանգուրյանը, որ պատերազմի ընթացքում Արցախի մայրաքաղաքում ճաշարան ուներ և անվճար ուտելիք էր պատրաստում մարդկանց համար, հիշում է, որ մի անգամ, երբ տեսավ Մանուշակին, Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանին ակնարկեց, թե՝ Անի, տեսնու՞մ ես, մարդիկ անհոգ, հանգիստ ապրում են: Ապշեց, երբ Անին ասաց, որ տղաները սահմանին են, իսկ նրանցից մեկից 20 օրից ավել լուր չունի:
Մանուշակ Տիտանյանը պատմում է իր կռվի մասին ու այս զրույցը երկա՜ր մտածելու տեղիք է տալիս:
Էպիզոդը կարող եք լսել՝ անցնելով այս հղմամբ։
Ապահովությունը, որն ունեմ մի կտոր Արցախում, ուրիշ ոչ մի տեղ չկա. Իզաբել
Սիրիահայ Իզաբել Դանգուրյանը, որն ավարտել է Օքսֆորդի համալսարանը, ապրել Սիրիայում ու տեսել տեղի քաղաքացիական պատերազմը, ամուսնու՝ Հովիկի հետ, տարիներ առաջ տեղափոխվեց Արցախ: Ստեփանակերտը, որտեղ գեթ մեկ ծանոթ անգամ չունեին, շատ փոքր թվաց, բարբառը՝ խորթ ու անհասկանալի:
Պատերազմի ժամանակ Իզաբելի հայտնի «Սամրա» արագ սննդի կետը կերակուր էր պատրաստում թե՛ ճաշարան ներս մտնողների համար, թե՛ նկուղներում ապաստանած մարդկանց: Կանաչիներով հարուստ Արցախի մայրաքաղաքում մի նոր համեմունքների փունջ էր հայտնվել, որն այնքան ուժեղ էր, որ հրետակոծության հոտն էր անգամ քողարկում:
60 լիտր տարողությամբ կաթսայի մեջ սկզբում ջանասիրաբար խառնում էր մթերքները, իսկ հետո արդեն ձեռքի տակ ինչ լինում էր, դրանով էլ ուտելիք էր պատրաստում: Երբեմն գալիս էին ու ասում՝ այ այսինչ օրը, որ պատրաստել էիք կերակուր, դրանից ենք ուզում: Իզաբելն էլ մտածում էր՝ այ մարդ, հիմա ինչպե՞ս հիշեմ, թե ինչն ինչի հետ եմ խառնել:
Նա ասում է, որ աշխարհի շատ երկրներում է եղել, ապրել անվտանգ, պատերազմներից հեռու քաղաքներում, բայց այն պաշտպանվածությունը, որն ունի Արցախում, չկա ոչ մի տեղ:
Էպիզոդը կարող եք լսել այստեղ։
Այն նախագիծն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի` «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրի «խաղաղաշինության արդյունքների պահպանում, մեդիա տարածում և նյութերի վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում, որն իրականացվում է Միջազգային Ալերտի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։