Նորություններ

Մահացության դեպքերը քրեակատարողական հիմնարկներում

Մահացության դեպքերը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկում․ Խնդիրներ և առաջարկներ Սեպտեմբերի 10, Գյումրի
Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ֆինանսավորմամբ իրականացվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում, Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել էր քննարկում՝ «Մահացության դեպքերը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով։
Ըստ ԵԽ անդամ պետությունների բանտային բնակչության մասին ուսումնասիրությունների, հայաստանյան բանտերի մահացությունը մոտ երկու անգամ բարձր է Եվրոպայում գրանցված միջինից, թեև կա կրկնակի նվազման միտում՝ 2012թ-ի /32 դեպք/ համեմատ։ Բանտերում, վերջին վեց տարվա համեմատ, մահացության աճ գրանցվել է 2019թ-ին։ Մինչև սեպտեմբեր ամիսը գրանցվել է 18 դեպք, որից 4-ը որակվել է ինքնասպանություն։ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի տվյալներով, քրեական գործ հարուցվում է տարեկան մեկ կամ երկու դեպքով և պատճաշ տեղեկություններ չեն տրվում այդ գործերի ընթացքի վերաբերյալ։ Ավելին, դեպքերի ու հարուցված քրեական գործերի վերաբերյալ դատախազության վիճակագրությունը տարբերվում է Արդարադատության նախարարության վիճակագրությունից։ Չեն հանրայնացվում պատճառները, որոնք հանգեցրել են անձի մահվանը։ Օրինակ, 2019 թ-ի տարեսկզբին տասնյոթ օր հացադուլի մեջ գտնված, այնուհետև հացադուլից դուրս եկած կալանավորված անձի մահից հետո, դիտորդների խումբը պարզել է, որ մահն արձանագրվել է գիշերային ժամերին և հերթապահ բժիշկ ՔԿՀ-ում չի եղել։ Ավելին, հացադուլի մեջ երկար ժամանակ գտնված անձը չի տեղափոխվել դատապարտյալների կամ քաղաքացիական հիվանդանոց։ Խումբն արձանագրում է, որ դրսևորվել է անուշադրություն և անգործություն։ Մյուս կողմից, ՔԿՀ-երում չեն համալրվում բժշկական թափուր հաստիքները։ Օրինակ, Արմավիր ՔԿՀ-ն ունի ութ հարյուր հոգի լրակազմ և ընդամենը երկու բժիշկ, որից մեկը՝ ատամնաբույժ։ Դատապարտյալները բժշկի մոտ խորհրդատվության համար սպասում են ավելի քան մեկ ամիս։ Բժիշկները խուսափում են խոնավ, անմարդկային պայմաններում, ոչ բավարար բժշկական սարքավորումներով աշխատելուց։ Առկա է ընդամենը երկու ռենտգեն սարքավորում, որոնք վերջին երեք տարին խափանված են, չեն նորոգվում ֆինանսական վարչարարական քաշքշուկների պատճառով։ Բանտերում մահացությունը բարձր է հատկապես առաջնային կանխարգելման ծրագրերի բացակայության պատճառով։
Առողջապահության նախարարությունը երեք տարի առաջ մեկ սկրինինգային ծրագիր է իրականացրել հիպերտոնիայով և շաքարախտով տառապող հիվանդների բացահայտման համար։ Բանտերում մահացության հիմնական պատճառները սրտանոթային հիվանդություններն են, այնուհետև՝ նորագոյացությունները և հեպատիտները։ Գլխուղեղի արյան շրջանառության հետ կապված մահվան դեպքերը կապվում են ՔԿՀ-երում օդափոխության համակարգերի բացակայության հետ։ Արմավիր ՔԿՀ-ի նոր մասնաշենքերում անլուծելի խնդիր է դարձել դեռևս շինարարության ընթացքում ֆինանսների սղության պատճառով նախագծից հանված օդափոխության համակարգերի կառուցումը։ ՔԿՀ-երից մեկում հայտնաբերվել են ժամկետանց դեղեր, կատարվել է ծառայողական քննություն։ Էլեկտրոնային գնման եղանակով ձեռք է բերվու միայն այդ ցուցակում առկա դեղորայքը, մինչդեռ երբեմն նշանակվում են դեղեր, որոնք Հայաստանում գրանցված չեն ու հնարավոր չէ ձեռք բերել։
Առաջարկներ։ Քննարկման ընթացքում հնչեցին հետևյալ առաջարկները՝
-Ապահովել ՔԿՀ-երը շուրջօրյա բժշկական հերթապահությամբ։ Կազմակերպել բժիշկների գիշերային հերթափոխը։
-Բարձրացնել ՔԿՀ-երում աշխատող բժիշկների աշխատավարձը և նրանց համար ստեղծել սոցիալական երաշխիքներ։ Բժշկական կադրերի համալրվածության խնդիրը կարող է լուծվել՝ ներգրավելով նորավարտ բժիշկների ներուժը, որի դիմաց պետությունը կարող է փոխհատուցել նրանց օրդինատուրա անցնելու ծախսերը։
-Հրատապ լուծել ՔԿՀ-երը բժշկական սարքավորումներով համալրելու խնդիրը։
-Ներդնել սկրինինգային ծրագրեր։
-Ապահովել առողջապահական համակարգի ծառայությունների կանխարգելիչ բնույթը։
-Հատկացնել օժանդակ ֆինանսական միջոցներ՝ դեղերի էլեկտրոնային գնման ցանկից դուրս, անհրաժեշտ այլ դեղորայք ձեռքբերելու համար։
Ակնհայտ բարելավումներ- 2018թ-ի ապրիլից հետո, պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության ծավալը կտրուկ աճել է, Առողջապահության նախարարությունը դիմումներին պատասխանում է յոթից տասը օրում, նախկին երեք ամսվա փոխարեն։ Վերջերս վերամշակվել է կառավարության՝ ՔԿՀ-ում բժշկական ծառայությունների մատուցման 825 N որոշումը, որը նպատակ ունի ՔԿՀ-երի բժշկական ծառայությունները մոտեցնել հանրային առողջապահության համակարգին, ապահովել բժշկական անձնակազմի անկախությունը /դատապարտյալին բժշկական հաստատություն կուղեգրի բժիշկը, նախկինում դա արվում էր ՔԿԾ պետի թույլտվությամբ/։ Վերանայվել է նաև պատժին խոչընդոտող հիվանդությունների ցանկը՝ այն համապատասխանեցնելով հիվանդությունների միջազգային դասակարգմանը/ICD/։ Մի քանի հիվանդության առկայության պարագայում դատապարտյալը կարող է ազատվել պատժի հետագա կրումից։ /Այս հարցով, 2018թ-ին միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի դատարան ներկայացրած 18 գործից 14-ով կայացվել է դրական որոշում, իսկ 2019թ-ին ներկայացված 14 գործով պատժի հետագա կրումից ազատվել է 8 դատապարտյալ/։ Առաջին անգամ այդ ցանկը կկիրառվի նաև անձանց կալանավորման դեպքում։ Մինչև 2023թ-ը, ՔԿՀ-երի օպտիմալացման ծրագրով Երևանում կկառուցվի մեկ ՔԿՀ՝ դատապարտյալների հիվանդանոցով և ՔԿՀ նոր մասնաշենք՝ Սևանում, ուր կտեղակայվեն Հրազդանի և Սևանի ՔԿՀ-երը։ Բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգից բխող միջոցառումներով ստեղծվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Համակարգին հատկացվող դեղորայքի գումարը չորս անգամ ավելացել է՝ հասնելով 150 մլն դրամի։
Հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշից հետո համեմատաբար բարձր է ազատազրկման վայրերում ինքնասպանությունների թիվը։ Դիտորդական խումբը հերթական անգամ արձանագրում է, որ ինքնասպանությունների դեպքերը խորությամբ չեն վերլուծվում։ Հայտնի չեն պատասխանատու անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքեր։ Պատշաճ ուշադրության չեն արժանանում նաև ինքնավնասման դեպքերը, որոնց, ի վերջո, հաջորդում են ինքնասպանությունները։ 2018 թ-ին ՔԿՀ-երում արձանագրվել է 612 ինքնավնասման դեպք, որից 245-ը կատարել է չորս դատապարտյալ, 126-ը՝ մեկ դատապարտյալ։
Հոգեբանական պատշաճ օգնության բացակայությունը իր բացասական ազդեցությունն ունի։ Հոգեբանների գնահատմամբ, ինքնասպանությունները հնարավոր է կանխատեսել, որովհետև, իբրև կանոն, դրանց նախորդում են դեպրեսիան, անձնային կամ փսիխոտիկ խանգարումները։ ՔԿՀ-ում աշխատող հոգեբանները կարող են ճշգրիտ որոշել՝ դատապարտյալը հակված է՞ինքնասպանության, թե՞ ոչ և ուղղորդել նրանց հոգեբույժի մոտ։ Սակայն ՔԿԾ ամբողջ համակարգում ընդամենը 16 հոգեբան է աշխատում, որից 2-ը ունեն հմտություն աշխատելու սուիցիդի հակված անձանց հետ։ Հոգեբուժական ծառայություներ ընդհանրապես չկան։ Հոգեբանների գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառով դատապարտյալը նույնիսկ ամսական մեկ անգամ չի կարողանում այցելել հոգեբանին։ Չկան հոգեթերապևտների մասնագիտական որակի կատարելագործման ծրագրեր։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, հիմք ունենալով Նելսոն Մանդելայի կանոնները, առաջիկայում նախատեսում է յուրաքանչյուր ՔԿՀ-ում ստեղծել մեկ հոգեբույժի և մեկ ատամնաբույժի հաստիք։
Ազատազրկվածներին ինքնասպանության կարող են հասցնել բանտային պայմանները, ներխցային կյանքը, խցակիցների հետ կոնֆլիկտները։ Ինքնասպանության դիմած անձանց հանդեպ առկա է նվաստացնող վերաբերմունք։ Կալանավայրերում կան «քրեական ենթամշակույթի չգրված օրենքներ», որոնք հաճախ ճակատագրական են դառնում, հատկապես սեռական բնույթի հանցագործություններ կատարած անձանց համար։ Այս դեպքերը պատճաշ չեն վերլուծվում։ Կադրերի ոչ բավարար համալրվածության փաստը ևս նպաստավոր հող է ստեղծում, որպեսզի քրեական ենթամշակույթը ամրապնդվի և համակարգը ներսից հիվանդացնի․մեծ դժվարություններ կան բանտը կառավարելու հարցում։ Յուրաքանչյուր մասնաշենք մեկ կամ երկու հսկիչի վերահսկողության տակ է, ինչը չի կարող լիարժեք լինել։
Ազատազրկված անձանց հոգեկան ճնշվածությանը նպաստում են կրթական և զբաղվածության ծրագրերի բացակայությունը։ Աշխատանքային թերապիան հայաստանյան ՔԿՀ-երում դեռևս երազանք է մնում։ Բավական է արձանագրել, որ ազատազրկված անձանց ընդամենը տասը տոկոսի զբաղվածությունն է ապահովված։ Պրոբացիոն ծառայությունը Հայաստանի գործատուների միության հետ, տարբեր հկ-երի հետ զբաղվածությանն առնչվող հուշագրեր է կնքել, բայց գործընթացը գոհացուցիչ արդունքներ չի արձանագրել։ Գործողությունները չեն բխում վերականգնողական արդարադատությանն իրապես անցնելու մոտեցումներից։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեռևս այլընտրանքային պատժամիջոցները և խափանման միջոցները շատ քիչ են կիրառվում։
Փորձագետների գնահատմամբ, մահացության/այդ թվում ինքնասպանությունների/ բարձր ցուցանիշների արմատական պատճառը ՔԿՀ-երում վերականգնողական ծառայությունների թերի լինելն է։ Համակարգը դեռևս հնարավորություն չի ստեղծում դատապարտված անձանց լիարժեք վերականգնողական ծառայություններ մատուցելու և նրանց հասարակություն վերադարձնելու համար։ Օգնության կազմակերպման մակարդակը հաճախ պայմանավորված է դատապարտյալների նկատմամբ ՔԿՀ աշխատակիցների անձնական վերաբերմունքով և դիրքորոշումներով։ Այս հարցերի լուծումը պետք է ստանձնի պետությունը՝ պոզիտիվ պարտականությունների շրջանակում։
Առաջարկներ։ Քննարկման ընթացքում հնչեցին հետևյալ առաջարկները՝
-Պատրաստել բավարար թվով և նեղ մասնագիտացում ունեցող հոգեթերապևտների։ Ստեղծել հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտ ընթացակարգ։ Իրականացնել ռիսկայնության բարձր աստիճան, հոգեկան առողջության խնդիր կամ ինքնավնասման հակում ունեցող ազատազրկված անձանց հետ նպատակաուղղված հոգեբանական ծրագրեր։
-Ներդնել առավել գործուն մեխանիզմներ՝ ազատազրկվածների զբաղվածության, կրթության ապահովման համար, այլընտրանքային պատժամիջոցների և խափանման միջոցների կիրառման համար։
-Մատուցել լիարժեք վերականգնողական ծառայություններ։ Իրապես որդեգրել վերականգնողական արդարադատության մոտեցումները։


Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend