Նորություններ

Տեղի ունեցավ «Փաստերի ստուգման» ուղեցույցի շնորհանդեսը

Մեդիա կենտրոնում «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Փաստերի ստուգման» ուղեցույցի շնորհանդեսը:

Անցկացվեց նաև «Փաստերի ստուգման զարգացման հեռանկարները հայկական մեդիայում և տվյալների հասանելիության խնդիրը» թեմայով քննարկում, որին մասնակցում էին Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ, Փաստերի ստուգման» ուղեցույցի հեղինակ Սամվել Մարտիրոսյանը, Washington Post-ի տարածաշրջանային փորձնակ, «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի փորձագետ Հարություն Ծատրյանը, «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի ղեկավար Գայանե Միրզոյանը:

Սեդա Մուրադյանը կարևորեց խմբագրություններում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը։ Ըստ նրա՝ ծրագրի իրականացման 6 ամսվա ընթացքում Հանրային լրագրության ակումբը փորձել է այս ուղեցույցի, դասընթացների ու դրամաշնորհների միջոցով աջակցել լրագրողներին փաստերի ստուգման հմտությունները զարգացնելու համար։ «Շատ հաճախ մեզ հրամցնում են չճշգրտված տեղեկատվություն, դրանից հետո սկսվում է հերքումների տարափը: Ծրագրի իրականցման բոլոր փուլերում ավելի էինք համոզվում, որ փաստերի ստուգման մշակույթի ամրապնդումը մեր մեդիադաշտում ավելի քան արդիական է», – նշեց ՀԼԱ ղեկավարը: Սեդա Մուրադյանը նաև հույս հայտնեց, որ ուղեցույցը գործիք կդառնա լրագրողների ձեռքին։

Ուղեցույցի հեղինակ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրեց փաստերի ստուգման ժամանակ օգտակար առցանց անվճար գործիքները։ Մասնավորապես, այդ  գործիքակազմը վերաբերում է խորացված որոնմանը, լուսանկարների և տեսագրությունների վերաբերյալ տեղեկատվությանը, սոցցանցերում տեղադրված տեղեկության աղբյուրների ճշգրտմանը, տեղանքի ուսումնասիրմանը և այլ ոլորտներին։ «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի շրջանակում Հանրային լրագրության ակումբը մշակել է փաստերի ստուգման էթիկայի սկզբունքներ։

Ծրագրի փորձագետ Հարություն Ծատրյանն ընդգծեց, որ փաստերի ստուգման գործիքակազմն անընդհատ փոփոխվում է։ «Տվյալների տարբեր բազաներ են ի հայտ գալիս։ Այս դեպքում չունենալ էթիկական սկբուքներ սխալ է»,- նշեց ծրագրի փորձագետը։ Ըստ նրա՝ սկզբունքները մասամբ պատրաստ են, նաև բաց են տարբեր   մեդիա կազմակերպությունների առաջարկների համար:
Սկզբունքների օրինակելի ձևը կտրամադրվի բոլոր լրատվամիջոցներին, որոնք կարող են այն հարմարեցնել ու համադրել իրենց խմբագրություններում գործող էթիկայի կանոնների հետ։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև տվյալների հասանելիության հետ կախված խնդիրներին։ Սամվել Մարտիրոսյանը խնդրահարույց համարեց այն, որ չկա հստակ օրենք, որը պահանջում է՝ պետական գերատեսչությունների տվյալները թարմ լինեն, հրապարակվեն նույն ձևաչափով:

«Կայքեր կան, որ չի երևում, թե երբ են վերջին անգամ թարմացվել, չի երևում տվյալների հրապարակման օրը։ Բացի այդ՝ տյալները շատ են, բայց անմշակ, անհասկանալի ձևով իրար վրա լցված: Կառավարությունը խախտում է ինքն իր որոշումը․ մամուլի հաղորդագրոթյուն են ուղարկում, կեսը յունիկոդով է, կեսը՝ խզբզանք», – նշեց Սամվել Մարտիրոսյանը։

Քննարկման մասնակից գրաֆիկական դիզայներ Սեդրակ Մկրտչյանի կարծիքով՝ պետական գերատեսչությունները տվյալները պետք է հրապարակեն միևնույն ձևաչափով։ «Պետք է լինի տվյալների բազա ու ժամանակ առ ժամանակ թարմացվի։ Լրագրողն այդտեղից պետք է կարողանա վերցնել այն, ինչ իրեն հետաքրքիր է։ Մինչդեռ այսօր հրապարակվում են փաստաթղթեր, մեկը՝ word ֆորմատով ֆայլում,  մյուսը՝ Excel-ի, երրորդը՝ սկան արված տարբերակով։ Լրագրողը պետք է ստիպված հասկանա՝ այդ ամենի հետ ինչպես աշխատել»,- նշեց Սեդրակ Մկրտչյանը։ Ըստ նրա՝ միջազգային փորձի համաձայն՝ պետական գերատեսչությւոնները միևնույն ձևաչափով են հրապարակում տվյալները, ընդ որում՝ անվճար ձևաչափերով, որպեսզի լրագրողը ստիպված չլինի վճարել լիցենզիա ձեռք բերելու համար։
Պետական գերատեսչություններից քննարկմանը միայն ներկա էր ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։ Նա անդրադարձավ պետական մարմինների՝ լրագրողների գրավոր հարցումներին ուշ պատասխանելու խնդրին։

«Լրագրողների հետ խնդիր չենք ունենում, որպես կանոն 5-օրյա ժամկետում պատասխանում ենք գրավոր հարցումներին և միայն մշակված տվյալներ տրամադրելու համար ենք հավելյալ ժամկետ պահանջում»,-նշեց Նելլի Դավթյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում արձագանքների հիման վրա նոր կայք են ստեղծելու, որտեղ կներկայացվեն վերլուծած տվյալներ։
Քննարկման մասնակիցները ընդգծեցին, որ շատ տվյալներ գոյություն ունեն, սակայն հանրությունը տեղեկացված չէ։ Մինչդեռ պետության պարտավորությունն է ոչ միայն հրապարակել, այլև հանրայնացնել տվյալները։

Ձեռնարկը, որը հասանելի է նաև առցանց, օգտակար կլինի ինչպես սկսնակ լրագրողների և ուսանողների համար, այնպես էլ գործող մասնագետների և առհասարակ առցանց տեղեկությունների յուրաքանչյուր սպառողի համար։ Ձեռնարկի տպագիր տարբերակը անվճար հասանելի է բոլոր լրագրողներին, մեդիա փորձագետներին, ուսանողներին ու համալսարանների ներկայացուցիչներին։ Այն կարելի է ստանալ Հանրային Լրագրության Ակումբի գրասենյակից (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ)։

«Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» նախագիծն իրականացվում է Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (Black See Trust)  ֆինանսավորմամբ։
Ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստերի ստուգման հմտությունները՝  նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend