Հայտարարություններ

«Արագ աջակցություն պատերազմը և դրա հետևանքները լուսաբանած մեդիա աշխատողներին»

Պատերազմի լուսաբանումն իր հետքն է թողնում և հարկավոր է հիշել, որ մեդիա ոլորտի ներկայացուցիչները ևս ունեն վերքեր, պարզապես դրանցից ոչ բոլորն են տեսանելի։

Պատերազմական գոտում աշխատող լրագրողից և օպերատորից սկսած մինչև  խմբագրությունում նյութի խմբագրման, մոնտաժման ու հրապարակման համար պատասխանատու անձինք, իրենց գործունեության ընթացքում պարբերաբար առնչվում են մարդկայից ցավին ու տառապանքին։

Մեդիա ոլորտի աշխատողների հոգեբանական իրավիճակը հաճախ չի արժանանում պատշաճ ուշադրության, իսկ ընթացիկ լարվածությունն ընկալվում է որպես մասնագիտության անբաժան մաս։ Մինչդեռ մեդիա աշխատողները ևս  ունեն իրենց հոգեբանական խնդիրների վերլուծման, դրանց հաղթահարման կարիք։

Այս հանգամանքի անտեսումը կարող է հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ՝ բացասաբար ազդելով նրանց մասնագիտական գործունեության վրա։

Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն, մեծ կարևորություն տալով վերոնշյալ խնդրին, նախաձեռնել է տեղեկատվական-հոգեկրթական հանդիպումների շարք, որոնք նախատեսված են ինչպես պատերազմական գոտում իրադարձությունները լուսաբանած մեդիա ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ լրատվամիջոցների խմբագրական և համակարգող անձնակազմի, միջազգային լրագրողներին ուղեկցող լրագրողների կամ մեդիա ոլորտի աշխատակիցների համար։

Հանդիպումների ընթացքում մասնակիցները երկար տարիների աշխատանքային փորձ և հմտություններ ունեցող, պրոֆեսիանալ հոգեբանների և հոգեթերապևտների հետ հնարավորություն կունենան քննարկել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ հուզական և մասնագիտական այրումը, լրատվական թիմերում տրավմայի և սթրեսի հետ վարվելու եղանակները, կկարողանան ծանոթանալ վշտի ազդեցությանը լրատվական աշխատանքի վրա, հուզական կայունությանն ու ինքնախնամքին։ Մասնագետները կխոսեն նաև զոհերի, անհետ կորածների հարազատների, տրավմա ապրած այլ անձանց հետ հարցազրույցի վարման հոգեբանական առանձնահատկությունների և նրբությունների մասին։

Մասնակիցների համար ստեղծվելու է տարածք, որպեսզի նրանք կարողանանք ավելի լավ ճանաչել իրենց կարիքներն այն կողմերից, որոնց նրանք սովորաբար չեն էլ առնչվում։

Հանդիպումներն անցկացվելու են շաբաթը մեկ անգամ, վեց շաբաթվա ընթացքում։

Յուրաքանչյուր հանդիպում ունենալու է իր թեմատիկ ուղղվածությունը։

Հոգեբանական գրագիտության բարձրացումը մեդիա աշխատողներին թույլ կտա կանխել տրավմատիկ իրադարձությունների լուսաբանման բացասական հետևանքները թե՛ անձնական, և թե՛ մասնագիտական մակարդակներում։

Հանդիպումները տեղի են ունենալու յուրաքանչյուր շաբաթ օր՝ ժամը 14։00-ին, Հանրային լրագրության ակումբում։ Հասցեն՝ ք․Երևան, Սարյան 12, 3-րդ հարկ։

Տեղեկատվական-հոգեկրթական հանդիպումների շարքի հերթական դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել:

Հանդիպումների բոլոր մասնակիցները ցանկության դեպքում նաև հնարավորություն կունենան օգտվել հոգեբանների անհատական ծառայություններից, որոնց համար վճարելու է Հանրային լրագրության ակումբը։ 

«Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն»

2020թ-ի դեկտեմբերի 1-ին Հանրային լրագրության ակումբը հայտարարեց, որ մեկնարկում է «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է լրագրողների և մեդիա աշխատողների արագ և ճկուն աջակցության հնարավորության ստեղծում, նրանց բժշկական և հոգեբանական օգնության տրամադրում, միջազգային մարդասիրական օրենսդրության, առաջին օգնության, թվային և անձնական տվյալների անվտանգության ուղղությամբ մասնագիտական կարողությունների զարգացում և լրագրողների ու հանրության շրջանում հոգեբանական պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության  բարձրացում։

Ծրագիրը կնպաստի մասնակից լրագրողների՝ արտակարգ իրավիճակներում  պատրաստվածության բարձրացմանը, կաջակցի լրատվամիջոցներին՝ մշակելու անվտանգության կանոնակարգեր՝ որպես լրագրողների անվտանգության երկարաժամկետ երաշխիք:

Հոգեբանների համար կանցկացվեն կարողությունների զարգացմանը նպաստող միջոցառումներ, որոնք կհամակարգեն միջազգային և տեղական լավագույն փորձագետները։

Ծրագրի շրջանակներում ձևավորվել է նաև համակարգող կոնսորցիում, որի կազմում են ՝ Մեդիա նախաձեռնության կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը։

«Արագ արձագանքման ֆոնդ» ծրագրի շրջանակներում կոնսորցիումը մշակելու է նախաձեռնության երկարաժամկետ տեսլականը, առաքելությունն ու ռազմավարությունը։

Ծրագիրն ընդգրկելու է 2020 թ․-ի դեկտեմբեր 31- 2021թ․ մայիս 31 ժամանակահատվածը։ Ծրագիրը ֆինանսավորում է «Հանուն ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամ»-ը (EED – European Endowment for Democracy) կազմակերպությունը։

Հավելյալ հարցերի դեպքում և/կամ մանրամասների ծանոթանալու համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ՝ ստորև նշված հեռախոսահամարների կամ էլ-փոստի միջոցով։

Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան
Հեռ․՝ +37412 755898, +37499 755 898
Էլ-փոստի հասցեներ՝ [email protected], [email protected] 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend