«Գյումրիում մենք տեսանք, որ նորից գլուխ են բարձրացնում «տակից» տեղի ունեցող գործընթացները»․ Դանիել Իոաննիսյան

«Գյումրիում մենք տեսանք, որ նորից գլուխ են բարձրացնում «տակից» տեղի ունեցող գործընթացները»․ Դանիել Իոաննիսյան
- April 4, 2025
- Category: Նորություններ
«Ընտրությունների վրա ազդող մի քանի բաղադրիչ կա՝ վարչական ռեսուրս, ընտրակաշառք կամ ընտրակաշառքին նմանվող գործողություններ, կրիմինալ կապերի օգտագործում և մեծ բիզնեսի ազդեցություն։ Գյումրիի ավագանու ընտրություններին մեծ բիզնեսի ազդեցություն չենք տեսել, բայց մյուս երեք դրսևորումները տեսել ենք։ Ես չեմ կարող գնահատել, թե դրանք ինչքան են ազդել, բայց չեմ կարող չասել, որ չեն ազդել ընտրողների կամարտահայտման վրա»,- «Ա1+»-ի ուղիղ եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Նա հավելեց, որ ինքը չի կարող կոնկրետ փաստեր ներկայացնել, թե ինչ ընտրակեղծիքներ են եղել Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ, բայց կարող է բազմաթիվ ցուցիչներ ներկայացնել, որոնք առերևույթ այդ մասին են վկայում։ Օրինակ՝ «կրիմինալ» համարում ունեցող ընտրատեղամասերում վաղ առավոտյան ակտիվ քվեարկությունը, որը 2,5 անգամ բարձր է միջին ցուցանիշից։ Նա ափսոսանք հայտնեց, որ Հայաստանի դատական համակարգն այդ և նման երևույթներն ապացուցողական բազա չի համարում։
«Դա մեզ ապացուցում է, որ այդ տեղամասերում ներքին գործընթացներ կան, որ ենթարկեցված էլեկտորատ կա։ Ենթարկեցնողները նրանց առավոտ շուտ են բերում քվեարկելու, որ տեսնեն, թե ով չի եկել, մինչև երեկո բերեն։ Իսկ Հայաստանի դատաիրավական համակարգում հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը շատ ցածր է։ Իշխանությունները կարող էին շատ ավելի արդյունավետ գործել այդ համակարգերը կառուցելու համար, և կարծում եմ հեղափոխությունից հետո շատ ժամանակ կորցրեցինք դրա համար»,- ասաց Իոաննիսյանը։
Նա մտավախություն հայտնեց, որ Ռուսաստանը կարող է ազդեցություն գործադրել 2026 թ․ խորհրդարանական ընտրությունների վրա։ Այս մտահոգության համար պատճառ է հանդիսացել մարտի 21-ին՝ նախընտրական քարոզչության շրջանում «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած հայ-ռուսական տնտեսական համաժողովը, որին մասնակցել են ՌԴ խորհրդարանի ներկայացուցիչներ։ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորներից մեկն ասել է, որ Գյումրին իրենց համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի, և որ Ռուսաստանի իշխող ուժը կսատարի «Մայր Հայաստան» դաշինքին։ «Մենք՝ որպես հասարակություն, պետք է հասկանանք, թե ինչպես ենք 2026 թ․ խորհրդարանական ընտրությունները պաշտպանելու ռուսական հիբրիդային հարձակումներից։ Այդ հարձակումը չի լինելու Պետդումայի պատգամավորի հայտարարությամբ․ շատ միջամտության ավելի լուրջ փորձր կանի, ինչպես արել է Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում»,- նշեց Դանիել Իոաննիսյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուս Մանավազյանն արձագանքեց, որ իրենք դատապարտում են այդ գործելաոճը և դիմել են ԿԸՀ քննելու այդ հարցը։ «Թեկնածուն ուներ կոնկրետ ուղղվածություն և իր աջակցությունն էր ակնկալում հարևան երկրի պաշտոնատար անձից։ Նա էլ աջակցեց իր հայտարարություններով, որը նաև քաղաքական մեսիջ էր»,- հավելեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Գյումրիի և Փարաքար խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի պարտությանը՝ պատգամավորը դա իրենց համար լուրջ կորուստ չհամարեց։ «2021թ․ ՏԻՄ ընտրություններում համայնքների գերակշիռ մասում մենք ընդդիմություն ենք եղել և մեր աշխատանքն այդ դիրքից ենք իրականացրել։ Իսկ Փարաքարի ընտրությունների արձանագրումը նաև կոալիցիայի հետևանքն է։ Քաղաքացին գնահատեց, որ համայնքներում կոալիցիոն կառավարումը լավ հետևանք չի ունենում»,- ասաց Արուս Մանավազյանը։
Քննարկումն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
Նյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն ծրագիրը ֆինանսավորող կազմակերպության դիրքորոշման հետ։
Քննարկման ամբողջական տեսագրությունը հասանելի է այստեղ։ ⬇️