«ԱՆԻՖ-ում կատարվածը բյուջեի, հարկատուների փողերի մսխում էր». Վարուժան Հոկտանյան

«ԱՆԻՖ-ում կատարվածը բյուջեի, հարկատուների փողերի մսխում էր». Վարուժան Հոկտանյան

«Ենթադրում եմ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը համահունչ է վարչապետի վերջին հայտարարությանը, թե չպետք է լինել արյունարբու, պետք է օրենքով գործել»,- «Ա1+»-ի եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով օրենքը սահմանադրական ճանաչելու մասին ՍԴ-ի որոշմանը։

Վարուժան Հոկտանյանը համոզված է, որ այդ որոշումից հետո իրավապահ մարմինների համար դժվար կլինի ապացուցել գույքի ապօրինի լինելը, քանի որ ՍԴ-ն շեշտել է, որ այն պետք է ձեռք բերված լինի տվյալ անձի կողմից պետական պաշտոնյա եղած շրջանում և ինչ-որ հանցավոր գործունեության արդյունքում։ «Ենթադրենք, մեկն ասում է, որ այդ գույքը ձեռք է բերել 2000-ականներին։ Իրավապահները պետք է փնտրեն, թե այդ շրջանում այդ մարդն ինչ հանցագործություն է կատարել, որի արդյունքում էլ այդ գույքն առաջացել է։ Ինձ թվում է, դա ապացուցելը շատ դժվար է լինելու»,- ասաց նա։

Քննարկումը վերաբերում էր պետական կամ համայնքային գնումների գործընթացներում առկա շահերի բախման կամ կոռուպցիոն երևույթներին։ Շահերի բախման վերջին օրինակը Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից քաղաքապետարանի կարիքների համար ամուսնու հորը պատկանող գազալցակայանից 13,6 մլն դրամի գնման գործարքն էր։

Վարուժան Հոկտանյանը խնդիր համարեց ոչ միայն այն երևույթը, որ պետական կամ համայնքային գնումների ժամանակ հաղթում են պաշտոնյաներին փոխկապակցված անձանց պատկանող ընկերությունները, այլ նաև այն հարցը, որ հենց դրանք են կարող ընկերությունները․ «Այստեղ մենք ավելի խորը խնդրի ենք հանդիպում, ինչպիսին է սեփականության վերաբաշխումը։ Ես ենթադրում եմ, որ կա սեփականության վերաբաշխում»։

Անդրադառնալով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)՝ Վարուժան Հոկտանյանը նշեց, որ ԱՆԻՖ-ում տեղի է ունեցել «բյուջեի, հարկատուների փողերի մսխում»։ Թեման ամփոփելով՝ փորձագետը նկատեց, որ կոռուպցիա կա ամբողջ աշխարհում, և հնարավոր չէ այն բացառել, բայց պետք է աշխատել այն կառավարելի դարձնել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը հավելեց, որ կոռուպցիոն դրսևորումներն ամենաշատը նկատել են հենց պետական կամ համայնքային գնումների ոլորտում, հատկապես՝ համայնքային և շինարարական ոլորտների գնումների գործընթացներում։

ԿԿՀ պաշտոնյան ընդգծեց, որ «2023-2026 թթ․ հակակոռուպցիոն  ռազմավարության» շրջանակում օրենսդրական փոփոխություններ, նոր մեխանիզմներ են նախատեսված, որոնց իրականացման արդյունքում վերանայվելու են գնումների ոլորտի իրավական կարգավորումները։ «Իհարկե, փոխկապակցված անձանց նկատմամբ բացարձակ արգելք չի սահմանվի, որ մրցակցությունը չխաթարվի, բայց ավելի հրապարակային միջավայր կապահովվի, որ շահերի բախմամբ գործողություններ չլինեն, կամ դրանք նվազեն»,- ասաց Տիգրանուհի Խալաֆյանը։

Ինչ վերաբերում է ԱՆԻՖ-ին, տիկին Խալաֆյանն ասաց, որ պետության կողմից հիմնված կազմակերպություններում կան բավականին մեծ ռիսկեր, և որ ԿԿՀ-ն  մի շարք բացեր է գտել կառավարման մարմինների ձևավորման, անձանց ընտրության, ընդհանուր կանոնադրության և այլ դեպքերում։

_______________________________________

Քննարկումն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Նյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն ծրագիրը ֆինանսավորող կազմակերպության դիրքորոշման հետ։

Քննարկման ամբողջական տեսագրությունը հասանելի է այստեղ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend