Նյութը հեղինակեց Բանասիրական գիտությունների թեկնածու, մեդիա հետազոտող, Երևանի պետական համալսարանի Անգլերենի թիվ 2 ամբիոնի ասիստենտ, Գրիշա Գասպարյանը։
Ծանո՞թ իրավիճակ է. առավոտյան բացում ես հեռախոսդ՝ «միայն մի քանի րոպե լուրեր նայեմ» մտքով։ Բայց մի քանի րոպեն դառնում է կես ժամ, երբեմն՝ ավելի երկար։ Վերնագրերը մեկը մյուսին են հաջորդում` կտրուկ, սենսացիոն, հաճախ՝ վախեցնող, անհանգստություն, լարվածություն ու անզորություն առաջացնող կամ պարզապես զայրացնող։
Երբեմն մեդիա բովանդակության սպառումը դառնում է փորձություն, որի միջով անցնում ենք ամեն օր։ Եվ հենց այստեղ է առաջանում այն հարցը, որն այսօր շատերին է անհանգստացնում․ ինչպե՞ս սպառել մեդիան առանց ներքին խաղաղությունը խաթարելու և «տոքսիկ» մեդիա բովանդակությունից պաշտպանվելով։ Այս նպատակին հասնելու գործում երկու կարևոր դերակատար` մեդիա արտադրողն ու սպառողը պետք է վերանայեն իրենց մոտեցումներն ու դիտարկեն ոչ բռնի հաղորդակցության սկզբունքներն ամենօրյա կիրառման համար։
Մեր կատարած փոքրիկ ուսումնասիրությունը, որն իրականացվել է 2025 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2026թ․ փետրվար ամիսը և որին մասնակցել է 67 մարդ (սկզբնական նախատեսված՝ 50) մեզ հիմք է տալիս ասելու, որ նրանց մեծ մասը տեղեկությունները ստանում է ու սպառում հիմնականում ոչ թե բուն լրատվական կայքերից, այլ սոցիալական մեդիայի հարթակներից։
Սոցիալական մեդիայի միջոցով լուրը կամ մեդիա բովանդակությունը ավելի արագ է հույզեր ու զգացմունքներ փոխանցում սպառողին՝ զգացմունքային տեղեկատվության մշակման արագութան շնորհիվ (անգլերեն emotional processing speed): Լուրը հայտնվում է քո էկրանին ոչ միայն որպես տեքստ, այլև որպես պատկեր, մեկնաբանություն և իհարկե հարյուրավոր արձագանքներ։ Մինչ դու կհասցնես մտածել թե «ի՞նչ է սա», նյութն արդեն ունեցել է իր էմոցիոնալ ազդեցությունը։ Ուսումնասիրության մասնակիցների պատասխաններում հաճախ էին կրկնվում նույն բառերը՝ «ամեն օր», «շատ հաճախ», «անհանգստություն եմ զգում», «խուսափում եմ քննարկումներից», «անմիջապես հակադարձում եմ»։
Ամբողջական հոդվածը հասանելի է Media.am կայքում։
Նյութը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։
