Հոդվածը հեղինակեց Հանրային լրագրության ակումբի փորձնակ Մանե Տիգրանյանը։
«Դու ոչինչ չես հասկանում», «Լռի՛ր», «Քեզանից բան դուրս չի գա»․․․
Շատ դեպքերում այս արտահայտությունները սովորական են թվում և, հաճախ, նույնիսկ ընկալվում են որպես դաստիարակչական մոտեցում։ Սակայն մասնագետները զգուշացնում են՝ խոսքը կարող է վնասել ոչ պակաս, քան ֆիզիկական բռնությունը։
Նման արտահայտությունները համարվում են բռնի հաղորդակցության դրսևորումներ։ Բռնի հաղորդակցությունը շփման այն ձևն է, որի ընթացքում մարդը դիմացինի նկատմամբ կիրառում է մեղադրանքներ, վիրավորանքներ, պիտակավորումներ, սպառնալիքներ կամ նվաստացնող խոսք։ Այսպիսի հաղորդակցությունը կարող է վնասել մարդու ինքնագնահատականը, խաթարել վստահության մթնոլորտը և խորացնել կոնֆլիկտները։
Վերջին տարիներին ավելի հաճախ են քննարկվում այնպիսի երևույթներ, ինչպիսին են՝ երեխաների շրջանում աճող ագրեսիան, դպրոցական կոնֆլիկտները, բուլինգի դեպքերը և հոգեբանական խնդիրները։ Այս երևույթների պատճառները տարբեր են, սակայն մասնագետների մի մասը համոզված է՝ խնդրի արմատներից մեկը հաղորդակցության մշակույթն է։ Երբ երեխան մեծանում է բղավոցի, նվաստացման կամ մշտական ճնշման միջավայրում, նա սովորում է, որ հենց այդպես են լուծվում խնդիրներն ու կառուցվում հարաբերությունները։
Բռնի հաղորդակցության այլընտրանքը ոչ բռնի հաղորդակցությունն է (ՈԲՀ)։ Այն հաղորդակցման մեթոդ է, որը հիմնված է հարգանքի, փոխըմբռնման և կարեկցանքի վրա։ ՈԲՀ-ն մարդկանց օգնում է արտահայտել սեփական զգացմունքներն ու կարիքները՝ առանց մեղադրելու կամ դատապարտելու դիմացինին, ինչպես նաև հասկանալ մյուսների զգացմունքներն ու կարիքները։
Հոգեբան Մարիամ Մեհրաբյանի խոսքով՝ երեխան ոչ միայն լսում է մեծահասակների խոսքը, այլև յուրացնում է նրանց վարքագիծը, վերաբերմունքն ու կոնֆլիկտների լուծման ձևերը։
«Մենք ունենք զգայուն տարիք՝ 5 տարեկանը, 15 տարեկանը և այդ միջակայքում ընկած ցանկացած զարգացման նոր փուլ, երբ երեխան սպունգի նման կլանում է շրջապատում առկա բռնությունը։ Սա հանգեցնում է բռնի հաղորդակցության ձևերի ավելացմանն ու տարածմանը»,- նշում է հոգեբանը։
Նրա կարծիքով՝ հենց այդ պատճառով այսօր անհրաժեշտ է տարածել հաղորդակցության առողջ նորմերը և կանխարգելիչ աշխատանք իրականացնել ամենօրյա մակարդակում։
Այնուամենայնիվ, երեխայի հաղորդակցական մշակույթը ձևավորվում է ոչ միայն ընտանիքում, այլև՝ դպրոցում։
Թիվ 46 ավագ դպրոցի ուսուցչուհի Մարիամ Առաքելյանը, ով երկար տարիների աշխատանքային փորձ ունի տարբեր աշակերտների հետ, նշում է, որ նոր ձևավորվող դասարաններում առաջին ամիսները հաճախ ամենաբարդն են լինում։
«Միևնույն դասարանում հավաքվում են տարբեր միջավայրերից, տարբեր դպրոցներից և տարբեր ընտանիքներից եկած երեխաներ։ Բնականաբար առաջանում են ինքնահաստատման, առաջնորդության և միջանձնային հարաբերությունների խնդիրներ, որոնք ժամանակ են պահանջում հաղթահարելու համար»,- ասում է Առաքելյանը։
Ուսուցչուհու դիտարկմամբ՝ դպրոցում դրսևորվող ագրեսիայի պատճառները հաճախ պետք է փնտրել ընտանիքում։
«Այն երեխաները, որոնք ունեն ընտանեկան մեծ խնդիրներ՝ ծնողների բաժանում, կոնֆլիկտներ կամ տարբեր բռնությունների փորձ, ավելի դժվար են կառուցում հարաբերությունները։ Երբեմն դպրոցում տեսանելի ագրեսիան ընտանիքում գոյություն ունեցող հարաբերությունների արտահայտությունն է»,- հավելում է նա։
Մարիամ Առաքելյանի խոսքով՝ ուսուցիչը հաճախ պետք է կարողանա աշխատել ոչ միայն աշակերտի առաջադիմության, այլև նրա ներաշխարհի հետ։
«Իմ ամենասիրած մեթոդն այն է, որ երեխայի մեջ փորձում եմ տեսնել նրա լավագույն կողմը, որը գուցե ինքն անգամ չի նկատում։ Փորձում եմ աջակցել, ոչ թե դատապարտել»,- ընդգծում է ուսուցչուհին։
Մասնագետները նշում են, որ երեխաների հետ շփման մեջ կարևոր է ոչ միայն խուսափել բռնի հաղորդակցությունից, այլև ձևավորել հաղորդակցության այնպիսի մշակույթ, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և հասկացման վրա։ Հենց այս նպատակին է ծառայում ոչ բռնի հաղորդակցությունը, որը վերջին տարիներին ավելի մեծ ուշադրության է արժանանում թե՛ կրթական, թե՛ ընտանեկան միջավայրերում։
Հարկավոր է նշել որ ոչ բռնի հաղորդակցություն չի նշանակում սահմանների բացակայություն կամ ամեն ինչ թույլատրել երեխաներին։ Այն նշանակում է սահմաններ դնել՝ առանց ահաբեկելու, բացատրել՝ առանց վիրավորելու, և դաստիարակել՝ առանց ճնշելու։
«Այսօր պետք է ոչ թե «հարմար երեխա», այլ ստեղծագործող, ինքնուրույն և սեփական սահմանները ճանաչող անհատ»,- ընդգծում է հոգեբանը։
Խնդիրը միայն ընտանիքի, դպրոցի կամ առանձին ուսուցչի ջանքերով լուծել հնարավոր չէ։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ ոչ բռնի հաղորդակցության մշակույթը չի կարող ձևավորվել միայն դպրոցական առարկաների կամ առանձին դասընթացների միջոցով։
«Եթե հասարակական միջավայրում ավելի շատ տարածում ունեն հաղորդակցության բռնի ձևերը, ապա դպրոցում ներդրված առանձին դասընթացը մեծ արդյունք չի տա»,- նշում է Սերոբ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ երեխաները միշտ համեմատում են դպրոցում լսածը իրական կյանքի հետ։ Եթե տեսնում են, որ մեծահասակները չեն հետևում նույն արժեքներին, դպրոցում սովորեցվածը կորցնում է իր ազդեցությունը։
«Եթե մենք միայն ուսուցիչ վերապատրաստենք, դա հարցի լուծում չէ։ Եթե միայն առարկա ներդնենք՝ նույնպես։ Խնդիրը դպրոցական ամբողջ մշակույթի փոփոխությունն է»,- ասում է փորձագետը։
Սերոբ Խաչատրյանը նաև կարևորում է սոցիալ-տնտեսական գործոնները՝ նշելով, որ մշտական լարվածության, ֆինանսական խնդիրների և սոցիալական անապահովության պայմաններում մարդիկ ավելի հաճախ են դիմում ագրեսիվ հաղորդակցության․ «Շատ դեպքերում ոչ բռնի հաղորդակցության ամենամեծ խոչընդոտը մարդկանց կենսամակարդակն է»։
Միևնույն ժամանակ մասնագետները շեշտում են, որ ոչ բռնի հաղորդակցությունը տեսություն չէ, այլ գործնական հմտություն, որը կարելի է զարգացնել։
Այս գաղափարի գործնական կիրառման օրինակներից է նաև իրավագիտության ուսանող Ամալյա Առաքելյանի փորձը, որը ցույց է տալիս, թե ինչպես է ՈԲՀ-ն աշխատում իրական միջավայրում։ Նա մասնակցել է ոչ բռնի հաղորդակցության դասընթացի՝ համոզված լինելով, որ իրավաբանի աշխատանքում կարևոր է ոչ միայն սեփական դիրքորոշումը պաշտպանելը, այլև դիմացինին լսելը։
«Մեր մասնագիտության մեջ հաճախ ենք մասնակցում դեբատների և քննարկումների։ Դիմացինի հետ հաղորդակցվելը պահանջում է կարողություն՝ չվիճելու, չհակառակվելու և հարգելու նրա կարծիքը»,- ասում է նա։
Ամալյայի համար ամենաօգտակար փորձառություններից մեկը եղել է պարզապես հինգ րոպե դիմացինին լսելու վարժությունը․ «Դա օգնեց ինձ հասկանալ, թե ինչպես կարելի է լսել առանց ընդհատելու, ինչպես կարելի է չխառնվել ուրիշի խոսքին և երբեմն չարձագանքել անմիջապես»։
անրային լրագրության ակումբի (ՀԼԱ) կողմից իրականացվող դասընթացները ևս ձևավորում են այն միջավայրը, որտեղ տեսական գաղափարները տեղափոխվում են գործնական դաշտ։
ՀԼԱ-ի կողմից տարիներ շարունակ իրականացվող ոչ բռնի հաղորդակցության (ՈԲՀ) դասընթացների ընթացքում ձևավորվել է աշխատանքային միջավայր, որտեղ մասնակիցները ոչ միայն ծանոթացել են ՈԲՀ հիմնական գաղափարներին, այլև փորձել են դրանք տեղափոխել իրական կիրառության դաշտ՝ վերածելով իրենց փորձն ու դիտարկումները տարբեր հանրային ձևաչափերի։
Այդ նյութերից մեկն է հայալեզու գրքույկը, որտեղ պարզ ու համակարգված ձևով ներկայացված են հաղորդակցության հիմնական մոտեցումները՝ զգացմունքների ճանաչում, կարիքների հստակեցում և էմպաթիկ լսում։ Գրքույկը միաժամանակ փորձում է այդ գաղափարները մոտեցնել ավելի լայն ընթերցողի՝ դարձնելով դրանք կիրառելի առօրյա իրավիճակներում։
ՈԲՀ թեմաներով փոդքասթը թույլ է տվել թեմային մոտենալ ավելի բաց խոսքի միջոցով․ այստեղ քննարկվել են հաղորդակցության մշակույթի խնդիրները, լեզվի ազդեցությունը և այն իրավիճակները, որտեղ ոչ բռնի հաղորդակցության մոտեցումները դառնում են գործնական լուծման միջոց։
ՈԲՀ սեղանի խաղը ուսուցման ավելի ինտերակտիվ ձևաչափ է, որտեղ մասնակիցները խաղի միջոցով փորձել են հասկանալ հաղորդակցության տարբեր իրավիճակներ, ճանաչել զգացմունքները և գտնել ճիշտ հաղորդակցման ձևերը։
«Երիտասարդը՝ որպես խաղաղության առաջնորդ» շարադրությունների մրցույթը հնարավորություն է տվել երիտասարդներին խոսել հարաբերությունների և հաղորդակցության մասին իրենց սեփական փորձի ու ընկալումների միջոցով՝ թեմային տալով ավելի անձնական և անմիջական շերտ։
Մեդիա և հաղորդակցություն ուսումնասիրությունը կենտրոնացել է այն հարցի վրա, թե ինչպես է մեդիան ազդում հասարակական խոսքի ձևավորման վրա՝ հատկապես լեզվի և բովանդակության միջոցով ձևավորելով մարդկանց ընկալումները։
Այս ամբողջ շարքը լրացնում են ՀԼԱ-ի հեղինակած ՈԲՀ ֆիլմերը և բացառիկ հարցազրույցը ՈԲՀ լիցենզավորված մասնագետ-դասընթացավար Սինտա Դեպոնդտի հետ, որոնք գաղափարը ներկայացնում են իրական պատմությունների միջոցով ցույց տալով, թե ինչպես է հաղորդակցությունը փոխվում, երբ սկսում ես դիտարկել ոչ բռնի մոտեցումները։
Այս համատեքստում կարևոր է նաև իմ անհատական փորձի վերլուծությունը, որը ձևավորվել եմ ուսումնական պրակտիկայի ընթացքում։ ՀԼԱ-ում անցկացրած պրակտիկայի ընթացքում մասնակցեցի ոչ բռնի հաղորդակցության եռօրյա դասընթացին, որը հնարավորություն տվեց նոր տեսանկյունից դիտարկել մարդկանց միջև շփումը և հաղորդակցության դերը առօրյա կյանքում։ Դասընթացի ընթացքում հասկացա, որ շատ կոնֆլիկտներ հաճախ առաջանում են ոչ թե կարծիքների տարբերության, այլ միմյանց չլսելու և չհասկանալու պատճառով։
Ինձ համար ամենակարևոր բացահայտումներից մեկն այն էր, որ ոչ բռնի հաղորդակցությունը պարզապես մեղմ կամ քաղաքավարի խոսելը չէ։ Այն օգնում է հասկանալ սեփական զգացմունքներն ու կարիքները, ինչպես նաև հարգել և հասկանալ դիմացինի ապրումները։ Դասընթացի ընթացքում սովորեցի, թե ինչպես կարելի է արտահայտել անհամաձայնությունը կամ դժգոհությունը՝ առանց մեղադրանքների և վիրավորանքների։
Այս փորձը կարևոր էր նաև մասնագիտական տեսանկյունից։ Որպես լրագրության ուսանող՝ ավելի լավ հասկացա, թե որքան կարևոր են լսելու, հարցեր տալու և վստահելի հաղորդակցություն կառուցելու հմտությունները։
Ընդհանուր առմամբ, դասընթացը հնարավորություն տվեց վերաիմաստավորել հաղորդակցության դերը մարդու կյանքում և գիտակցել, որ հարգալից ու գիտակցված շփումը կարող է նպաստել ոչ միայն կոնֆլիկտների նվազեցմանը, այլև ավելի առողջ և կառուցողական հարաբերությունների ձևավորմանը։
