2026 թվականի սեպտեմբերի 11-12-ը Ադրբեջանի կառավարությանը հավատարմագրված 58 երկրների դիվանագիտական կորպուսի և 9 միջազգային կազմակերպությունների շուրջ 150 ներկայացուցիչ այցելել է էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղ (Արցախ)։ Պատվիրակության կազմում էր նաև Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Պատվիրակության անդամներն այցելել են Ստեփանակերտ, Շուշի, Գանձասարի և Դադիվանքի վանքեր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ։
Նրանք այցելել են Ստեփանակերտի «Հաղթանակի պուրակ», որը փաստացիորեն դարձել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության էթնիկ զտման խորհրդանիշը։ Պուրակը կառուցվել է Ստեփանակերտի ավերված պատմական թաղամասի տարածքում։
Ավելին, տարածվել է տեսանյութ, որտեղ դիվանագետները պատկերված են Շուշիում պարելիս և զվարճանալիս։
Գանձասարի և Դադիվանքի վանքեր այցելությունների ընթացքում Հիքմեթ Հաջիևը դրանք ներկայացրել է որպես կովկասյան աղվանական քրիստոնեական ժառանգության մաս՝ միաժամանակ մեղադրելով հայերին, թե տարածաշրջանը հայկական վերահսկողության տակ գտնվելու ժամանակ նրանք փոփոխել են այդ հուշարձանները։
Որպես հայկական պատմական կեղծարարության «ապացույց»՝ Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետներին Գանձասարի վանքի Մատենադարանի թանգարանում ներկայացրել է ֆաքսիմիլային վերարտադրության դատարկ էջերը։ Պատվիրակության որոշ անդամներ ծիծաղել են, երբ նա ցուցադրել է այդ դատարկ էջերը։
Այցն ինքնին, ինչպես նաև դրա ընթացքում տարածված պատմական և քաղաքական թեզերը, Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ծագումը փոփոխելու պետական քաղաքականության շարունակականության հստակ օրինակներ են՝ որպես էթնիկ զտման քաղաքականության շարունակություն։
Այս քաղաքականությունը նոր չէ։ Ադրբեջանի քաղաքականությունը փաստագրված է Միավորված ազգերի կազմակերպության Ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) և մշակութային իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի կողմից։
Հայտարարությանը ամբողջական կարող եք ծանոթանալ՝ Այստեղ
