Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Խաղաղությո՞ւնը կարող է սկսվել մեր առօրյա խոսքից

Ի՞նչ կարող է փոխել ոչ բռնի հաղորդակցությունը, և ի՞նչը չի կարող փոխարինել։ Ինչպե՞ս խոսել ցավի ու անհամաձայնության մասին՝ առանց դիմացինին վնասելու։ Այս հարցերի շուրջ է «Իսկ եթե խոսենք այլ կե՞րպ» փոդքասթի չորրորդ էպիզոդը։

Հաղորդավար Սոֆի Մկրտչյանի հետ թեման քննարկում են ոչ բռնի հաղորդակցության մասնագետներ Գոհար Գրիգորյանն ու Մարգարիտա Խուդավերդյանը։

Խաղաղությունը միայն քաղաքական որոշումների ու բանակցությունների մասին չէ․ այն ձևավորվում է նաև մեր առօրյա շփումներում։ Մեր բառերն ու վերաբերմունքը կարող են նպաստել փոխըմբռնմանը կամ խորացնել թշնամանքը։ Սակայն խաղաղության ողջ պատասխանատվությունը անհատի վրա դնել չի կարելի․ պետությունն ու պետական մարմիններն ունեն իրենց պարտականությունները մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության հարցում։

Ոչ բռնի հաղորդակցությունը չի լուծում քաղաքական խնդիրները և չի փոխարինում արդարադատությանը։ Այն կարող է ստեղծել երկխոսության տարածք, որտեղ մարդիկ կկարողանան խոսել իրենց զգացմունքների ու կարիքների մասին՝ հարգելով միմյանց սահմանները։ Սա գեղեցիկ խոսքերով խնդիրները թաքցնելու միջոց չէ, այլ փաստերով ու առանց ապամարդկայնացման խոսելու փորձ։

Երկխոսության համար կարևոր է նաև անվտանգ միջավայրը․ մարդիկ պետք է կարողանան խոսել առանց վախի ու ճնշման։ Իսկ մեդիան և քաղաքական գործիչները պատասխանատվություն ունեն իրենց օգտագործած լեզվի համար, քանի որ պիտակավորումներն ու թշնամանքի խոսքը կարող են ամրապնդել կարծրատիպերը։

Առօրյայում կարող ենք սկսել փոքր քայլերից՝ տարբերել փաստը կարծիքից, չշտապել արձագանքել և հետաքրքրվել, թե ինչ զգացում կամ կարիք կա դիմացինի խոսքի հետևում։ Երբեմն նաև կարևոր է դադար վերցնել՝ հասկանալու սեփական զգացմունքներն ու կարիքները։

Փոդքասթի չորրորդ էպիզոդում Սոֆի Մկրտչյանը, Գոհար Գրիգորյանն ու Մարգարիտա Խուդավերդյանը խոսում են ոչ բռնի հաղորդակցության հնարավորությունների ու սահմանների, ինչպես նաև խաղաղաշինության մեջ դրա դերի մասին։

Փոդքաստը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «ԿԱՄՈՒՐՋ․ Հարաբերությունների կառուցում և ներառական երկխոսություն՝ իրական կարեկցանքի հիմքով» ծրագրի շրջանակում՝ International Alert-ի և LIVKOM-ի գործընկերությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Նոր ժողովրդավարություն հիմնադրամը։ դառնալ։

Կիսվել :