Նորություններ

Աջակցության ծրագիր՝ մեդիա ոլորտի համար

Ճգնաժամային ամենատարբեր իրավիճակներում, ինչպիսիք են, համավարակն ու պատերազմը, մարդկանց ցավն ու տրավման պատմելու ու վավերագրելու կարևոր աշխատանքը վստահված է լրագրողներին, օպերատորներին, մեդիայում աշխատող այլ մասնագտներին։

Բովանդակություն ստեղծողները լսարանին են հասցնում բազմաթիվ ցավոտ, ազդեցիկ ու ողբերգական պատմություններ։ Հաճախ նրանց հոգեբանական պատրաստվածությունն անտեսվում է` ընկալվելով որպես աշխատանքի մի մաս, որը պետք է կատարվի։ Սակայն նրանք  վերապրում են իրենց նյութերի հերոսների  տրավմաները։

Ի՞նչ հետք են թողնում այդ պատմությունները մեդիա աշխատողների վրա։

Ինչպե՞ս աշխատել արտակարգ իրավիճակներում՝ չվնասելու և չվնասվելու սկզբունքներով։

Արտակարգ իրավիճակների ու պատերազմական  գոտում աշխատող լրագրողներն, օպերատորները, ֆոտոլրագրողներն ու վավերագրողները կարող են ականատես լինել մահվան կամ մահվան սպառնալիքի, խմբագրությունից աշխատողներն էլ  միջնորդավորված են ականատես լինում  մարդկային ողբերգություններին։

Այս ամենը կարող է հանգեցնել հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD), որը սովորաբար ուղեկցվում է սարսափի և անօգնականության զգացումով։ Առհասարակ ծայրահեղ սթրեսի՝ տրավմայի ազդեցությունը բավականին տևական ազդեցություն ունի մարդու վրա։

Հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակների լուսաբանման համար մասնագիտական և հոգեբանական պատրաստվածության կարևորությունը, Հանրային լրագրության ակումբը մեկնարկել է «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագիրը, որի թիրախում նախևառաջ Արցախյան 2-րդ պատերազմը և դրա հետևանքները լուսաբանած լրագրողները, օպերատորները, ֆոտոլրագրողները, վավերագրողները,մոնտաժողները, լրատվամիջոցների ղեկավարները և քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններ են, որոնք տեղեատվական  գործունեություն են իրականացնում։

Ծրագրի թիրախ խումբ են հանդիսանում նաև  հոգեբանները, որոնց վերապատրաստվելու հնարավորություն է տրվելու՝  հետտրավմատիկ սթրեսային խանգարումների ուղղությամբ։

Ծրագրի հիմնական նպատակներն են լրագրողների և մեդիա աշխատողների արագ և ճկուն աջակցության հնարավորությունը , նրանց բժշկական և հոգեբանական օգնության տրամադրումը, միջազգային մարդասիրական օրենսդրության, առաջին օգնության, թվային և անձնական տվյալների անվտանգության ուղղությամբ մասնագիտական կարողությունների զարգացումը և լրագրողների ու հանրության շրջանում հոգեբանական պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության  բարձրացումը։
Վերոնշյալ նպատակների իրականացման համար կազմակերպվելու են մի շարք դասընթացներ՝ միջազգայնորեն ճանաչված ամերիկյան «Dart լրագրության և տրավմայի  կենտրոնի»,  հոգեբանական պաշտպանության և  հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով զբաղվող (PTSD) մասնագետների կողմից ։

Կանցկացվեն նաև դասընթացներ՝ միջազգային մարդասիրական իրավունքի, առաջին օգնության տրամադրման, թվային և անձնական տվյալների անվտանգության թեմաներով։

Ծրագիրը կնպաստի մասնակից  լրագրողների՝ արտակարգ իրավիճակներում  պատրաստվածության բարձրացմանը, կաջակցի լրատվամիջոցներին՝ մշակելու անվտանգության կանոնակարգեր՝ որպես լրագրողների անվտանգության երկարաժամկետ երաշխիք:

Հոգեբանների համար կանցկացվեն կարողությունների զարգացմանը նպաստող միջոցառումներ, որոնք կհամակարգեն միջազգային և տեղական լավագույն փորձագետները։

Հետևաբար, արտակարգ իրավիճակներում լրագրողների արագ և ճկուն աջակցության մեխանիզմի ստեղծումից բացի, ծրագիրը թույլ կտա նաև ունենալ հետտրավմատիկ սթրեսային խանգարման ուղղությամբ մասնագիտացած հոգեբաններ, որոնք հարկ եղած դեպքում կկարողանան երկարատև աջակցություն ցուցաբերել մեդիա ոլորտի աշխատողներին։

«Արագ արձագանքման ֆոնդ» ծրագիրն իրականացնում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն։  Ծրագրի շրջանակներում ձևավորվել է նաև համակարգող կոնսորցիում, որի կազմում են ՝ Մեդիա նախաձեռնության կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը։

Գործընկեր կազմակերպությունները պատերազմի օրերին  զբաղվել են մեդիա դաշտի համար անհրաժեշտ անվտանգության և առաջին օգնության պարագաների ձեռքբերմամբ, տրամադրել մասնագիտական աջակցություն, ջատագովել լրագրողների իրավունքները և միջազգային ու տեղական մակարդակներում վեր հանել այդ իրավունքների ոտնահարման խնդիրները։

«Արագ արձագանքման ֆոնդ» ծրագրի շրջանակներում կոնսորցիումը մշակելու է նախաձեռնության երկարաժամկետ տեսլականը, առաքելությունն ու ռազմավարությունը։

Ծրագիրն ընդգրկելու է 2020 թ․-ի դեկտեմբեր 31- 2021թ․ մայիս 31 ժամանակահատվածը։ Ծրագիրը ֆինանսավորում է EED (European Endowment for Democracy) կազմակերպությունը։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend