Նորություններ

«Արդարադատությունը երեխաների աչքերով» թեմայով հանրային քննարկումների շարք

 

Խնդիրներ և առաջարկներ

Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպեց «Արդարադատությունը երեխաների աչքերով» թեմայով քննարկումների շարք Լոռու, Շիրակի մարզերում։ Մասնագետները հանդիպում ունեցան տարբեր համայնքների անչափահասների հետ, լսեցին նրանց մտահոգություններն իրենց իրավունքների խախտման առնչությամբ, ի մի բերեցին երեխաների դիտարկումները՝ խնդիրների լուծման ուղղությամբ։ Թեմայի ամփոփիչ քննարկումը «Արդարադատությունը` հանուն երեխայի լավագույն շահի» խորագրով տեղի ունեցավ Երևանում, որին մասնակցում էին ոչ միայն երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և խնամքի հաստատությունների ներկայացուցիչներ, այլ նաև երևանցի, լոռեցի և շիրակցի 12-18 տարեկան անչափահասներ։ Մինչ քննարկումներ սկսելը, մեկ շաբաթ շարունակ ֆեյսբուք սոցիալական ցանցում կազմակերպվել էր տեղեկատվական արշավ, որի ընթացքում անչափահասները բարձրաձայնում էին իրենց հուզող խնդիրների մասին, իսկ ծրագրի պատասխանատուները այդ հարցերը վերահասցեավորում էին պատկան մարմիններին։ Մարզերում անչափահասները համատարած մտահոգություն ունեին կրթության իրավունքի ոտնահարման, ազատ խոսքի, ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքների խախտման,  խտրականության, բուլինգի ենթարկվելու, ոստիկանության և արդարադատության մարմինների նկատմամբ վստահության պակասի, երեխայի լավագույն շահի ընկալման առնչությամբ։

Ի դեպ, չափահաս մասնակիցների համար պահանջ առաջադրվեց խոսել անչափահասներին հասկանալի լեզվով, առանց մասնագիտական տերմիններ օգտագործելու, ինչը հաջողությամբ իրացվեց։

Անչափահասների ամենահաճախ հնչեցված մտահոգությունը կապված էր լսված լինելու իրավունքի հետ։ Չափահասները հիմնականում անտեսում են այդ իրավունքը՝ «Դու  շատ փոքր ես, որ կարծիք արտահայտես» եզրահանգմամբ։ Դժբախտաբար, երեխաները չգիտեն ինչպես պաշտպանել լսված լինելու իրավունքը՝ իրենց լռությամբ նպաստելով այդ պրակտիկայի շարունակությանը։ Երեխայի կարծիքը որոշումների կայացման փուլում հիմնականում հաշվի չի առնվում, այլ որոշումը կայացնելուց հետո նրան այդ մասին հայտնվում է ի գիտություն։ Օրինակ, երեխայի համար ստրեսային իրավիճակներում՝ ծնողների ամուսնալուծության ժամանակ, նրան հիմնականում ընդամենը հարցնում են, թե որ ծնողի հետ է նախընտրում ապրել։ Այս պրակտիկան փոխելու համար իրազեկման և քարոզչական աշխատանքի լրջագույն պակաս կա։

Երեխաների բարձրաձայնած երկրորդ կարևոր մտահոգությունն առնչվում էր պետական մարմինների, ոստիկանության և հատկապես արդարադատական մարմինների նկատմամբ վստահության պակասին։ Երեխաները նախընտրում են խնդիրների դպքում դիմել ՄԻՊ երեխաների իրավունքի պաշտպանության բաժին և ոչ մի դեպքում՝ իրենց տեսուչին, որովհետև ոստիկանն ընկալվում է ոչ թե պաշտպանող և օգնող մարմին, այլ պատժող։ Ոստիկանության նկատմամբ վախ կա, որ վերջիններս իրենց այլ ավելի մեծ խնդրի առաջ կկանգնեցնեն։ Քննարկման մասնակիցներից ոմանք համաձայն չէին այդ մտքին, փաստելով, որ վերջին տարիներին ներդրված ջանքերի ու ֆինանսական միջոցների շնորհիվ ոստիկանության անչափահասների գործերով տեսուչները բազմաթիվ վերապատրաստումներ են անցել և փոխել են իրենց աշխատաոճը։ Իսկ արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձվում վերականգնողական արդարադատության բաղադրիչին։ Անչափահասներից շատերի խոսքով, ինը, տասը տարվա ընթացքում իրենք մեկ անգամ են իրենց դպրոցներում տեսել ոստիկանին և բնավ ոչ բարեկամական այցով։ Ուրիշ դպրոցականներ փաստեցին, որ ոստիկանն իրենց այցելում է տարին երկու անգամ և զրուցում ավագ դասարանների աշակերտների հետ։ Ստացվում է, որ տեսուչների գործունեությունը պայմանավորված է ոչ թե համակարգային մոտեցումներով, այլ առանձին ոստիկանների անձնական նախաձեռնությամբ։

Հանդիպման մասնակիցներից ոմանք կիսեցին իրենց մտահոգությունն այն մասին, որ ոստիկանության անչափահասների գործերով տեսւչները ոչ միշտ են անցումային տարիքում անչափահասներին բնորոշ վարքային դրսևորումների նկատմամբ մասնագիտական պատճաշ մոտեցում ցուցաբերում։ Շատ հաճախ նրանք հաշվառում և հետո պատեհ-անպատեհ անհանգստացնում են այն երեխաներին, որոնք ինչ որ ժամանակ աչքի են ընկել ակտիվությամբ։ Բերեցին ոչ վաղ անցյալի օրինակը, երբ այդ երեխաների ցուցակը կազմում և նրանց հաշվառման մեջ էին վերցնում դպրոցների տնօրենների առաջարկով՝ իբրև նախականխիչ միջոցառում, որը, սակայն, հակառակ էֆեկտն էր ունենում։ Նշվեցին նաև անչափահասների ոստիկանությունում հաշվառման դեպքեր սոսկ այն պատճառով, որ երեխան սոցիալական վատ վիճակի հետևանքով որոշ վարքային շեղումներ է դրսևորել։ Մասնագետ-փորձագետների կարծիքով, այնուամենայնիվ, խնդիրը միայն ոստիկանության տիրույթում չէ։ Պետք է հստակեցնել հակասոցիալական վարքի չափորոշիչները, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններով ամրագրել դրա իրավական որոշակիությունը, որն, ինքնըստինքյան կստակեցնի նաև ոստիկանի գործառույթը։ Երկրորդ, քանի որ իրավունքների խախտումը հնարավոր չէ բացառել, ուստի ավելի արդյունավետ կլինի աշխատել երեխաների իրազեկվածությունը և իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի նրանք առավել ակտիվ հետամուտ լինեն իրենց իրավունքների իրացմանը։

Ոստիկանության և արդարադատական մարմինների հետ առնչություն ունեցած անչափահասներին ամենաշատն անհանգստացնում էր փաստը, որ 2018թ-ի իշխանափոխությունից հետո այս համակարգերի  նախկին աշխատողները, ովքեր ապօրինի բերման են ենթարկել, ուժ գործադրել կամ անչափահասին կալանավորելու որոշում կայացրել, շարունակում են աշխատել, ինչն ավելի է մեծացնում անվստահությունը։  Արդարադատության նախարարության իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոնի ներկայացուցչի տեղեկացմամբ, իրենք  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ,  իրականացնում են անչափահասների արդարադատության մատչելիությանն ուղղված ծրագիր՝ ուշադրության կենտրոնում պահելով երեխայի լավագույն շահի պաշտպանությունը արդարադատությանն առնչվելիս։ «Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ անչափահասը արդարադատության ամբողջ «խողովակով» չանցնի»։ 

Երրորդ ոչ պակաս կարևոր խնդիրը կրթության իրավունքի խախտումներն են։ Այստեղ կան հավասարության սկզբունքի ոտնահարման դեպքեր, երբ ուսուցիչներն առանձնացնում են երեխաներին՝ ըստ սոցիալական կարգավիճակի, սելեկտիվ մոտեցում ցուցաբերում գնահատման նկատմամբ։ Իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ դրսևորվում են խտրականության դեպքեր, մասնավորաբար երեխաներին պիտակավորելով՝  ներառականներ։

Անչափահասներից մի քանիսը նշեցին, որ դպրոցը հաճախ ոտնահարել է իրենց  կրթություն ստանալու իրավունքը՝ երկարատև հիվանդության դեպքում զրկելով  տնային ուսուցումից, իսկ հետո գրանցել է բացակայությունների քանակը՝ իրենց վերաքննության փաստի առաջ կանգնեցնելով։ Դպրոցականներն անգամ տեղյակ չէին, որ տնային ուսուցման կազմակերպման պարտավորությունը դպրոցը կրում է օրենքով և դրա համար նույնիսկ պետությունից գումար է ստանում։ Էրեբունի ԲԿ հիվանդանոցային դպրոցի ներկայացուցիչը ափսոսանք հայտնեց, որ իրենց ռեսուրսները չեն բավարարում արձագանքելու համար երեխաների կարիքներին, մասնավոր այս դպրոցին պետությունից միակ օգնությունը եղել է այն, որ օրինական են ճանաչել այս դպրոցի կողմից երեխային տրվող վկայականը։ Արձանագրվեց, որ կրթություն ստանալու իրավունքի ոտնահարման դեպքերը պետք է բարձրաձայնվեն և իրավախախտ դպրոցները կանչվեն պատասխանատվության։

Մեկ այլ դեպքում անչափահասները բարձրացնում են փոքր համայնքներում և ավագ դպրոցներում միացյալ դասարանների առկայության հարցը՝ իբրև կրթության իրավունքի խախտում։ Խնդրի հասցեատերը Կրթության նախարարությունն է, որի ներկայացուցիչը քննարկմանը հրավիրված էր, բայց ներկա չէր։

Թեժ բանավեճ ընթացավ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտումների շուրջ։ Նշվեց, որ շատ հաճախ երեխաների անձնական տվյալները մշակվում են, երբ չկա օրինական նպատակ և պահանջ։ Այդ տվյալները, առանց երեխայի կարծիքը հաշվի առնելու, փոխանցվում են երրորդ կողմին, անչափահասներին լուսանկարում կամ տեսագրում են առանց թույլտվության, նրանց մասին տեսանյութեր են պատրաստում՝ բացահայտելով նույնիսկ անձնական ամենազգայուն տվյալները, ինչը հակասում է երեխայի լավագույն շահին։  Իբրև օրինակ, նշվեց վերջերս գյուղերից մեկում անչափահաս երեխայի հղիության մասին պատմող լրատվամիջոցներից մեկի տեսանյութը՝ իրավունքի և էթիկայի լրջագույն խախտումներով։  Լրատվամիջոցները՝ սենսացիոն լուրեր փնտրելիս, գրեթե մշտապես անտեսում են «մի՛ վնասիր» սկզբունքը, իսկ առավել հաճախ երեխայի լավագույն շահը ոտնահարում են հենց ծնողները։

Հատկապես խոցելի է հատուկ խնամքի հաստատություններում գտնվող երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը։ Պարզվեց, այստեղ ևս անչափահասների իրազեկվածության լուրջ խնդիր կա։ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ծրագիր է մշակում՝ ուսումնական ծրագրերում այդ իրավունքի մասին դասաժամեր ունենալու ուղղությամբ։ Երեխաների համար մատչելի լեզվով ուղեցույցներ են տպագրվել։

Եվ վերջապես, ամենատարածված խնդիրը դպրոցահասակների շրջանում, ըստ քննարկումների ադյունքների, բուլինգն էր։ Սա խնդիր է, որն անչափահասները փորձում են լուծել ինքնուրույն, սակայն, որոշ ժամանակ անց, հայտնվում են փակուղու առջև։ Մասնագետները տարբեր առաջարկներ ունեն իրազեկման միջոցառումներ, հոգեբանական աշխատանք՝ բուլերների և բուլինգի ենթարկված երեխաների հետ, արտթերապիայի կիրառում, մեդիացիա, ուսուցիչների վերապատրաստում/անչափահասները նշում են, որ հաճախ ուսուցիչներն են բուլինգի ենթարկում երեխաներին/։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ այս տարի Յունիսեֆի հետ  երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագրի նախագիծ կմշակեն, որում տեղ կգտնեն բռնության բոլոր տեսակներին, անչափահասների համար ծառայությունների մատչելիությանը, դրանցում երեխայակենտրոն մոտեցմանը, երեխայի լավագույն շահի ապահովմանը վերաբերող հարցերը, դրանց ուղղված միջոցառումների շարք կնախատեսվի։ Բացի այդ, նոր կայքէջ են ստեղծել՝ forchild.am, որտեղ առցանց և անանուն նամակ գրելու հնարավորություն ունեն երեխաները։

Քննարկումների նախաձեռնող խմբի խոսքով, երեխայի լավագույն շահը հետապնդելիս, մեծահասակները պատկերացնում են միայն դատարանի դահլիճը, իսկ երեխաների պատկերացումները շատ գործնական են՝ կարողանան որակյալ կրթություն ստանալ, ապրեն անվտանգ, սոցիալապես ապահով կյանքով,  բավարարվեն նրանց ֆիզիկական և հոգևոր պահանջմունքները, լինեն ջերմ և հարազատ միջավայրում։

 

Ամփոփագրի համար հիմք են հանդիսացել 2019 թվականի մայիսի 17-21-ին կազմակերպված «Արդարադատությունը երեխաների աչքերով» տեղեկատվական արշավի շրջանակում  կազմակերպված հանրային քննարկումները:

Տեղեկատվական արշավը և քննարկումները կազմակերպվել էին Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ իրականացվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի կողմից Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համատեղ:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տեսակետները:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend