«Ոստիկանության 2020-2022 թթ․ բարեփոխումների ռազմավարության իրականացումը գնահատում եմ անբավարար»․ Արթուր Սաքունց

«Ոստիկանության 2020-2022 թթ․ բարեփոխումների ռազմավարության իրականացումը գնահատում եմ անբավարար»․ Արթուր Սաքունց
- April 4, 2025
- Category: Նորություններ
«Ի տարբերություն նախորդի՝ նոր ռազմավարության մշակման մեջ քաղաքացիական հասարակության մասնակցությունը եղել է անմիջական և էական։ Բայց հիմա ակնկալում ենք, որ ընդունված փաստաթուղթը իրականություն դառնա»,- «Ա1+»-ի ուղիղ եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ոստիկանության 2024-2026 թթ․ բարեփոխումների ռազմավարությանը։
Արթուր Սաքունցն անբավարար գնահատեց Ոստիկանության 2020-2022 թթ․ բարեփոխումների ռազմավարության իրականացումը՝ համարելով, որ այն հատվածային է եղել։ Նրա գնահատմամբ՝ եթե Պարեկային ծառայության ստեղծումը դրական երևույթ է, ապա քրեական ոստիկանությունն ընդհանրապես չի բարեփոխվել։ «Չի կարող բարեփոխում լինել, բայց Ոստիկանության բաժիններում բռնության դեպքեր, ճնշումներ լինեն։ Շատ վատ է իրականացվում նաև բարեփոխումների մասին հանրային իրազեկումը»,- ասաց Արթուր Սաքունցը։
ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանն, իհարկե, ձեռքբերում համարեց նախորդ փուլում ՀՀ ողջ տարածքում Պարեկային ծառայության գործարկումը և Ներքին գործերի նախարարության ձևավորումը և ընդգծեց, որ երկրորդ ռազմավարության կարևոր նպատակներից է արդեն Ոստիկանության և մասնագիտական, և բարեվարքության, և այլ կարողությունների բարձրացումը։ «Այդ նպատակով մենք արդեն ունենք միասնական կրթահամալիր, որը կրթական նոր միջավայր կձևավորի»,- հավելեց փոխնախարարը։
Պատասխանելով Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ ենթադրյալ բռնությանը՝ Արմեն Մկրտչյանը նշեց, որ արցախցի երիտասարդի հայտարարության մեջ նկարագրվում է տևական, պարբերական ծեծի, խոշտանգման, մարմնական հետևանքներով վնասվածքների մասին, բայց իրենք դա չեն տեսնում։ Դատաբժշկական փորձաքննությունն էլ դա չի հաստատել։ Այդպիսով՝ պետք է սպասել հայտարարության հետքերով հարուցված ծառայողական քննության ավարտին։ «Խոշտանգման մասին հաղորդում տված քաղաքացին այլ դեպքով է անցնում, որը փոխկապակցված է այլ գործի՝ ավազակային հարձակման հետ։ Եվ դա կարող է փաստաբանական մարտավարություն լինել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը կտա քննությունը։ Իհարկե, մեզ համար անընդունելի են բռնությունն ու խոշտանգումը, և գործընթացը գնում է դրանց նվազեցման, բայց ամեն ինչ պետք է հավասարակշռված լինի, որ Ոստիկանության ծառայողն էլ կեղծ մեղադրանքի թիրախում չհայտնվի»,- ասաց փոխնախարարը։
Արթուր Սաքունցի խոսքով՝ նման դեպքերում պետք է հրապարակվեն քաղաքացիներին ոստիկանության բաժին տանելու ժամանակ տեսախցիկների արձանագրած տվյալները, թե երբ է մտել և դուրս եկել, ինչ վիճակում է մտել կամ դուրս եկել, որ հանրության համար հասկանալի դառնան իրողությունները։ «Այդպիսով՝ մենք ակնկալում ենք նաև օբյեկտիվ տեղեկատվություն»։
Քննարկումն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
Նյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն ծրագիրը ֆինանսավորող կազմակերպության դիրքորոշման հետ։
Քննարկման ամբողջական տեսագրությունը հասանելի է այստեղ։ ⤵️