Նորություններ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում պատերազմից տուժած Արցախի բնակչությանը

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիան Արցախի դեմ հանգեցրել է հումանիտար լուրջ ճգնաժամի, միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների՝ մասնավորապես կյանքի, առողջության, երեխաների, գույքի իրավունքների ոտնահարման, խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման և զոհված զինվորների մարմինների խոշտանգման: Պատերազմի ընթացքում թիրախավորվել և վնասվել են ռազմական օբյեկտներից հեռու գտնվող քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները:

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, հավատարիմ մարդու իրավունքների պաշտպանության իր առաքելությանը, պատերազմի առաջին օրերից խստորեն դատապարտել է հակամարտության լուծումն ագրեսիայի և քաղաքացիական բնակչության նկատմամբ ուժի կիրառման միջոցով: Հիմնադրամը, քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների հետ, համատեղ հայտարարություններով ու նամակներով դիմել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան համայնքին` պահանջելով դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան, դատապարտել Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները և մարդու իրավունքի կոպտագույն խախտումներին տալ պատշաճ գնահատական:

ԲՀՀ Հայաստանն աջակցում է նաև երկրի առաջատար իրավապաշտպաններին և իրավաբաններին՝ ապահովելու պատերազմական հանցագործությունների հետևանքով տուժած անձանց համար արդարադատության մատչելիությունը։ Այս նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք կօգնեն վերականգնել Արցախի և Հայաստանի՝ պատերազմից տուժած շրջանների մարդկանց իրավունքները՝ միջազգային դատարաններում իրավական գործընթացներ սկսելու, իրավապաշտպան միջազգային մեխանիզմների օգտագործման և պատասխանատուներին պատասխանատվության կանչելու միջոցով։

Այս աշխատանքներին զուգահեռ ԲՀՀ – Հայաստանը ֆինանսավորում է մարդասիրական ծրագրեր՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում իրենց բնակավայրերը լքած և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված ընտանիքներին  աջակցելու նպատակով: Հիմնադրամը, պետական կառույցների ու հասարակական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությամբ, գնահատում է տեղահանված անձանց, մասնավորապես երեխաների, կանանց ու տարեցների կարիքները՝ նրանց թիրախային ու հրատապ աջակցություն տրամադրելու համար: ԲՀՀ Հայաստանը մինչ օրս ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել՝ Արցախից տեղափոխված ընտանիքներին օգնելու համար: Այդ օգնությունն առաջնահերթ կերպով ուղղված է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց  ապահովելու կենսաապահովման նվազագույն պայմաններով՝ սնունդով, հագուստով, ջեռուցմամբ, դեղորայքով, գրենական պիտույքներով, ինչպես նաև հիգիենայի պարագաներով՝ կանխելու նրանց շրջանում ԿՈՎԻԴ-19 համավարակի տարածումը:

Հիմնադրամի դրամաշնորհով Գորիսում ու հարակից համայնքներում ժամանակավոր ապաստան գտած կանանց ու երեխաներին տրամադրվել է սնունդ, հագուստ, հիգիենայի միջոցներ, գրենական պիտույքներ: Նմանատիպ օգնության փաթեթներ են տրամադրվել Գեղարքունիքի մարզում ապաստանած ավելի քան 400 արցախցիների: Երևանում և մարզերում գտնվող շուրջ 800 ընտանիքների հատկացվել է մեկ ամսվա համար նախատեսված սնունդ ու հիգիենայի պարագաներ:

Հիմնադրամը, համագործակցելով  Առողջապահության նախարարության հետ, ֆինանսավորել է նաև ռազմական գործողությունների առաջնագիծ մեկնած բժիշկների համար տաք սնունդի, ծածկոցների ու անձրևանոցների առաքումը: Մարդասիրական ծրագրերից բացի, ԲՀՀ Հայաստանն աջակցել է նաև պատերազմը լուսաբանող լրագրողների անվտանգության ապահովմանը: Հիմնադրամի դրամաշնորհով ձեռք են բերվել զրահաբաճկոններ և սաղավարտներ, որոնք անվճար տրամադրվել են առաջնագծում աշխատող ԶԼՄ ներկայացուցիչներին: Պատրաստվել են ռազմական դրության պայմաններում բնակչության քաղաքացիական պաշտպանության մասին իրազեկող նյութեր, կազմակերպվել տասնյակ առցանց քննարկումներ:

Ներկայում Հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ ընդլայնում է հումանիտար ճգնաժամի հետևանքները մեղմելու ու  տեղահանված անձանց թիրախային օգնություն տրամադրելու  ծրագրերը՝ սերտ համագործակցելով պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend