Նորություններ

«Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն»-ի հաղթած թիմերը ներկայացրին իրենց լրամշակած ծրագրերը

«Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն»-ի շրջանակում 5 նորարար գաղափար  լրամշակվել և զարգացման փուլ է անցել՝ ուղղված ՀՀ կառավարման մի շարք ոլորտներն ավելի բաց ու թափանցիկ, հաշվետու ու վերահսկելի դարձնելուն և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

2019թ.-ի օգոստոսի 29-ին Հանրային լրագրության ակումբում տեղի ունեցավ «Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն» մրցույթի արդյունքում հեղինակավոր և անկախ ժյուրիի կողմից հաղթող ճանաչված 5 թիմերի ծրագրերի ներկայացում-ցուցադրությունը:

Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը, ամփոփելով ծրագրի արդյունքները, ընդգծեց նախաձեռնության ընթացքի՝բացառիկ թափանցիկ և համագործակցային լինելը: «Մենք բոլոր կառույցներից շատ բաց և պատրաստակամ համագործակցություն ենք տեսել, ինչը շատ կարևոր էր այս նախաձեռնության հաջողության համար: Այդ սերտ համագործակցության շնորհիվ՝ թիմերը կարողացան լրամշակել ու ադապտացնել իրենց ծրագրերը, դարձնել այնպիսին, որ ավելի օգտակար լինեն այն կառույցների և ոլորտների համար, որոնք ընդգրկված էին հեքըթոնում»,- նշեց նա:

Հեքըթոնի արդյունքում հաղթող էին ճանաչվել և խոշոր դրամական մրցանակների արժանացել Gradient, Ad infinitum, Fimetech, Agro Tech, The Only one թիմերը։

Հետմրցութային փուլում թիմերն անցել էին ինկուբացիոն շրջան՝ սերտ համագործակցելով համապատասխան պետական կառույցների ու մենթորների հետ՝ զարգացնելու իրենց գաղափարներն ու առաջարկած  ծրագրերը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր ելույթում կարևորեց նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք ցույց են տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ խելացի, մոտիվացված, տաղանդաշատ անհատները հասարակության տարբեր օղակներից համախմբվում են, որպեսզի գտնեն լուծումներ ընթացիկ մարտահրավերների համար:

«ԱՄՆ դեսպանատունը աջակցեց այս նախաձեռնությունը, քանի որ մենք կարևորում ենք այնպիսի նախաձեռնությունները, որոնք ուղղված են առավել թափանցիկ և արդյունավետ կառավարմանը: Մենք ցանկանում ենք աջակիցը լինել հայաստանյան ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և թափանցիկ կառավարման համակարգի ձևավորմանը: Այս Հեքըթոնը գերազանց օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես քաղաքացիական հասարակությունը և կառավարությունը կարողանում են համախմբել իրենց ջանքերը՝ առավել բաց կառավարման և հասարակության մասնակցային գործընթացի ապահովման հարցի շուրջ»,- հավելեց դեսպանը:

«Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն»ը իրականացվել է ապրիլի 13-14-ը: 24 ժամ շարունակ Հեքըթոնի 28 մասնակից-թիմերը զարգացրել ու մշակել էին գաղափարներ, նորարար լուծումներ՝ ուղղված ՀՀ պետական կառավարումն առավել արդյունավետ դարձնելուն: Հեքըթոնն ուներ ոլորտային ուղղվածություն․ մասնակիցներին առաջարկվել էր մշակել գաղափարներ, որոնք կհամընկնեն Բաց կառավարման գործընկերության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ, որոնք վերաբերում են առողջապահական, ջրային և հողային ռեսուրսների կառավարմանը։ Հեքըթոնը նաև ուներ հակակոռուպցիոն նախագծերը խթանող առաքելություն։

«Ապրիլին մեկնարկվեց այս ծրագիրը, այդ երկու օրը մենք տեսնում էինք, թե ինչ ոգևորությամբ էին երիտասարդները աշխատում հենց պետական ոլորտի մասնագետների հետ, փորձում ստեղծել այնպիսի պրոդուկտ, որը իրականում պիտանի է կառավարությանը և ոլորտի մասնագետներին, այսօր մենք եկել ենք ամփոփելու արդյունքը: Ես հուսով եմ, որ այս մշակույթը կշարունակվի, որովհետև սա է նշանակում աջակցել, միասին ձևավորել այդ օրակարգը»,- ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության քարտուղար-համակարգող Լիլիա Աֆրիկյանը:

Համաշխարհային բանկի արտաքին և կորպորատիվ կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանը վստահություն հայտնեց, որ երբևէ զարգացում, ժողովրդավարություն ինստիտուցիոնալ առումով չենք կարող ունենալ, եթե քաղաքացիական հասարակությունը, գիտելիքը, կառավարությունը համատեղ գործունեություն չունենան և մեկը մյուսի կարիքները չգիտակցեն և չօգնեն: «Ես հույս ունեմ, որ այն գիտելիքը, որ դրել եք ստեղծելու գաղափարներ ինչ-որ առումով կիրականացվեն, կիրառման ոլորտ կթափանցեն և մենք այն ինստիտուցիոնալ բարեփոխումը, ինչի մասին խոսում ենք, վերջապես կդառնա անդառնալի: Համագործակցությունը կառավարական օղակների հետ կբերի շատ ավելի որակյալ պրոդուկտների»,- նշեց նա:

Հեքըթոնից հետո թիմերը նաև հնարավորություն են ունեցել իրենց ծրագրերի մասին կարծիքներ լսել հեղինակավոր IBM ընկերության ներկայացուցիչների կողմից․ կազմակերպվել են անհատական թիմային հանդիպումներ ընկերության  փորձագետների և հաղթած թիմերի մասնակցությամբ։

«Մեզ համար այսօր շատ կարևոր օր է, որովհետև մենք այսօր փորձելու ենք քաղել այն արդյունքները, որը ապրիլ ամսին փորձեցինք առաջին սերմերը գցել, ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև բոլոր ծրագրերի առումով ունենք սպասելի արդյունքները, որը Հեքըթոնի ժամանակ ակնկալում էինք»,- ասաց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը:

Հաղթող թիմերի ծրագրերի նկարագրությանը ծանոթացեք ստորև՝

gradientAM թիմ

gradientAM թիմը ստեղծել էր ծրագրային նախատիպ, որը մեքենայական ուսուցման ալգորիթմների կիրառմամբ պարզում է հողատարածքների նպատակային օգտագործման անհամապատասխանությունները կադաստրում գրանցված և իրական տվյլաների միջև, ինչը կարող է նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, տեսչական գործընթացի օպտիմիզացմանը, ապօրինի հողօգտագործման դեպքերի բացահայտմանը:  Թիմը նաև լրամշակեց ծրագիրն  ու արդյունքում արբանյակային լուսանկարներով հնարավոր է վերլուծել Սևանի ավազանում ջրի քանակը, կանխատեսել  ճահճացման հնարավորությունը։

Թիմն արժանացավ միանգամից երկու մրցանակի՝ Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից՝ 4000 ԱՄՆ դոլար (հարկերը ներառյալ) և  Հանրային լրագրության ակումբի կողմից` 3500 ԱՄՆ դոլար  (հարկերը ներառյալ)։

AD infinitum թիմ

AD infinitum թիմը ստեղծել էր ծրագրային նախատիպ, որն իրականացնում է Շտապ օգնության ծառայության տվյալների մշակում և օգտակար անալիտիկ հետևությունների ստացում՝ Վեբ ֆորմատով և տարատեսական գործիքերի կիրառմամբ: Նախագծի նախնական գաղափարը մշակման փուլում Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում ձևափոխվեց։ Այն հնարավորություն է տալիս շտապօգնության ծառայությունից օգտված անհատներին առցանց ուղարկել մատուցված ծառայության վերաբերյալ գնահատական, ծանուցել կոռուպցիոն երևույթների կամ դեպքերի մասին։

Թիմն արժանացավ խրախուսական մրցանակի Հանրային լրագրության ակումբի «Կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված նորարար գաղափարների հեքըթոն» ծրագրի շրջանակներում՝ ստանալով 2500 ԱՄՆ դոլար (ներառյալ հարրկերը)։

Agro Tech թիմ

Agro Tech թիմը ստեղծել էր ոռոգման համակարգի էլեկտրոնային մեխանիզմի նախատիպ, ինչը գյուղատնտեսության նախարարությանը և յուրաքաչնյուր գյուղատնտեսի կօգնի ավելի արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսների պաշարը: Թիմի ստեղծած ծրագիրը շուտով գործարկվելու է ու կիրառվելու Հայաստանի մարզերից մեկում։ Այն հնարավորություն է տալիս ջրօգտագործողին առցանց ու հեռախոսի միջոցով պլանավորել ջրի օգտագործումը, ամրագրել հերթ՝ ջուր օգտագործելու համար, այսպիսով նվազեցնելով ջրի կորուստները, ջրային ռեսուրսների անարդար բաշխման ռիսկը։

Agro Tech թիմը Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից արժանացավ մրցանակի`  4000 ԱՄՆ դոլար (ներառյալ հարկերը)։

 The only one թիմ

The only one թիմը ստեղծել էր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և բյուջետային միջոցների առավել արդյունավետ բաշխման նպատակով պետական պատվերների տրամադրման և վերահսկման առկա համակարգի օպտիմալացման և նորարարական լուծումների կիրառմամբ, կառավարման նոր գործիքների և ծառայությունների տրամադրման առցանց հարթակի նախատիպ, որի շնորհիվ հնարավոր կլինի ստանալ հավաստի մեծ տվյալներ, ավտոմատացված վերլուծություններ, առցանց իրականացնել այցելությունների ամրագրում և հերթագրում, ունենալ բաց, թափանցիկ և ժամանակակից առողջապահական համակարգ:

The only one թիմը Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից արժանացավ մրցանակի`  4000 ԱՄՆ դոլար (ներառյալ հարկերը)։

Fimetech թիմ

Fimetech ընկերության ծրագիրն ուղղված է խթանել ՀԴՄ կտրոնների տրամադրմանը, ինչպես նաև եկամուտների անհատական ինքնահայտարարգրմանը։  Թիմը ստեղծել է արհեստական բանականության տարրերով հավելված, որի արդյունքում օգտագործողը կարող է հեշտությամբ հայտարարգրել եկամուտները։

 Թիմը Հանրային լրագրության ակումբի կողմից արժանացավ 2500 ԱՄՆ դոլար (հարկերը ներառյալ)։

Հեքըթոնի մրցույթի ընթացքում տեղի ունեցած բոլոր մասնակիցների գաղափարների ներկայացումներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Միջոցառումը նախաձեռնել էին Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն իր գործընկերներ՝ Արմավիրի զարգացման կենտրոնի,  ISTC – Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ դեսպանատան և Համաշխարհային բանկի աջակցությամբ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend