Նորություններ

#electricyerevan ֆիլմը նոմինացվել է “ՄԷԿ ԿԱԴՐ” միջազգային փառատոնում

Հանրային լրագրության ակումբի կողմից պատրաստված «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է “ՄԷԿ ԿԱԴՐ” միջազգային փառատոնում՝ մրցույթային «Կինո առանց սահմանի» անվանակարգում։

Փառատոնը կընթանա հունիսի 2-ից 8-ը Նորարարական փորձառական արվեստի կենտրոնում։

«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցույցի մասնակիցները, ինչպես նաև իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության հեղինակավոր ներկայացուցիչերը վերլուծություններ ու անդրադարձեր են կատարում 2015թ. հունիսի 23-ի առավոտյան ոստիկանների` Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելու գործողությունների ու այդ օրվա զարգացումների մասին:

«․․․Մեզ մոտեցավ մի հատ ուրիշ բերետավոր ու հարվածեց վզիս․․․ », «…էս մայկեն ըսենց արեց ու վրեն գրված էր ոստիկան ու քացով հարվածեց փորիս․․․», «…ծեծեցին ընթացքում, տանելու ընթացքում․․․»,- իրենց ականատեսի վկայություններն են փոխանցում բողոքի ցույցի մասնակիցները ֆիլմում տված հարցազրույցի ընթացքում։

Հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել 246 անձ: Աշխատանքային պարտականությունները կատարելիս մոտ 13 լրագրող էր բերման ենթարկվել: Ընդհանուր առմամբ, ըստ հրապարակված տվյալների, 24 լրագրող է տուժել։

«Եթե հունիսի 23-ի գործողությունները գնահատելու լինենք իրավապաշտպան գործունեության տեսանկյունից, կամ որպես հետ քայլ իրավական համակարգում մարդու իրավունքների տեսանկյունից, ընդհանուր առմամբ մտահոգիչ է, բայց այդ ամենի համար մենք պետք է ունենայինք ոստիկանության նմանատիպ գործելաոճ նաև հետագայում: Մինչդեռ հունիսի 23-ին հաջորդած օրերին մենք տեսանք, նկատեցինք ու տեղում արձանագրեցինք Ոստիկանության գործողության և գործելաոճի փոփոխություն դեպի դրականը»,- ասում է ՄԻՊ նախկին տեղակալ (2014թ․- 2016թ․) Արմեն Գրիգորյանը:

Ըստ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի՝ հունիսի 23-ի դեպքերը ստվեր գցեցին Հայաստանի ոստիկանության ուժերի, կառույցների վրա։ Ակցիաները, ըստ իրավապաշտպանի, դրական իմաստով ազդեցին Հայաստանի իմիջի վրա, որովհետև Հայաստանը դարձավ բավականին հետաքրքիր միջազգային հանրության համար:

«Եվ երբ հետևում էինք միջազգային լրատվամիջոցներին, բավականին հարգանքով էին վերաբերվում, որովհետև մեծ մասամբ երկրները և ժողովուրդները հարգանքով են վերաբերվում այն ժողովուրդներին, որոնք դեռևս ուժ ունեն պայքարելու»,- հավելում է իրավապաշտպանը։

«Այն, ինչ արեց ոստիկանությունը․․․դե, շատ և շատ երկրներում արվում է մի քիչ ավելի մեղմ, մի քիչ ավելի կոշտ, կոպիտ, բայց այն՝ ինչպես էր դիմադրում երիտասարդությունը, այ սա, իսկապես տալիս էր քեզ հնարավորություն՝ հպարտանալ, ուրախանալ, որովհետև այս երկիրը երիտասարդներինն է, սա միանշանակ է»,- նշում է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։

Ֆիլմը հեղինակել է ՀԼԱ ղեկավար, համահիմնադիր Սեդա Մուրադյանը: Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել Արևիկ Սահակյանը, Արթուր Փարսյանը, Լևոն Գրիգորյանը, Լիլիթ Առաքելյանը, Սուսաննա Օհանջանյանը, Սերգեյ Խուդոյանը և այլք։

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2015թ․-ի նոյեմբերին  Ժուռնալիստների միության ցուցասրահում «Ֆոտոլուր» գործակալության  «#electricyerevan 2015»  ֆոտոցուցահանդեսի բացմանը զուգահեռ։ Այնուհետև ցուցադրություններ և ֆիլմի քննարկումներ են կազմակեպվել հանրապետության մարզերում, ինչպես նաև Հայաստանից դուրս։

Ֆիլմի լեզուն հայերենն է` ռուսերեն և անգլերեն լուսատողերով:

Ֆիլմը ստեղծվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ:

ՄԷԿ ԿԱԴՐ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի մասին

ՄԷԿ ԿԱԴՐ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինո հարթակ է: Հիմնադրվել է 2003թ.: Կինոփառատոնի խորհրդանիշն է ՝ Գեղամա լեռներում գտնվող 5000 ամյա ժայռապատկերից վերարտադրված բրոնզաձույլ քանդակը: Փառատոնում կա 3 մրցութային անվանակարգ. ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ, ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ և ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆ, հատուկ ծրագրերեր: ՄԷԿ ԿԱԴՐ-ը աջակցում է Հայաստանում անկախ կինոարտադրությանը: Ներկայացվող ֆիլմերը չունեն կրիչի սահմանափակում և կարող են նկարահանված լինել բջջային հեռախոսով, թվային տեխնիկայով, կինոժապավենով:



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend