Հանքարդյունաբերությունը` գյուղատնտեսության չարիք
- December 5, 2021
- Category: Նորություններ
Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այս հղմամբ։
_____________
Արգավանդցի Համայակ Հովսեփյանը հրաժարվում է վաճառել իր հողատարածքը, սակայն հույս չունի, որ երկար կարող է դիմադրել։ Իր հողակտորի բերքատվությունն այն աստիճան է նվազել, որ անիմաստ է դառնում չարչարանքն ու ծախսեր կատարելը։
Խնդիրը նրանում է, որ Համայակի հողակտորի հարևանությամբ գործում է ավազի տեսակավորման արտադրամաս, որտեղից պարբերաբար ներկայացուցիչներ են գալիս և առաջարկում գյուղացիներին վաճառել իրենց հողատարածքը։ Գյուղացիներից շատերը համաձայնում են բարձր գնով վաճառել հողատարածքը։ Գործարքից հետո հողատարածք են մտնում էքսկավատորներ և տարածքը վերածվում է ավազի հանքավայրի։
Կարճ ժամանակահատվածում հանքի վերածված տարածքում առաջանում է խորը փոսորակ, որը լցվում է ջրով՝ կլանելով շրջապատի հողատարածքների խոնավությունն ապահովող գրունտային ջրերը։ Արդյունքում՝ հարևան հողակտորների բերքատվությունը նվազում է, իսկ գյուղացուն ելք չի մնում, քան առաջարկել գնորդներին զգալիորեն ցածր գնով գնելու իր ապրուստի վերջին միջոցը։
Այս վիճակում են հայտնվել նաև Հակոբ Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը, Արա Գևորգյանը և շատ գյուղացիներ, որոնց գնորդներն ասել են. «Հարևաններդ վաճառել են, շուտ, թե ուշ, դու էլ ես վաճառելու»։ Զայրացած Համայակը սկզբունքորեն չի ցանկանում վաճառել իր հողատարածքը, երդվում է՝ հողը չի մշակի, բայց հանքատիրոջը չի զիջի։
Արմավիրի մարզի Արգավանդ համայնքում տեղակայված է ավազի տեսակավորման արտադրամաս, որը, տարբեր անձանց անունով հողատարածքներ գնելով, դրանք վերածում է ավազի հանքավայրի։
Ուսումնասիրություններից պարզ է դառնում ավազի արդյունահանման բնագավառում իրականացվող ապօրինությունները և դրանց արդյունքում գյուղացիական տնտեսություններին հասցված վնասը, այն է՝ զրկելով սեփական հողը մշակելու և ընտանիքը կերակրելու հնարավորությունից։ Հանքերի ապօրինի օգտագործումը վնասներ է բերում ինչպես համայնքում տեղական բյուջեին՝ հարկերի տեսքով, հաջորդաբար պետական բյուջեին։ Ավելի պարզ դարձնելու համար, այժմ ըստ հերթականության ծանոթանանք այդ երեք ընկերությունների գործելաոճին։
«Տնա-Շին Աշոտ» ՍՊ ընկերություն
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով, «Տնա-Շին Աշոտ» ՍՊ ընկերությունը 2012 թվ-ին Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի 4,81 հա հողատարածքում ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն 10 տարի ժամկետով, սակայն Տանձուտ համայնքում ընդերքօգտագործման համար վարձակալել է 3 հա հողատարածք։ Արգավանդ համայնքում ընկերության սեփականություն հանդիսացող 4,75 հա տարածքում տեղադրել է ավազի տեսակավորման արտադրամաս։
Ընկերությունը Արգավանդ համայնքում իր արտադրամասի հարևանությամբ, տարբեր անձանց անունով, գնելով գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, դարձնում է հանքավայր։
Քարտեզներից պարզ երևում է, որ միայն այս 2 հատվածներում Արգավանդ համայնքին պատկանող 36,49 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ վերածվել են ջրային տարածքի և ճահճի։
Արդեն նշմարվում է մոտ ապագայում հանքավայրի վերածվելու ճակատագրին դատապարտված հողատարածքների ուրվագիծը։ Այստեղ հողերը ջրազրկվել են և հետագա մշակությունը տնտեսապես աննպատակ է։ Գյուղացուն այլընտրանք չի մնում, քան խնդրել տնտեսվարողին գնելու իր հողակտորը։
Տարբեր ֆիզիկական անձանց անունով ընդերքն օգտագործելով՝ տնտեսվարողները կարծում են, որ նման գործողությունը տեղավորվում է սեփականատիրոջ իրավունքի համատեքստում, սակայն ՀՀ Ընդերքի մասին օրենքի 48 հոդվածը հստակ կարգավորում է նման գործողությունները (Հոդված 48, կետ 1 )։
«Տնա-շին Աշոտ» ՍՊ ընկերության ապօրինի գործողությունները Արգավանդ համայնքում, որ միայն 35,46 հա գյուղատնտեսական հողատարածքներ առանց հողի նշանակությունը փոխելու դարձրել են ճահճուտ, դրանով, համաձայն ՀՀ Կառավարության N 1746-Ն որոշման չափորոշիչների, համայնքին հասցրել են մոտ 187,2 միլիոն դրամի վնաս։ Եթե ընկերությունը այս տարածքներն օգտագործեր օրինական ճանապարհով, տարեկան հողի կադաստրային արժեքի 1 տոկոսը պետք է վճարեր որպես հողի հարկ։ Հողի հարկի մասին օրենք՝ հոդված 5:
Արգավանդի գյուղապետի տեղակալ Արման Գևորգյանն ասում է, որ միայն նշանակությունը փոխելով, յուրաքանչյուր հեկտարի համար տեղական բյուջե կմուտքագրվեր 2 միլիոն 780 հազար դրամ։ Արտադրական նշանակության հողատարածքի վարձակալության տարեկան հողի հարկը կազմում է 26 հազար 400 դրամ։ Ամենահամեստ հաշվարկով 15 հեկտար հողատարածքից Արգավանդի բյուջե չի մուտքագրվել 41,7 միլոն դրամ, հողի նշանակությունը փոխելու համար և տարեկան 396 հազար՝ վարձակալության համար։
Մեր հարցին՝ եթե այդ գումարը մուտքագրվեր տեղական բյուջե, ինչպիսի՞ ծրագրեր կարելի էր իրականացնել համայնքում։ Համայնքապետի տեղակալ Արման Գևորգյանն ասաց․ «Տարեկան 20 միլիոն դրամ բյուջե ունեցող համայնքի համար այդ գումարով ամեն ինչ էլ կարելի էր անել, բայց փաստացի այդ գումարը չկա։ Ինչու՞, չգիտեմ»։
«Տնաշին Աշոտ» ՍՊ ընկերությունից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց։ Ընկերության գրանցված հասցեում ոչ մի կազմակերպություն գրանցված չէ։ Իսկ արտադրամասում պատասխանեցին, որ տնօրենը այստեղ չի լինում և մեր մուտքն արտադրամաս արգելվում է։ Զուգահեռաբար զանգահարեցինք արտադրամասի պետից մինչև հիմնադիր, կապ հաստատել չհաջողվեց։
«Ավազպլյուս» ՍՊ ընկերություն
Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարության պաշտոնական կայքի, ընկերությունը Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի «Տանձուտ 1» տեղամասում 2018թ. հուլիսի 30-ին ստացել է ավազակոպճային խառնուրդի ընդերքօգտագործման իրավունք 4,05 հա տարածքում և կնքել թիվ Պ-588 պայմանագիրը 25 տարի ժամկետով։ Հարկ է նշել, որ ՏԿԵ նախարարությունն իր տվյալներում չի նշում հողատարածքի նպատակային նշանակությունը։
Տանձուտի համայնքապետարանի քարտուղար Գրիշա Խուրշուդյանի մեկնաբանությամբ, «Ավազպլյուս» ՍՊ ընկերությունը համայնքի հետ կնքել է 4,05 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածքի վարձակալության պայմանագիր 25 տարի ժամկետով, սակայն իրավունք չի ունեցել զբաղվելու հանքարդյունաբերությամբ՝ առանց հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելու։ Քարտուղարի խոսքով, «Ավազպլյուս» ընկերությունը գյուղատնտեսական նշանակության հողատարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվելու պատճառով համայնքի ղեկավարի 2018թ. նոյեմբերի 23-ի թիվ 130 որոշմամբ վարչական տույժի է ենթարկվել 100 հազար դրամի չափով։
Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Գոռ Մելիքյանի փոխանցմամբ, «Ավազպլյուս» ընկերության աշխատանքները կասեցված են հողատարածքի նշանակության փոփոխություն չկատարելու պատճառով։
Տեղեկատվությունը ստուգելու նպատակով այցելեցինք Եղեգնուտ համայնքում տեղակայված «Ավազպլյուս» ընկերության ավազի տեսակավորման արտադրամաս։ Արտադրամասն աշխատում էր բնականոն հունով, իսկ բեռնատարները ավազակոպճային խառնուրդ էին մատակարարում արտադրամասին։
Այսպիսով, «Ավազպլյուս» ընկերությունը Տանձուտ համայնքին միայն հողերի նշանակությունը չփոխելու և հանք շահագործելու համար հասցրել է 21 միլիոն 120 հազար դրամի վնաս։ Իսկ եթե ընկերությունը ժամանակին փոխեր հողերի նպատակային նշանակությունը, որպես հողի հարկ համայնքի բյուջե պետք է տարեկան վճարեր հողի կադաստրային արժեքի 1 տոկոսի չափով:
«Ավազպլյուս» ՍՊ ընկերությունը խնդիրներ ունի նաև Եղեգնուտ համայնքի հետ, որտեղ տեղակայված է իր ավազի տեսակավորման արտադրամասը։ Եղեգնուտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեդրակ Ալեքսանյանի մեկնաբանությամբ, ընկերությունը 10 տարի առաջ Եղեգնուտի բնակիչ Միշա Մանուկյանից առքուվաճառքի պայմանագրով ձեռք է բերում 1,41 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ Այնուհետև, գյուղին վճարելով 1,4 միլիոն դրամ, փոխում է 0,2 հա հողատարածքի նպատակային նշանակությունը և տեղադրում ավազի տեսակավորման սարքավորումներ։ Քարտուղարի խոսքով, ընկերությունը տարեկան 6400 դրամ հողի հարկ է վճարում, մասնավորապես՝ 1400 դրամ 1,41 հա գյուղատնտեսական հողի և 5000 դրամ 0,2 հա արտադրական նշանակության հողատարածքի համար։
Այցելեցինք «Ավազպլյուս» ՍՊԸ ավազի լվացման արտադրամաս։ Աշխատակիցները ասացին, որ իրենք իրավասու չեն հարցերի պատասխանել, անհրաժեշտ է դիմել տնօրենին, բայց, ցավոք տնօրենի գտնվելու վայրը, հեռախոսահամարը չգիտեն։ Խորհուրդ տվեցին ավելի ուշ այցելել։ Երրորդ այցելության ժամանակ աշխատակիցը, ով սեփական անունը չէր հիշում, ասաց․ «Ճիշտը իրենց չանհանգստացնելն է»։
Տեղում, անզեն աչքով, տեսանելի է, որ «Ավազպլյուս» ընկերությունը ավազի տեսակավորման համար 0,2 հա-ից զգալիորեն մեծ տարածք է զբաղեցնում, ինչը ճշտելու համար դիմեցինք քարտեզների օգնությանը։
Քարտեզից տեսանելի է, որ ընկերության ավազի տեսակավորման արտադրամասը տեղակայված է 3 հա հողատարածքի վրա, որից միայն 0,2 հա տարածքն է արտադրական նշանակության։ 1,21 հա տարածքը ընկերության սեփականությունն է, իսկ մնացած 1,59 հեկտարը, ըստ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի, համաձայնություն է ձեռք բերել սեփականատերերի հետ։
Եղեգնուտ համայնքին «Ավազպլյուս» ընկերությունը հասցրել է 8,47 միլիոն դրամի վնաս՝ միայն հողերի նպատակային նշանակությունը չփոխելու պատճառով։
Եթե Տանձուտ համայնքի ղեկավարը «Ավազպլյուս» ընկերությանը, թեկուզ ձևական, 100 հազար դրամի տուգանք է նշանակել, ապա Եղեգնուտ համայնքի ղեկավարը այդ ձևական մասն էլ չի պահպանել։ Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը, ում պաշտոնավարման տարիներին արտադրամասը հայտնվել է գյուղի վարչական տարածքում, ասաց․ «Կազմակերպության անունը չեմ հիշում, միայն գիտի, որ գործունեություն է ծավալում իր սեփական տարածքի վրա»։ Տուգանք չի սահմանել, որովհետև իր պաշտոնավարման հետ կապված խնդիրներ է ունեցել, նախ լիազրություններն են դադարեցվել, հետո դատական կարգով վերականգնվել,իսկ հիմա ընդիմադիր թևը խանգարում է իր բնականոն աշխատանքը կազմակերպել։
Իսկ աշխատակազմի քարտուղար Սեդրակ Ալեքսանյանն ասաց, որ տեսակավորման արտադրամասը պատկանում է «Ավազպլյուս» ՍՊ ընկերությանը, որը տարեկան 1400 դրամ հողի հարկ է վճարում 0,2 հեկտար արտադրական նշանակության հողի համար և 5000 դրամ՝ մնացած 1,2 հեկտարի համար։
«Սահակ-1» ՍՊ ընկերություն
Ըստ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքի, ընկերությունը 2016 թվ-ին Արմավիրի մարզի Ապագա համայնքում ստացել է 45 տարի ժամկետով ընդերքօգտագործման թույլտվություն 29,5 հա տարածքի վրա։ Ապագա համայնքի ղեկավար Պետրոս Ավագյանի մեկնաբանությամբ, «Սահակ-1» ՍՊ ընկերության հետ ջրային տարածքի վարձակալության պայմանագիր է կնքվել 45 տարի ժամկետով։
Ապագա համայնքի ղեկավարի խոսքով, համայնքը հսկողություն է սահմանել, որպեսզի տնտեսվարողը չգերազանցի հանքավայրի սահմանները: Տնտեսվարողի գործունեության շնորհիվ համայնքը ոռոգման ջրի խնդիր չունի։
Այս տարածքում հանքարդյունաբերություն է ծավալում «Սահակ-1» ՍՊ ընկերությունը։ Ընկերության գործունեության արդյունքում տասնյակ հեկտար գյուղատնտեսական հողատարածքներ դարձել են անպիտան, քանի որ, բացի ջրային տարածքից, օգտագործվում են նաև այլ հողատարածքներ։ Մեր նկարահանումների ժամանակ ընկերության էքսկավատորներն աշխատում էին չոր տարածքում և ավազ էին բարձում բեռնատար ավտոմեքենաները։
Արդյունքում՝ «Սահակ-1» ՍՊ ընկերությունը իր գործունեության ընթացքում Ապագա համայնքի 45 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ դարձրել է անպիտան։ Ապագա համայնքին հասցրած վնասը ՀՀ Կառավարության N 1746-Ն որոշման չափորոշիչներով կազմում է 396,0 միլիոն դրամ։
Կապ հաստատեցինք «Սահակ 1» ՍՊ ընկերության տնօրեն Գուրգեն Դավթյանի հետ, ով ասաց․ «Մենք բացառապես մեզ հատկացված տարածքում ենք գործունեություն ծավալում և շեղումներ չենք կատարում։ Թե ո՞վ, ե՞րբ, ի՞նչ է արել, տեղյակ չեմ։ Մեր գործունեությունը նորմալ է, մենք ոչ մեկին վնաս չենք տալիս, այսքանը կարող եմ ասել»։
Վերջաբան
Ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունից առաջին հերթին տուժում են գյուղացիական տնտեսությունները, որոնք զրկվում են ընտանիքը կերակրելու վերջին միջոցից։ Տուժում են համայնքները և երկրի բյուջեն, քանի որ ապօրինությամբ ստացված ապրանքը թաքցվում է նաև հարկային մարմիններից։
Միամտություն կլինի ասել, որ համայնքի ղեկավարները տեղյակ չեն ընդերքօգտագործողների ապօրինություններից, վերջապես, ամեն ինչ կատարվում է իրենց աչքի առաջ, և օժտված են լիազորություններով ոչ միայն վարչական տույժեր կիրառելու, այլ նաև լուծելու վարձակալության պայմանագրերը, դիմելու տեսչական մարմիններ՝ կանխելու համար տնտեսվարողների ապօրինի գործողությունները։
Մարզպետարանները ոչ մի լծակ չունեն ազդելու թույլտվությունների տրամադրման, գյուղատնտեսական հողատարածքները՝ որպես արտադրականի օգտագործելու, կամ հանքավայրի սահմանները խախտելու վրա։
Արմավիրի մարզում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման 31 թույլտվություն է տրվել տնտեսվարողներին, մասնավորապես՝ 16 ավազի, 6 տուֆի, 6 բազալտի, 2 անդեզիտի և մեկ գիպսապարի արդյունահանման թույլտվություն։
Եվ որպեսզի պարզ լինի Արմավիրի մարզի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին հանքավայրերի շահագործման հետևանքով հասցված ընդհանուր վնասների չափը, նշենք, որ հանքարդյունաբերության պատճառով, միայն վերջին 10 տարիների ընթացքում, Արմավիրի մարզի 14 համայնքներում 527 հեկտար հողատարածք դարձել է անպիտան և ենթակա է ռեկուլտիվացիայի։
Իրականում հանքեր շահագործողները պատահական մադիկ չեն, նրանք կամ ազդեցություն ունեցող մարդիկ են , կամ նախկին ու գործող պաշտոնյաներ։ Չնայած հիմնականում հանքերը գրանցված ե ն նրանց մերձավորների, որոշ դեպքերում ընտանիքի անդամների անուններով։
Օրինակ «Տնաշին Աշոտ» ՍՊԸ պատկանում է նախկին պատգամավոր Նախահապետ Գևորգյանին (նրան ճանաչում են Նովո մականվամբ)։ Տնօրենը Մնացական Հովհաննիսյանն է, հիմնադիրներն են՝ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը և եղբորորդին՝ Բագրատ Գևորգյանը, հավասար բաժնեմասերով։
«Ավազպլուս» ՍՊԸ հիմնադիրներն են՝ Տիգրան Նազարյանը և Հարություն Յանդյանը 33-ական, Գոռ Առուստամյանը 34 տոկոս բաժնեմասով։ Վերջինը աշխատում է Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) մոտ, ում գյուղացիները համարում են հանքի իրական տերը։
Ըստ գյուղացիների ։Սահակ 1»ավազի հանքավայրը պատկանել է Ապագա համայնքի նախկին ղեկավար Արտաշես Բարսեղյանին, ով, 2018 թվ-ին վաճառելով ընկերությունը Սվետլանա Սիմոնյանին, ընդմիշտ մեկնել է ԱՄՆ։
Անկախ նրանից թե ովքեր են հանք շահագործողները, գյուղացիական տնտեսությունները մի բան գիտեն, իրենք սեփական հողը մշակելու իրավունք ունեն և իրենց իրավունքների պաշտպանը պետք է լինի նաև համայնքի ղեկավարը։ Արգավանդցի Արա Գևորգյանն ով մեկ հեկտար հողակտոր էր գնել 13 տարի առաջ և հիմա անկախ իր կամքից դարձել հանքավայրի հարևանը, պնդում է, որ հասարակ գյուղացին իզորու չէ միայնակ պայքարել խնդրի դեմ, վստահ է, եթե ՏԻՄ-ը աջակցեն գյուղացուն և իրավիճակը նկարագրեն վերին ատյաններում, վերահսկողություն կսահմանվի և հանքարդյունահանողի շահերը գերակա չի լինի։ Ըստ Գևորգյանի համայնքի ղեկավարը ընտրվում է համայնքի և համայնքի բնակչի շահը պաշտպանելու, այլ ոչ թե մեծխահարուստներին ծառայելու համար, ինչը ըստ նրա անում են համայնքի ղեկավարները քաղելով իրենց սեփական օգուտը։ Արգավանդցիները հույս ունեն, որ համայնքների խոշորացման արդյունքում, խոշորացված համայնքի ղեկավարը ավելի մեծ լծակներ կունենա իր ազդեցությունն օգտագործելու , համայնքի հնարավորությունները ճիշտ գնահատելու և արդյունավետ կառավարում իրականացնելու համար։
_____________
Փաստերի ստուգման այս հոդվածը ստեղծվել է «Մեդիագրագիտություն՝ հասարակության խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը եւ Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։