Փաստերի ռադարի նորություններ

Փաստերի ստուգման էթիկայի սկզբունքներ լրատվամիջոցների համար

Մշակվել է Հանրային լրագրության ակումբ ՀԿ -ի «Փաստերի ստուգման ցանց» ծրագրի շրջանակներում։

Փաստերի ստուգման էթիկայի սկզբունքների վերջնական տարբերակը լրամշակվել է փորձագիտական քննարկման (մեդիակազմակերպությունների ներկայացուցիչների՝ խմբագիրներ, լրագրողներ) արդյունքում ստացված կարծիքների ու առաջարկների հիման վրա։

Լրատվամիջոցների համար մշտապես խիստ կարևորություն և առաջնահերթություն է ճշմարտության բացահայտումը և այն հանրությանը ներկայացնելը, սակայն ներկայում արագ փոփոխվող մեդիայի գործունեության արդյունքում ավելի հաճախ է տեղեկատվության ներկայացման օպերատիվությունը հաղթում հավաստիությանը։ Սույն փաստերի ստուգման էթիկայի սկզբունքներն առաջնային նպատակ ունի սահմանելու հստակ կանոններ, որոնք ընդունելի կլինեն այն ստորագրած լրատվամիջոցների և մեդիա կազմակերպությունների կողմից։ Կանոնները հարգելը խոսքի ազատության որևէ սահմանափակում չի ենթադրում։

Հաշվի առնելով կեղծ լուրերի տարածման ակտիվ դինամիկան վերջին տարիներին և դրանց հասցրած հանրային վնասակարությունը՝ առաջարկում ենք լրատվամիջոցներին ու մեդիա կազմակերպություններին հարգել հետևյալ մասնագիտական սկզբունքները.

  • խմբագրակազմի համար մշտապես անցկացնել մասնագիտական  վերապատրաստման դասընթացներ՝ ներառելով և ներկայացնելով փաստերի ստուգման ոլորտում առկա ժամանակակից գործիքներ,
  • խմբագրական թիմում նոր անդամներ ներգրավելիս վերջիններիս համար անպայմանորեն անցկացնել հակիրճ դասընթաց փաստերի ստուգման կարևորության մասին, սովորեցնել գործիքներ, որոնք թույլ կտան բաց տվյալների բազաների միջոցով իրականացնել լրագրողական հետաքննություններ և մեդիա տիրույթ դուրս բերված տեղեկատվության ստուգում,
  • հրապարակել բացառապես հավաստի և ստուգված տեղեկատվություն,
  • նպատակահարմար է՝ տեղեկատվության ստուգման համար խմբագրակազմում ունենալ ոլորտային փորձառու մասնագետ, որը տիրապետում է փաստերի ստուգման հնարավոր ամբողջական գործիքներին և կարող է արագորեն զատել կեղծ տվյալները հավաստի տեղեկությունից,
  • խուսափել պաշտոնյաների և պաշտոնատար անձանց ներկայացրած տվյալներն առանց ստուգելու որպես հավաստի տեղեկություն լսարանին հապճեպ ներկայացնելուց։ Մասնագիտական գործունեությունը կառուցել ոչ միայն պաշտոնական տեղեկատվության տարածմամբ, այլև դրանց ստուգմամբ բոլոր հնարավոր աղբյուրներից՝ բարձրացնելով հանրության վստահության մակարդակը դեպի լրատվամիջոցը և բացառելով վերջիններիս կասկածը, որ հրապարակումը կարող է կեղծ տեղեկատվություն պարունակել,
  • խուսափել սոցիալական ցանցերում առկա տեղեկատվության արտատպումից, առանց դրա հավաստիությունը լիարժեք ստուգելու չհրապարակել և չհանրայնացնել, հակառակ դեպքում հստակ նշել, թե ով տվյալ տեղեկատվության աղբյուրը,
  • խուսափել միայն մեկ ականատեսի մեկնաբանությունը, կարծիքը առանց դրա իսկությունը ստուգելու որպես հավաստի տեղեկություն լսարանին հնարավորինս արագ ներկայացնելուց,
  • ստուգել անգամ մտերիմ համարվող աղբյուրներից ստացած տեղեկատվությունը, մինչև հրապարակելը գտնել նաև այլ աղբյուրներ, որոնք կհաստատեն տեղեկատվության հավաստիությունը,
  • հստակորեն սահմանազատել տեղեկատվությունը մեկնաբանությունից, հրապարակումներում տարբերակել փաստերի շարադրանքն ու մեկնաբանությունը, չխեղաթյուրել փաստերը, հերոսների խոսքը մեջբերել հնարավորինս ուղիղ՝ առանց բովանդակային խմբագրման,
  • վերնագրերն ընտրելիս խուսափել տարատեսակ մանիպուլյացիաներ կիրառելուց, առաջնորդվել ըստ հրապարակման բովանդակության վերնագիր ընտրելու սկզբունքով,
  • փաստական սխալներ հրապարակելիս հարավորինս արագ ուղղել դրանք, դարձնել առավել քան տեսանելի լսարանի համար,
  • մարդկանց մասին տեղեկություններ հավաքելիս, այդ թվում և սոցիալական ցանցերում առկա հաշիվներից, առաջնորդվել բացառապես օրինական և ազնիվ մեթոդներով՝ օգտագործելով բաց տվյալների բազաները՝ հերոսներին նույնականացնելու համար, չօգտագործել հավաքագրված տվյալներն այլ նպատակներով,
  • պաշտոնյաների ֆեյսբուքյան գրառման վրա հղում անելիս տեղեկատվությունը ստուգել նաև սկզբնաղբյուրից՝ բացառելով հաշվի՝ մեկ այլ անձի կողմից անօրինական օգտագործվելու արդյունքում ստեղծված բովանդակության տարածումից,
  • չշտապել տեղեկատվության հրապարակման հարցում, եթե հաստատված և ստուգված չէ հրապարակման բովանդակությունը,
  • խուսափել անհայտ աղբյուրներին հղումներ տալուց և բամբասանքի տարածումից՝ զերծ մնալով տեղեկատվական քաոսի ստեղծումից,
  • խմբագրակազմի ներկայացուցիչները անգամ սոցիալական ցանցերում առկա իրենց հաշիվներով տեղեկատվություն տարածելիս պետք է ստուգեն տարածման ենթակա տեղեկատվության հավաստի լինելը, ինչից հետո միայն կարող են տարածել իրենց հետաքրքրող տեղեկատվությունը,
  • պետական կառույցների գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը հրապարակել պաշտոնական աղբյուրների վրա հղումով՝ չխուսափելով այն ստուգելուց,
  • որևէ մեկին անօրինական գործողության կամ անգործության մեջ մեղադրելուց առաջ վերջինիս տալ խոսքի իրավունք, լսել կարծիքը և պատասխանի հնարավորություն ընձեռել հրապարակման մեջ,
  • մշտապես պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքը,
  • այլընտրանքային տվյալներ կամ հակափաստարկներ ներկայացնելիս անպայմանորեն նշել դրանց ձեռքբերման տարբերակը,
  • քաղաքական և ֆինանսական հեղինակությունների հայտարարությունների ազդեցությամբ չստուգված հրապարակումներ չպատրաստել, չենթարկվել վերջիններիս հեղինակությանը՝ ընկալելով այն որպես հավաստիություն,

Մասնագիտական գործունեության ընթացքում վերոնշյալ սկզբունքներին պետք է հետևի պատասխանատու լրագրություն որդեգրած յուրաքանչյուր լրատվամիջոց և մեդիա կազմակերպություն: Մամուլի և խոսքի ազատությունը ենթադրում է նաև որոշակի պատասխանատվություն, ինչի արդյունքում հնարավոր է լինել արդար, օբյեկտիվ և ազնիվ լրատվամիջոց և մեդիա կազմակերպություն:

Հատկանշական է, որ փաստերի ստուգման սույն էթիկայի վարքականոնը կարող է յուրօրինակ ձեռնարկ լինեն մի շարք լրատվամիջոցների համար, որոնք չունեն անգամ ներխմբագրական վարքականոն։ Ընդհանրապես, Հայաստանում լրատվամիջոցներից քչերն ունեն ներքին կանոնակարգեր, առկայության դեպքում էլ դրանք խիստ թարմացման կարիք ունեն, քանի որ կազմվել են տարիներ առաջ, երբ կեղծ լուրերի տարածումը ժամանակակից մակարդակից բավականաչափ հեռու էր, չկային արդի՝ լուրերի տարածման հարթակները։

Սույն էթիկայի սկզբունքները կազմելիս ուշադրության կենտրոնում ենք ունեցել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության էթիկայի կանոնագիրը, «Առավոտ» օրաթերթի էթիկայի վարքականոնը, Հանրային հեռուստատեսության և «Արմենիա» հեռուստաընկերության (նախկինում «ՊանԱրմենիան» մեդիա գրուպի անդամ) «Ժամը» լրատվական հաղորդման խմբագրակազմի կողմից մշակված փաստերի ստուգման և ներքին կիրառության համար ստեղծված ուղեցույցը, ինչպես ընդունելի նորմերը սոցիալական ցանցերում հաշիվներ ունենալիս, «Քառյակ մեդիա խումբ» կազմակերպության ներքին կարգավորումները, ինչպես նաև ԵՄԱ Էթիկայի դիտորդ մարմնի կողմից ստեղծված էթիկական սկզբունքների կանոնագիրը։

Հեղինակեց՝

Washington Post-ի տարածաշրջանային փորձնակ,  մեդիա հետազոտող Հարություն Ծատրյանը։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend