Նորություններ

Հայաստան․ հերոսացում և խարան։ Պատերազմի մասնակիցների հոգեբանական խնդիրները

Հեղինակ՝ Ազա Սարգսյան

 

Հերոսացումն ու կարծրատիպերը պատերազմի մասնակիցներին խանգարում են դիմել անհրաժեշտ հոգեբանական աջակցության։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակից Միքայելին (անունը փոխված է) հաճախ են տանջում մղձավանջները։

«Նյարդային է դարձել, երբեմն՝ ագրեսիվ։ Մեկուսացել է, դարձել է ինքնամփոփ, բարձր ձայներից վեր է թռնում, գիշերները պատերազմի հետ կապված մղձավանջային երազներ է տեսնում։ Առաջվա Միքայելը չի, շատ է փոխվել։ Մինչև հիմա չի կարողանում հետ գալ, վերադառնալ խաղաղ կյանքի», — ասում է Միքայելի մայրը՝ Ալվինան (անունը փոխված է)։

Ըստ Ալվինայի, չնայած գանգատներին, որդին կտրականապես մերժում է հոգեբանական աջակցության  դիմելու հորդորները։

«Չենք կարողանում համոզել, ընդհանրապես էդ թեմայով չի ուզում խոսել և վերջ։ Եթե իմանա, որ ձեզ հետ խոսել եմ իր խնդիրների մասին, չգիտեմ էլ, թե ոնց կարձագանքի, դրա համար խնդրում եմ մեր անունները փոխել»։

ՀՏՍԽ անեծքը

Պատերազմի հիմնական հոգեբանական հետևանքները մասնագետներն ամփոփում են մեկ ախտորոշման մեջ՝ Հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ)։ Այն բնորոշ է պատերազմ վերապրած հասարակություններին և առավել ընգծված է արտահայտվում պատերազմական գործողությունների մասնակիցների և ականատեսների շրջանում։ Չնայած նման գանգատներին՝ պատերազմի մասնակիցները  երբեմն հրաժարվում են  դիմել հոգեբանական աջակցության։

Հոգեբան, հոգեթերապևտ Տաթևիկ Հովհաննիսյանը, որն աշխատում է զինհաշմանդամություն ունեցող անձանց հետ, ընդգծում է, որ չնայած տղաներն ունեն ՀՏՍԽ և դրան բնորոշ մի շարք գանգատներ՝ գիշերային մղձավանջներ, կրկնվող մտապատկերներ, բարձր տագնապայնություն, դեպրեսիվ բազմաթիվ դրսևորումներ, անուժություն, խուճապային գրոհներ,  ոչ բոլորը, բայց մի մասը սկզբում մերժում են հոգեբանի հետ խորհրդատվությունը, քանի որ նրանց վրա միանգամից հերոսի կնիք է դրվել։

«Եթե տղան մասնակցել է պատերազմին, միանգամից  կնիք ենք դնում հերոսի, իսկ հերոսը իրավունք չունի լինել թույլ, տխուր, ապրել պատերազմի բնական հետևանքները։ Ինչպե՞ս կարող է հերոսը գնալ բժշկի մոտ ու ասել՝ վատ եմ», — ասում է Հովհաննիսյանը։

«Իրականում պետք է զգույշ լինենք պիտակավորելուց, որովհետև գուցե հերոս են, բայց մարդ են։ Իսկ մարդուն, մանավանդ հոգեբանական տրավմա ապրած մարդուն, հատուկ են նաև անուժության, անզորության, տխրության, տագնապայնության, քնի մղձավանջների և քրոնիկ հոգնածության վիճակները»,- ասում է մասնագետը։

Շարունակությունն այստեղ։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend