«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիմում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին
- May 31, 2022
- Category: Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության նախագահ
պարոն Վահագն Խաչատուրյանին
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Դիմում ենք Ձեզ՝ որպես ՀՀ Սահմանադրության երաշխավորի, «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում այն չստորագրելու օրենքի հակասահմանադրական լինելու հիմնավորմամբ:
Սույն թվականի ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ հավանության արժանացած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի կոնվենցիային և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին:
Այս օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժների, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական անհնազանդությունը՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։
Անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։
Օրենսդրական այս փոփոխությունն, ըստ էության, հանրության՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքի, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայով նախատեսված՝ որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքի սահմանափակում է և հակաժողովրդավարական է։
Հակասահմանադրական է սույն օրինագծի՝ հետադարձ ուժ ունենալու դրույթը, քանի որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Օրենսդրական այս փոփոխությունը վատթարացնում է ողջ հանրության իրավական վիճակը և խախտում նրա իրավունքները։ Խնդրահարույց է նաև, որ, օրինագծի համաձայն, փոփոխված ժամանակացույցով նախագծերը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագրերը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չեն լինելու: Այն հակասության մեջ է մտնում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի հետ, որի 20-րդ հոդվածի 7-րդ կետում նշված է. «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»:
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Խնդրի առնչությամբ ամբողջական կարծիք կազմելու համար առաջարկում ենք քննարկում կազմակերպել Ձեր և շահագրգիռ հանրության միջև՝ ներգրավելով նաև մասնագիտական ու իրավական գիտելիքներ ունեցող անկախ փորձագետների:
Հարգանքով՝
1. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
2. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
3. «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ
4. «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ
5. Էկոլոգիական հասարակական դաշինք
6. Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
7. «Դալմա-Սոնա» հիմնադրամ
8. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
9. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
10. «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
11. «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
12. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
13. «Լոռե էկո-ակումբ» ՀԿ
14. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
15. «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ
16. «Լոռու երիտասարդների և համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ
17. «Հանի» երիտասարդական կենտրոն կամավորական նախաձեռնություն
18. «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ
19.«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
20. Հաշմանդամների աջակցության Սյունիքի մարզի «Ողջի» ՀԿ
21. «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ
22.«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ
23. «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ
24. «ՎԵԼԵՍ» իրավապաշտպան ՀԿ
25. «ԵՀԱԿ» ՀԿ
26. Ինֆորմացիայի ազատության կենտրոն
27.«Կանանց աջակցության կենտրոն» ՀԿ
28. Երևանի մամուլի ակումբ
29. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
30. «Սինեմարթ» ԵՀԿ
31. Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
32. Հանրային լրագրության ակումբ
33.«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
34. Գորիսի մամուլի ակումբ
35. «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
36. «Նոր հորիզոններ» ՀԿ
37.«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
38. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
39. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
40. «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
41. «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ
42. «ՀԵԲԱ» ՀԿ
43. Արթուր Համբարձումյան, փաստաբան, էկոլոգիական իրավունքի
մասնագետ
44. Էդվարդ Արզումանյան, էներգետիկայի ոլորտի փորձագետ