Հոկտեմբերի 21–23-ը Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը հայկական վերլուծական կենտրոնների պատվիրակության կազմում մասնակցել է Բրյուսելում կազմակերպված ճանաչողական այցին։ Այն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ գերմանական Particip GmbH կազմակերպության կողմից իրականացվող «Գիտելիքի և քաղաքականության կամրջում․ հայկական վերլուծական կենտրոնների հզորացում՝ ԵՄ-ի հետ համագործակցության և տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման նպատակով» ծրագրի շրջանակում։
Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել եվրոպական առաջատար կառույցների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Եվրոպական քաղաքականության կենտրոնի (EPC), Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի (CEPS), Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST), Եվրոպական խորհրդարանի, Էգմոնտի՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (Egmont), «Բրյուգել» (Bruegel) վերլուծական կենտրոնի, IRSEM-Europe—ի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԵՄ–Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը, տարածաշրջանային կապակցվածությունը, եվրոպական ինտեգրման գործընթացներն ու Հայաստանում իրականացվող բարեփոխումները։
Առանձին ուշադրություն է դարձվել վերլուծական կենտրոնների դերին քաղաքականության մշակման գործընթացներում, հետազոտությունների և փորձագիտական գիտելիքի կիրառման հնարավորություններին, ինչպես նաև հայկական և եվրոպական հետազոտական հաստատությունների միջև համագործակցության խորացման հեռանկարներին։
Այցը հնարավորություն է ընձեռել հայաստանյան փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին անմիջական շփումներ հաստատելու եվրոպական կառույցների և վերլուծական կենտրոնների հետ, փոխանակելու տեսակետներ ու փորձագիտական գնահատականներ և ուսումնասիրելու հետագա համագործակցության հնարավորությունները։
Հանրային լրագրության ակումբի մասնակցությունը նման նախաձեռնություններին նպաստում է միջազգային մասնագիտական կապերի ընդլայնմանը, եվրոպական գործընկերների հետ երկխոսության զարգացմանը և Հայաստանի համար կարևոր քաղաքական ու հասարակական գործընթացների շուրջ փորձագիտական քննարկումներում ներգրավվածության ամրապնդմանը։
