«Hack2Check․ մեդիա եւ տեղեկատվական գրագիտության հեքըթոն»-ի նախապատրաստական աշխատանքները թեժ փուլում են
- December 12, 2023
- Category: Նորություններ
«Hack2Check․ մեդիա եւ տեղեկատվական գրագիտության հեքըթոն»-ի նախապատրաստական աշխատանքները թեժ փուլում են։
Մեդիա, թվային եւ տեղեկատվական գրագիտության բարելավման ու առցանց քարոզչության կանխարգելման նպատակով կազմակերպվող հեքըթոնի նպատակն է խրախուսել ՏՀՏ ոլորտի թիմերին՝ ստեղծել այնպիսի գաղափարներ, որոնք միտված կլինեն լուծելու հանրության յուրաքանչյուր անդամի համար կարեւոր մարտահրավերները մեդիագրագիտության համատեքստում։
Ծրագրի առաջին՝ «Խնդրի վերհանում ու ձեւակերպում» հանդիպմանը հրավիրված էին մեդիագրագիտության, թվային անվտանգության, կրթության, միջազգային ու տեղական կառույցներ ներկայացնող մասնագետներ։ Մտագրոհի ձեւաչափով այս աշխատանքային քննարկման ժամանակ, դեկտեմբերի 4-ին, մասնագետները վեր հանեցին Հայաստանում քարոզչության, փաստերի ստուգման եւ մեդիա գրագիտության հետ կապված ամենահրատապ մարտահրավերներն ու խնդիրները: Մասնագիտական խումբը նաեւ մասնակցել է առցանց հարցախույզի, որի միջոցով ՀԼԱ-ն հավաքագրել է ավելի խորքային վերլուծություն՝ մեդիագրագիտության ներկայիս մակարդակի, մարտահրավերների, առկա ծրագրերի ու միջազգային լավագույն փորձի վերաբերյալ։
Հեքըթոնի խորհրդատվական խմբի անդամներն են՝
- Վիկտորիա Օհանյանը – ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի Արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար
- Արմեն Սարգսյանը – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիափորձագետ
- Արթուր Պապյանը – Երևանի մամուլի ակումբի ղեկավար
- Արթուր Խալաթյանը – Հայաստանի ամերիկյան համալսարան, «Արդյունաբերական ճարտարագիտություն եւ համակարգերի կառավարում» մագիստրոսական ծրագիր ղեկավար, «ԳիտՍԵՐունդ» ծրագրի գլխավոր հետազոտող
- Անի Եղիազարյանը – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար
- Գարիկ Հարությունյանը – Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս
- Սեդա Առաքելյանը – մեդիագրագիտության մասնագետ
- Ադելինա Շահինյանը – մեդիագրագիտության ուսուցչուհի
- Ալեքսանդր Մարտիրոսյանը – մեդիագրագիտության փորձագետ
«Hack2Check․ մեդիա եւ տեղեկատվական գրագիտության հեքըթոն»-ի խնդրի վերհանման ու ձեւակերպման փուլի խորհրդատվական խմբի անդամ Ալեքսանդր Մարտիրոսյանի խոսքով՝ մեր օրերում, անկախ մասնագիտությունից եւ հետաքրքրություններից, մեդիա եւ տեղեկատվական գրագիտության համապարփակ կարողությունները հրամայական են, իսկ մեր հասարակությունն այս գիտելիքների ու կարողությունների կարիքը շատ ունի․
«Վստահել-չվստահելու, հավատալ-չհավատալու երկընտրանքն ամենօրյա որոշում է սոցիալական մեդիան թերթելիս եւ նորություններին ծանոթանալիս։ Որքանո՞վ ենք կարողանում կողմնորոշվել մեդիա լանդշաֆտում, տալ հարցեր եւ համառորեն գնալ պատասխանների հետևից․ ժամանակի, գիտելիքի ու փորձի հարց է։ Անչափ կարեւորում եմ «Hack2Check» նախաձեռնության առանցքային ջանքերը, որոնք ընդգծում են մեդիա եւ տեղեկատվական գրագիտության կարեւորությունը մեր աճող թվային աշխարհում: Այն ընդգծում է մեր տեղեկատվական էկոհամակարգի բարդությունները, եւ միաժամանակ խթանում է համագործակցային լուծումներին»,- նշում է Մարտիրոսյանը։
Մեդիագրագիտության փորձագետ Արմեն Սարգսյանն էլ ընդգծում է, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են ոլորտի մասնագետների համար՝ միմյանց ճանաչելու․
«Բացի այն, որ ճանաչում ենք իրար, ոլորտի վերաբերյալ տեսակետներ ենք փոխանակում, ընդհանուր մոտեցումներ ենք գտնում»,- ասում է նա։
Խորհրդատվական խմբի անդամներից Ադելինա Շահինյանը, ով մեդիագրագիտության ուսուցչուհի է, նշում է, որ նմանատիպ միջոցառումները կարող են ազդեցություն ունենալ գրագետ եւ լավ մեդիադաշտ ունենալու վրա․
«Ինչպես նաեւ բարելավել կրթական ոլորտներում մեդիագրագիտության եւ մեդիակրթության մակարդակը, ուղղորդել խոցելի խմբերին ճիշտ ընկալել մեդիան` առաջնորդվելով մեդիագրագիտության հիմունքներով»,- կարծում է նա։
Մասնագիտական քննարկումների արդյունքում սահմանվեցին մեդիագրագիտության հեքըթոնի խնդիրները եւ ընտրվեցին թիրախային խմբերը։ Հաջորդիվ, մասնագետների խումբը կշարունակի աշխատել միջոցառման տեխնիկական առաջադրանքի եւ այլ կարեւոր մանրամասների հստակեցման վրա։ Այս աշխատանքների արդյունքում կմշակվեն ու կձեւակերպվեն հեքըթոնի հստակ խնդիրները, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին թիրախային լուծումներ առաջարկել։
Հանրային լրագրության ակումբը «Hack2Check․ մեդիա եւ տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում:
Ծրագրի գործընկերներն են Հայաստանի ամերիկյան համալսարանը եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իր Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններով։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/kwIOV