Նորություններ

Իմ կոչն աշխարհի քաղաքացիներին․ Կարանտինը` որպես կյանքը վերարժևորելու միջոց

Ստորև ներկայացված է Հանրային լրագրության ակումբի Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ իրականացվող «Կովիդ-19. արագ արձագանքում» ծրագրի շրջանակներում իրականացված՝ «Կորոնավիրուս, մենք քեզ չէինք սպասում» խորագրով էսսեների մրցույթի՝ «Իմ կոչն աշխարհի քաղաքացիներին» խորագրում հաղթած ստեղծագործական աշխատանքը։

Սոնա Մուրադյան,
ք․Վանաձոր

Դուռս փակ է։ Սենյակում էլի նստած եմ, քիչ առաջ էլ պառկած էի. ամբողջ օրը գլուխս թաղված է մի քանի գրամանոց գաջեթի մեջ։ Ես վիրտուալում եմ իրական, ես իրականում էլ իրական չեմ. իրականը վիրտուալն է։ Կողքի սենյակում մայրս լսում է լուրերը` ֆեյք, ճիշտ, լրիվ խառնել է իրար. չէ-չէ, այդ մեդիան է խառնել իրար, ԶԼՄ-ն հարձակվել է մեզ վրա ու կրծում է մեր կոկորդը, ասես, որ չխոսենք, որ սթրեսի ենթարկվենք, ճնշման տակ լինենք ու միայն լսենք, հետո լռենք, լռենք, որ կորչի… Մայրս ասում է. -Ի՞նչը կորչի։

-Սերը, մայրի’կ։

Մենք լռում ու տխրում ենք, սպասում ու կորցնում։ Կորցնում ենք մեր սիրելիներին, ընկերներին, որովհետև դադարում ենք առաջինը գրել. մենք կորցնում ենք ինքներս մեզ։

Չէ՜, ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Պարզապես, աշխարհում թագավարակն է քայլում, երկրում արտակարգ դրություն է, դու տանն ես, հետո դուրս ես գալիս պատշգամբ ու դառնում ես թմրամոլ, իսկ մաքուր օդը, Օդը` թմրանյութ, ու շնչում ես ագահի պես, կուլ տալիս այն։ Պատշգամբում Արևը մարմինդ գրկում, լուսավորում է, բայց չի ջերմացնում, ինչպես էս օրերին հնչած սիրո խոսքերն ու մարդկային շփումը։ Կանգնած ավելի լավ ես մտածում. սկսում ես վերլուծել ապրածդ, կորցրածդ ու հասկանում ես, որ չես կորցրել. կյանքդ դարակ է դարձել, դասավորել ես, մի քանի անպետք «Բան» դեն նետել.      հասկանում ես, որ թագավարակ լինի, ջրհեղեղ, փոթորիկ, թե պատերազմ, միևնույնն է կենտրոնում մարդն է։ Կենտրոնում Դու ես։ Այժմ մեծ շանս ունես` փոխելու ու փոխվելու։ Ամեն ինչ ավելի բարի դարձնելու, ինչպե՞ս. պարզապես ժպտա։ Ժպտա, որ ոգու սով չգա, ժպտա, որ ես էլ ժպտամ։ Իմ ժպիտից գուցե՞ մեկն էլ ժպտա։ Աշխարհը վարակիր ժպիտով, թող բոլորս վարակվենք սիրով։

Հիմա մեկը մոմի լույսի ներքո Աստվածաշունչ է կարդում, մյուսը` ստորագրություն կեղծում, բաց մի թող բացառիկ հնարավորությունդ ու բացահայտիր քեզ համար. Աստվածաշունչ կարդացո՞ղ ես, թե՞ կեղծարար. բացահայտիր, եթե անգամ աթեիստ ես։ Դե՜, ի՞նչ ես նստել` թթված դեմքով, խոր հայացքով, ցած հոնքերով։ Գիտե՞ս` աշխարհում ինչ է կատարվում,- հա’, գիտեմ, թագավարակ է,- ո’չ, ի՞նչ թագավարակ, վարակն առիթն է, պատճառը` մեր դագաղ դարձած հոգիները, որոնք սպասում են իրենց հողարկավորությանը։ Կատարվում է այն, որ մենք չենք հանդուրժում, չենք հասկանում, չենք սիրում։ Մենք մեր հոգիներին ինքնասպանության ենք դրդում։ Դադարեցրու։ Մենք այս օրերին միմյանց չենք գրկում, խուսափում ենք իրար աչքերի մեջ նայելուց, խուսափում ենք ապրելուց։ Մեզ գցել ենք մի տեղ, որտեղից սեփական կյանքին կողքից ենք նայում, բայց ի՜նչ աչքերով. անտարբեր, սառած, անթարթ աչքերով։ Հիմա ժամանակն է հասկանալու, որ ուժեղ է պետք լինել, որ սա էլ ապրելու նոր միջոց է ու պիտի ապրել։

ԱՄՆ-ում գիտնականները հակաթույն են փնտրում, ես գտել եմ. աշխարհում ցանկացած աղետ հաղթելու ուղին մեկն է. այն անցնում է մեր հոգու միջով, հպվում կենդանի ու անկենդան բջիջներին, հրաման ուղարկում ուղեղին ու փարվում սրտին։ Սերը։ Սերը հաղթում է, ամեն բան մոռացնել տալիս. ռասիստներին` ռասիզիմը (այդ անիմաստ տերմինը, որով խաղում են աշխարհի «Մեծ այրերը»), անհավասարությունը, որի սահմանները հիմարներն են գծում, աղքատությունը, որը մեզ զրկում է այլոց հետ հավասար ապրելուց, ազգայնամոլությունը, որի փեշի տակ թաքնվում են բոլոր սրիկաները, պատերազմները, որոնք խաղալիք են դարձնում մարդու ճակատագիրը, աշխարհի տարբեր ծայրերում էկոլոգիական աղետը, որով վիրավորել ենք բնությանը, ու նա հիմա մեզ մեր պատասխանն է տալիս։ Այս ամենի վերջը մոտ է. ոչինչ պատահական չի լինում կյանքում, ամեն բան լինում է անհրաժեշտաբար, մեզ ապտակ էր պետք` վերարժևորելու ինքներս մեզ, մեր կյանքը, վայելելու այն նորովի, ապրելու` սիրով, ապրելու այնպես, կարծես սա է կյանքիդ վերջին օրը։ Ու թող վերջին բանը, որ քեզ գրկի կարոտը լինի, վերջին բանը, որ քեզ լքի ցավը լինի, վերջին նոտան, որ հնչի ռե-ն (վերա.-) լինի, վերջին օրը, որ դու ապրես` սիրով լինի, վերջին խոսքը, որ դու ասես` սերը լինի։ Ու թող դա մինչ մահդ լինի։ Մենք հաղթելու ենք, հաղթելու ենք` թագավարակից պաշտպանվելու դիմակի տակից Սերը հանելով ու ողջ աշխարհով սփռելով։ Դժոխքի ճանապարհն անգամ պատրաստվել է բարի նպատակներով։ Թագավարակը բարի նպատակները վերականգնելու կոչ է։ Այն մեզ սպանում է, որ գնահատենք այն, ինչ ամենաքիչն ենք գնահատել` ՍԵՐԸ։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend