Նորություններ

Կարևորը «Ռեք ընկնելն է»․ կեղծ տեղեկությունները ու փաստերի ստուգման պակասը հայալեզու Տիկտոկում

Հոդվածի հեղինակ՝ Գեղամ Վարդանյան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցությամբ, ուսումնասիրել է Տիկտոկ հարթակի հայալեզու տարածքում ապատեղեկատվության միտումները։ Հեղինակները զրուցել են փորձագետների ու տիկտոկերների հետ, Տիկտոկում ակտիվ լրատվամիջոցների հետ, դիտարկել են հարթակում հայտնի մի քանի ալիքների բովանդակությունը, նաև վերլուծել են ընտրված թեմաներով տարածվող հեշթեգերը։ Ուսումնասիրության արդյունքները ու հեղինակների առաջարկները ներկայացված են ամբողջական զեկույցում:

Ի՞նչ են ասում փորձագետները  

Փորձագետները վստահ են, որ Տիկտոկում տարածվում է մեծ ծավալի ապատեղեկատվություն, իսկ կարևոր իրադարձությունների ժամանակ այդ ծավալը շեշտակիորեն աճում է։ Առանձնահատկությունն այն է, որ ինֆլյուենսերները Տիկտոկն ընկալում են որպես հայտնի դառնալու, գումար վաստակելու հարթակ, իսկ դրա համար պատրաստ են տարածել ամեն տեսակի սենսացիաներ, չափազանցություններ՝ առանց ստուգելու։

«Տիկտոկում խնդիրն այն է, որ ի տարբերություն այլ ցանցերի՝ ինֆլյուենսերները Տիկոտոկն ընկալում են որպես աշխատանք, ու կամայական թեմայով ինֆլյուենսերները պատրաստ են դերասանություն էլ անել, ժամանակ, ռեսուրս, ուժ ծախսել ու նմանատիպ մանիպուլյատիվ տեսանյութեր ստեղծել»։
Սամվել Մարտիրոսյան, մեդիա հետազոտող

«Մարդիկ ինչ որ տեղեկություն են ստանում և ուզում են առաջինը իրենք էդ մասին խոսեն, գրեն ու փաստացի շատ լայքեր հավաքեն։ Ու այդտեղ տեղեկությունը ստուգելու մասին խոսք չկա։ Որովհետև Տիկտոկի ալգորիթմը հենց այն է, որ պետք է «Ռեք» ընկնես։ Իսկ «Ռեք» ուղղակի չի ընկնում վիդեոն, դրա համար մի բան պետք է այնպես անես, որ վիդեոն տարածվի։ Ու մարդիկ ինչ քայլի ասես գնում են։ Մարդիկ ամեն ինչի պատրաստ են լայքի համար»։
Ռաֆայել Հարությունյան, տիկտոկեր 

Փորձագետները կարծում են, որ Տիկտոկում իրականացվում են նաև կազմակերպված, թիրախավորված քարոզչական արշավներ քաղաքական իրադարձությունների, ընտրությունների ժամանակ, իսկ ապատեղեկատվությունը դրա անբաժան մասն է։ Տիկտոկերներից ոմանք ասում են, որ իրենց առաջարկել են քաղաքական այս կամ այն ուժի օգտին/դեմ բովանդակություն ստեղծել և տարածել։

 

Հոդվածն ամբողջությամբ այստեղ։

Զեկույցն ամբողջությամբ այստեղ։

 

Զեկույցը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հետազոտությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։ Հետազոտությունը կատարել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիա եւ տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend