Նորություններ

ԿՈՎԻԴ-19-ը և փակ հաստատությունները. Ինչպե՞ս է ԲՀՀ Հայաստանն աջակցում քրեակատարողական հիմնարկներին՝ պայքարելու համաճարակի դեմ

Նուբարաշեն ՔԿՀ .
Հեղինակ՝ Վաղինակ Ղազարյան

Փակ հաստատություններում մարդու իրավունքներն առավելապես խոցելի են, քանի որ այնտեղ մարդու ազատությունն ու  հանրային վերահսկողությունը սահմանափակված է:   Փակ հաստատություններում անձինք գտնվում են պետության խնամքի և հսկողության ներքո, ուստի պետությունն ունի պարտավորություն նրանց կյանքի, անվտանգության, առողջության պահպանման, արժանապատվությունը չոտնահարող կենսապահովման պայմանների, արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունքի ապահովման և մարդու իրավունքների հարգման տեսանկյունից: Լինելով փակ հաստատություններ՝ բանտերը ԿՈՎԻԴ-19 համավարակի տարածման տեսանկյունից բարձր ռիսկ են ներկայացնում: Բանտերում սանիտարահիգիենիկ վատ պայմանները, ազատազրկված անձանց թույլ իմունային համակարգը, բժշկական ծառայությունների անմատչելիությունը կամ դրանց տրամադրման հապաղումը նպաստում են բանտերում վարակի հնարավոր ներթափանցմանն ու տարածմանը՝ ազատազրկված անձանց դարձնելով առավել խոցելի կորոնավիրուստի նկատմամբ:

Հատկապես հիմա, երբ Հայաստանը  դիմագրավում է նոր տիպի կորոնավիրուսի համաճարակին, փակ և կիսափակ հաստատություններում բնակվող անձանց կյանքի ու առողջության իրավունքի  պաշտպանությունը խիստ արդիական ու հրատապ է: Հաշվի առնելով այս հաստատություններում համավարակի հնարավոր տարածման ռիսկերը՝ Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստանը որոշեց աջակցություն տրամադրել՝ կանխելու ՔԿՀ-ներում վարակի լայն տարածումը  և ապահովելու այդ հաստատություններում մարդու կյանքի ու առողջության  իրավունքի պաշտպանությունը:

Հիմնադրամի այս աջակցությունը Հայաստանի քրեակատարողական համակարգին արտահայտվում է մի քանի ուղղություններով ու ձևաչափերով: Այս աշխատանքներն իրականացնելու համար ԲՀՀ Հայաստանը համագործակցում է  ՀՀ Արդարադատության նախարարության,  ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի հետ:

Գիտելիք ու վերապատաստում քրեակատարողական հիմնարկների բժշկական անձնակազմի համար

Փակ ու կիսափակ հաստատությունների բժշկական անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը, համաճարակի կանխարգելման ու կառավարման վերաբերյալ գիտելիքով  զինումն առանցքային կարևորություն ունի այդ հաստատությւոններում վարակի ներթափանցումը կանխելու, մարդկանց առողջությունն  ու անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: Հիմնադրամի աջակցությամբ և Արդարադատության նախարարության հետ համակարգմամբ, Առողջապահության ազգային ինստիտուտը ԿՈՎԻԴ-19-ի կանխարգելման ու վարակի կառավարման դասընթաց ու մասնագիտական աջակցության վերապատրաստում կիրականացնի քրեակատարողական հիմնարկներում տեղակայված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումների բժշկական անձնակազմի համար: Բժիշկներն ու բուժանձնակազմը կվերապատրաստվեն վարակի կանխարգելման ու կառավարման միջազգային չափանիշների և ուղեցույցնների  վերաբերյալ: Դասընթացների բովանդակությունը մշակվել է Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից: Բուժանձնակազմի համար նախատեսված այս դասընթացները անցակցվելու են հեռավար: Դրանց շրջանակում քրեկատարողական հիմնարկների համար մշակվելու և տրամադրվելու են ԿՈՎԻԴ-19-ի կանխարգելման մասին տեղեկատվական գրքույկներ ու պաստառներ:

Տեխնիկական հագեցվածության ու հակամահաճարակային նվազագույն նորմերի ապահովում ՔԿՀ-ներում

ՔԿՀ-ների  բուժանձնակազմի համար նախատեսված դասընթացների պատշաճ կազմակերպման նպատակով ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ լուծվել է նաև  «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումները համակարգչային անհրաժեշտ տեխնիկայով ապահովելու խնդիրը՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումներին նվիրաբերելով ընդհանուր առմամբ 13 համակարգիչ:

Քրեակատարողական հիմնարկների համար ձեռք են բերվել նաև ախտահանման դիսպենսերներ: Հակահամաճարակային նվազագույն պայմաններն ապահովելու դեպքում միայն հնարավոր կլինի կանխել վարակի ներթափանցումը և տարածումը այս հաստատություններում:

Հասարակական վերահսկողությունը քրեակատարողական հիմնարկներում

Հիմնադրամի աջակցության երրորդ ուղղությունը քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողության իրականացումն է: ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը կազմված է հասարակական կազմակերպությունների անդամներից և գործում է 2005 թվականից: Դիտորդական խմբի գործունեությունը նպատակաուղղված է ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկմանը, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների առողջապահական և կենցաղային պայմանների բարելավմանը, խնդիրների հանրայնացմանը: Դիտորդական խումբը մշտադիտարկելու է քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառյալ բուժանձնակազմի կողմից անվտանգության ու հակամահաճարակային կաննոների ու չափանիշների պահպանումն ու պատշաճ բժշկական ծառայությունների մատուցումը ազատազրկված անձանց:

Հեռավար շփում ազատազրկված անձանց ու նրանց ընտանիքների միջև

Արմավիր ՔԿՀ.
Հեղինակ՝ Վաղինակ Ղազարյան

Համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով  ազատազրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների տեսակցությունները սահմանափակվել են: Հիմնադրամը համակարգիչներ է նվիրաբերել «Արմավիր» (2 միավոր) ու  «Նուբարաշեն» (1 միավոր) քրեակատարողական հիմնարկներին, որով ընդլայնվել են տեսակապի միջոցով արտաքին աշխարհի հետ կապի իրացման առկա հնարավորությունները:

Հիմնադրամը շարունակելու է աշխատանքները՝ աջակցելու քրեատարողական հիմնարկներին դիմագրավելու ԿՈՎԻԴ-19-ին և ապահովելու ազատազրկված անձանց կյանքի ու առողջության ապահովումը:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience.
Send this to a friend