Նորություններ

Լավագույն նյութ․ Այդ հինգշաբթին նման չէր մյուս բոլոր հինգշաբթիներին

Ստորև ներկայացված է Հանրային լրագրության ակումբի Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ իրականացվող «Կովիդ-19. արագ արձագանքում» ծրագրի շրջանակներում իրականացված՝ «Կորոնավիրուս, մենք քեզ չէինք սպասում» խորագրով էսսեների մրցույթի՝ «Լավագույն նյութ» անվանակարգում հաղթած ստեղծագործական աշխատանքը։

Մարիամ Գրիգորյան,
ք․Արտաշատ

Հինգշաբթի է, առավոտյան ժամը յոթն անց կես։ Սովորականի պես զարթուցիչս ինձնից շուտ է արթնացել և ազդարարում է նոր օրվա սկիզբը։ Չնայած նրան, որ էլի եմ ուզում քնել, բայց միևնույն ժամանակ  հասկանում եմ, որ ևս հինգ րոպե քնելու դեպքում հաստատ դասից կուշանամ։ Ուստի, որոշում եմ ռիսկի չդիմել ու քնաթաթախ վեր եմ կենում։ Պատրաստվում եմ արագ ու  դուրս գալիս, չէ՛, ավելի ճիշտ վազում եմ տնից, կարծես ինչ-որ անտեսանելի մարդ ինձ հետապնդում է։ 

Կանգառ, տրանսպորտ, Աբովյան փողոցով դեպի համալսարան քայլող ես։ Արագ-արագ քայլում եմ՝  զարմանալով առավոտյան փողոցով ճեմող մարդկանց վրա, որոնք ըստ իս դանդաղեցնում են առօրյա երթևեկությունը։ Լսարան մտնում եմ դասախոսից մի քանի վայրկյան շուտ, ինչն ինձ անթաքույց հրճվանք է պատճառում։ Ախր սա սովորական մարտյան օր է։ Գնալու եմ դասի, հետո վերջացնեմ դասերս ու մյուս անելիքներս, կանգառ, տրանսպորտ ու էլի տուն։ Մյուս օրերին էլի դաս կլինի, կշտապեմ կանգառ, համալսարան, տուն,  թվում է ՝  այսպես լինելու է անվերջ, բայց…

Այդ հինգշաբթին նման չէր մյուս բոլոր հինգշաբթիներին։ Ինչ իմանայի, որ վերջինն էր, վերջինը հարազատ համալսարանում, վերջինը նույն մարդկանց հետ ու նույն լսարանում։ Ավարտական կուրսիս վերջին հինգշաբթին էր։ Սովորականի պես ավարտեցի դասերս, սովորականի պես հրաժեշտ տվեցի բոլորին, ուրբաթ օրը դաս չկար, բայց երկուշաբթի հանդիպելու էինք, չէ՞։ Չէ՛։ 

«Հայտարարված է արտակարգ դրություն»,- հնչեց հեռուստացույցից։ Սկսում ենք ապրել կյանքը նոր, բոլորովին անծանոթ ու խորթ ձևաչափով։ Երկիր մոլորակը հիվանդացել է։ 

Առավոտ է։ Արթնանում եմ ինքնուրույն, արդեն կարոտել եմ զարթուցիչիս ձայնը։ Ծանոթանում եմ օրվա լրահոսին, տխրում, ժպտում, ու այսպես շարունակ։ Պետք է նշեմ, որ սա օրվա ամենազգացմունքային պահն է, ու տրամադրությունները հաջորդում են միմյանց։

Ինն անց կես է, ինչը նշանակում է, որ դասի ժամանակն է։ Դասերից այլևս չենք ուշանում ու տանը ոչինչ չենք մոռանում։  Օնլայն դասերը հաջորդում են մեկը մյուսին. ողջույն բոլորին, դասախոսություն, հարց, պատասխան, առաջադրանք, ցտեսություն, հաջորդ օրը նորից նույնը, … ։ Հանձնում ենք բակալավրիատի վերջին քննությունները։ Օնլայն։ Նոր ձևաչափ է քննությունների համար, հարմարվել ենք  ու չենք տրտնջում։ Գրում եմ ավարտական աշխատանքս, երկու բառ էլ ու կավարտեմ վերջապես։ Այ հիմա հաստատ կկարողանամ հանգստանալ մի քանի օր։

Անցնում են ժամեր, վերածվում են օրերի ու հոսում: Օրեր՝ մեկը մյուսին նման ու տարբեր, մեկը մյուսից լավ ու վատ։  Երկուշաբթին ու ուրբաթը այլևս չեմ տարբերում։ Օրերն էլ անուններ չունեն։ Գիշերն ու ցերեկը պարտաճանաչ կերպով հերթագայում են միմյանց։

Ականջներումս անվերջ շրխկում են հարազատ դարձած արտահայտություններ. հաճախակի լվացվել, առնվազն քսան վայրկյան, սոցիալական հեռավորություն, բժշկական դիմակներ, տեղաշարժման թերթիկ, …։ 

Շարունակում եմ ապրել։ Այլ ձևով ու ռեժիմով։ Միևնույնն է, ապրում եմ։

Ի վերջո, կյանքը գեղեցիկ է։ Նույնիսկ թագավարակի ժամանակ։ Ընկերուհուս հետ որոշել ենք օնլայն սրճել, բիսկվիթ եմ պատրաստել, ափսոսում եմ, որ հյուրասիրել չեմ կարողանա, ինքն էլ առիթը բաց չի թողնում խոստում կորզելու, որ հետո պետք է պատրաստեմ հատուկ իր համար։ Նայում եմ այն ֆիլմը, որը վաղուց watchlist-իս մեջ անհամբեր սպասում էր ինձ։ Ռեժիսոր՝ Վուդի Ալլեն. ֆիլմը սկսվեց։ Հերոսը թափառում է կեսգիշերային Փարիզում, ես էլ այնպես եմ կարոտում Փարիզը, կարծես երբևէ եղել եմ։ Ֆիլմից հետո տեղափոխվում եմ Եգիպտոս՝  Ռամզես 5-րդի դամբարան, վիրտուալ մի քանի տեղ էլ այցելելուց հետո ինձ բռնացնում եմ գիրք կարդալու մտքի վրա։ Սարոյան եմ կարդում. «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», իսկ գուցե «Մարդիկ, ես սիրու՞մ  եմ ձեզ»։ Զգում եմ մարդկանց կարիքը,  ու ընկնում մտքերով. եթե իմանայի, որ այդ հինգշաբթին ուրիշ է, գոնե ընկերներիս գրկեի, հետո գայի տուն։ Գոնե հասցնեի այն վերջին անծանոթին գրկել, ով շտապում էր անհայտ ուղղությամբ։ Գոնե բարևեի այն մարդուն, ում հետ ծանոթությանս աստիճանը դեռևս բարևի չէր հասել ու չգիտեի բարևեմ, թե ոչ։ Գոնե բարևեի, միայն բարևեի, մեկին բարևեի։ Ձայնը կպահեի ականջներումս, ու ամեն օր  կլսեի մի քանի անգամ։ Ինչ իմանայի… Մայրամուտ է։ Սիրում եմ մայրամուտը իր բոլոր երանգներով ու գուցե հենց երանգների համար։ Պատշգամբում կանգնած ՝ փորձարկում եմ հեռախոսիս տեսախցիկի՝ ինձ դեռևս անհայտ հնարավորությունները։ Առանց ֆիլտրերի հիացմունքի արժանի նկար ստացվեց։ Հիանում եմ ստացած նկարովս։ Մեկ, երկու, տասը, քսան այդպիսի նկարներ ունեմ՝  տարբեր օրերի ու գույների։ Ամեն մայրամուտ իր գույնն ունի։ Ամեն օր իր գույնն ունի։

Սրճում եմ պատշգամբում ու աչքերով խաղում խոտերին հենված շան հետ։ Արդյունքում սուրճս սառում է, ու հասկանում եմ, որ վաղեմի սովորության համաձայն կիսատ թողեցի սուրճը։ Մաղում է գարնանային թեթև անձրև , անխնա շնչում եմ սառը մաքուր օդը, կարծես ուր որ է վերջանալու է։

Մթնում է։ Հեռվում տեսանելի են Մասիսի լանջին թառած լույսերը, որոնց ես սիրում եմ նայել։ Ես դեռ պատշգամբում նստած եմ։ Մթության մեջ լսում եմ Ֆրենկ Սինատրա։ Սինատրայի անծանոթները անվերջ շրջում են գիշերվա խավարի մեջ՝ կարծելով, թե մենակ են, իսկ ես մտովի ուղեկցում եմ նրանց։ Զգում եմ՝  կյանքը հոսում է երակներովս, թեթև ժպիտ, աչքերս բացում եմ ու շշնջում՝ կյանքն իրոք գեղեցիկ է։ Նույնիսկ հիմա։ Նույնիսկ այստեղ։ 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend