Հայտարարություններ

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին բերման ենթարկելու և ձերբակալելու կապակցությամբ

Հունիսի 10-ին, առանց նախնական ծանուցման, ԱԱԾ չորս աշխատակից ներխուժել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանի աշխատասենյակ, բերման ենթարկել և ձերբակալել նրան: Ըստ փաստաբան Վահե Եփրիկյանի հաղորդագրության՝ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-225 հոդվածի 2-րդ մասի (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը․․․) և 164 հոդվածի 1-ին մասի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը) հատկանիշներով։

Այդ մեղադրանքը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա հարձակման դեպքին, ինչի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Նույն օրը մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, հանդես ենք եկել հայտարարությամբ, որում մեր վրդովմունքն ենք արտահայտել և դատապարտել այդ ոտնձգությունը լրատվամիջոցի և դրա աշխատակիցների նկատմամաբ։ Այդուհանդերձ, ի գիտություն ընդունելով այն փաստը, որ Բագրատ Եսայանը, որպես հիշյալ միջադեպի մասնակից, չի խոչընդոտել նախաքննությունը և չի խուսափել ցուցմունքներ տալուց, անթույլատրելի էր նրան բերման ենթարկելն ու ձերբակալելը։ Առավելևս, երբ այդ գործողությունները իրականացվել են ցուցադրաբար, Եսայանի ղեկավարած լրատվամիջոցի շենքում, առանց նախնական ծանուցման։

Այս առնչությամբ մենք ողջունում ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 11-ին կայացրած որոշումը, որով  մերժվել է Բագրատ Եսայանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:

Շարունակելով մնալ այն դիրքորոշմանը, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա հարձակումը խիստ դատապարտելի և իրավական հետևանքներ ենթադրող արարք է՝ մենք, այդուհանդերձ, պնդում ենք, որ այդ միջադեպի հետաքննությունը պետք է անցկացվի համակողմանի և ամենայն օբյեկտիվությամբ։ Ուստի նախաքննություն իրականացնող մարմնից պահանջում ենք գործել բացառապես օրենքի շրջանակներում, անշեղորեն պահպանել դրա տառն ու ոգին և քաղաքական որևէ շահարկման առիթ չտալ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend