Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

«Առցանց կենդանաբանական այգի» մանկական գիրքը՝ հայերենով

Լույս է տեսել «ISPA – Ինտերնետ ծառայությունների մատակարարներ Ավստրիա» կազմակերպության ամսագրի նոր համարը, որում անդրադարձ է կատարվել  Հանրային լրագրության ակումբի կողմից «Առցանց կենդանաբանական այգի»  մանկական գրքի հայերեն թարգմանությանը։

«Շնորհիվ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի հետ համագործակցության, ISPA-ի հայտնի՝ «Առցանց կենդանաբանական այգի» գիրքը հասել է Հայաստանի մանուկներին։

Երեխաները սիրում են կենդանիների մասին պատմություններ, եւ սա վերաբերում է ամբողջ աշխարհի երեխաներն։ Երբ Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը ծանոթացավ «Առցանց կենդանաբանական այգի» գրքին, հասկացավ, թե որքան պոտենցիալ կարող է ունենալ գրքի հայերեն թարգմանությունը Հայաստանում թվային անվտանգության տարածման գործում։ Եվրոպական միության աջակցությամբ՝ գիրքը հաջողությամբ թարգմանվեց հայերեն», — գրված է ISPA-ի ամսագրի նոր համարում։

Ինչի՞ մասին է գիրքը

Առցանց կենդանաբանական այգին սովորական կենդանաբանական այգի չէ:

Այստեղ կենդանիներն առցանց են, իսկ սմարթֆոնները, պլանշետները եւ նոութբուքները այգու կյանքի առօրյայի մի մասն են:

Իր ամենօրյա շրջայցերի ժամանակ այգու տնօրեն Էլզան հայտնաբերում է, որ համացանցը եւ բազմաթիվ սարքեր երբեմն խնդիրներ են առաջացնում: Արդյո՞ք նա կկարողանա օգնել բոլոր կենդանիներին։

«Առցանց կենդանաբանական այգի» մանկական գրքի հայերեն թարգմանությունը եւ լույս ընծայումը հնարավոր է դարձել Հայաստանում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Նշենք, որ շատ շուտով Հանրային լրագրության ակումբը նախատեսում է կազմակերպել գրքի շնորհանդեսը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Կիսվել :