Նորություններ

Մեդիագրագիտության և քննադատական մտածողության կարևորությունը

Որքա՞ն ժամանակ են իմ աշակերտներն ու երեխաները անցկացնում ամեն օր մեդիայի հետ։

Ո՞րն է նրանց և մեդիայի միջև եղած կապը։

Ի՞նչ է մեդիագրագիտությունը։

Ինչպե՞ս դառնալ ավելի մեդիագրագետ մեդիա սպառող և մեդիա ստեղծող։

Ինչպե՞ս երեխաներին սովորեցնել կանխամտածված և գրագետ ընտրություն կատարել մեդիաբովանդակության հսկայական հոսքի մեջ։

Մեր օրերում սրանք արդիական և հաճախ անհանգստացնող հարցեր են՝ ուսուցիչների, դասավանդողների ու նախակրթարանների դաստիարակների համար։

Այս հարցերի պատասխանները տվել է ամերիկացի մեդիափորձագետ, ԱՄՆ-ի Թեմփլի համալսարանի մեդիագրագիտության կենտրոնի ղեկավար Շերրի Քալվերը՝ Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված «Մեդիագրագիտության և քննադատական մտածողության կարևորությունը» թեմայով վեբինարի ընթացքում։

Կորոնավիրուսային համավարակի հետևանքով մեդիայի հետ մեր անցկացրած ժամանակը զգալիորեն աճել է․ կյանքը դարձել է օնլայն։ Կարևոր է հասկանալ, որ ժամանակը, որն անցկացնում ենք մեդիայի հետ, հավասարազոր է դրա՝ մեր վրա ունեցած ազդեցությանը։

Հիմա, առավել քան երբևէ, հարկավոր է քննադատաբար մոտենալ այն բովանդակությանը, որի հետ առնչվում եք մեդիայում և գիտակցված մոտեցում ցուցաբերել այնտեղ անցկացրած ձեր ժամանակի նկատմամբ։

Մեդիափորձագետ Շերրի Քալվերը նշեց, որ մեդիագրագիտությունն ընդլայնված հասկացություն է, այն վերլուծելու, գնահատելու, ստեղծելու և գործելու կարողությունն է՝ օգտագործելով հաղորդակցության բոլոր ձևերը։

«Գրագիտությունը կարդալու և գրելու կարողությունն է, նույնկերպ, եթե մեդիագրագիտության համար ոչ պաշտոնական բացատրություն տանք, ապա այն կարդալու՝ մեդիան սպառելու, և գրելու՝ մեդիա բովանդակություն առաջարկելու կարողությունն է»։

Երեխաներ և մեդիա․ մեդիագրագիտության հիմքում ընկած 5 հարցերը

Մեդիափորձագետի խոսքով, մեդիագրագիտության հիմքում ընկած են 5 հարցեր, և երեխաների հետ մեդիայի մասին զրուցելիս անպայման պետք է պատմել դրանց մասին։

1․ Ո՞վ է այս ուղերձի հեղինակը

Որևէ ուղերձ և պատկեր երբև հենց այնպես ի հայտ չեն գալիս։

2․ Ո՞րն է ձևաչափը

Ստեղծագործական ի՞նչ գործիքներ են կիրառվում իմ ուշադրությունը գրավելու համար։

3․ Ո՞րն է ուղերձի նպատակը

Բովանդակություն ստեղծելու տարբեր պատճառներ կան, և դրանց մասին պետք է մտածել։ Հարկավոր է նաև հիշել, որ գումարը միշտ «բանալի» նպատակ է։

4․ Ո՞վ է լսարանը

Ինչպե՞ս այս ուղերձը տարբեր մարդկանց կողմից կարող է տարբեր կերպ ընկալվել։

5․ Ինչպիսի՞ն է բովանդակությունը

Ինչպե՞ս կարող է այս ուղերձի բովանդակությունը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ ընկալվել։

Ճանաչողական զարգացումը՝ նախադպրոցական կրթական հաստատություններում

Նոր մեդիան կարող է լինել ինչպես զվարճալի, այնպես էլ՝ վախեցնող։ Հաշվի՛ առեք սա։

0-5 տարեկան փոքրիկներին ևս պետք է սովորեցնել՝ ինչպես ընտրել այն մեդիա բովանդակությունը, որը համապատասխան է իրենց։ Հարկավոր է բացատրել, որ կան բաներ, որոնք այդ տարիքի երեխաների համար չեն ստեղծված։

Երեխաները պետք է կարողանան մեդիաբովանդակության կանխամտածված ընտրություն կատարել։ Իսկ դրա համար հարկավոր է զարգացնել քննադատական մտածողությունը՝ հարցեր տալով․ չէ՞ որ նրանք միայն սպառողներ չեն, նրանք նաև մեդիա բովանդակություն ստեղծողներ են։

Վեբինարի ընթացքում Քալվերը նաև քննադատական մտածողության զարգացմանը միտված խաղերի առաջարկ կատարեց։

«Նայե՛ք սմարթֆոնին, դրա չափերին։ Սխալվում եք, եթե կարծում եք, որ այն մեծահասակների համար է ստեղծվել։ Այն հրաշալի խաղալիք է երեխաների համար։ Այն կարծես մի մեծ տուփ լինի՝ լի գույներով ու լույսերով, տուփ, որտեղ ցանկացած գործողություն իրագործվում է ընդամենը մատի մեկ հպումով՝ հեշտ և արագ։
Մենք չենք կարող ամբողջությամբ վերահսկել նրանց ներկայությունն այնտեղ, փոխարենը կարող ենք օգտագործման հստակ կանոններ ու ձևաչափ առաջարկել»,- նշում է Շերրի Քալվերը։

Ժամերով էկրանի առաջ անցկացնելը զվարճալի չէ, ինչպես որ զվարճալի չէ անընդհատ հեծանիվ վարելը, վազելը կամ ուտելը։

Երախաների՝ գիտակցված մեդիա սպառող լինելու հարցում Քալվերը կարևորում է ծնողի և ուսուցչի «օրինակ» ծառայելու հանգամանքը։

«Հիշե՛ք՝ նրանք մշտապես հետևում են մեզ, մեր օրինակին, նրանք կրկնում են այն ամենն, ինչ մենք անում ենք։ Բացատրելու համար, թե որքան կարևոր է մեդիայի հետ անցկացրած ժամանակի կառավարումը, կարող եք ասել, օրինակ, ընթրիքի ժամ է, հեռախոսս մի կողմ եմ դնում, կամ, ես այսօր արդեն բավարար չափով հեռուստացույց եմ դիտել, պետք է անջատեմ այն»։

Ի վերջո հեռախոսն անջատելն ու մի կողմ դնելը հրաշալի կարողություն է։

Եթե երեխան տեսել է մի բան, որը չպետք է տեսներ, մի բան, որն իր համար ստեղծված չէր և վախեցել է դրանից (դա կարող է լինել բռնության տեսարան, սեքսուալ բովանդակություն կամ խոսող շուն, ինչպես Քալվերի աշակերտների դեպքում), ապա պետք է կարողանաք հարցեր տալ նրան այն մասին, թե ի՞նչ է տեսել, ի՞նչն է նրան վախեցրել, փորձել նրա ուշադրությունը մեկ այլ բանի վրա հրավիրել՝ շեղելով և մոռացնելով այն պատկերները, որոնք բացասաբար են ազդել նրա վրա։

Հանրային լրագրության ակումբը 2020 թ․-ի սեպտեմբերին մեկնարկել է «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագիրն, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

Ծրագրի շրջանակներում սա 4-րդ վեբինարն է։ Շերրի Քալվերի մասնակցությամբ՝ 2-րդը։ Ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում՝ 1-ը։ Շերրի Քալվերի մասնակցությամբ հաջորդ վեբինարը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 16։00-ին։

 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend