Նորություններ

Մրցանակակիրներն ընտրվեցին․ «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի մրցույթ

ՄԱԶԾ-ԿԿՀ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ծրագրի շրջանակում անցկացվող «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը»  լրագրողական նյութերի մրցույթում հեղինակավոր ժյուրին  որպես մրցանակակիր ընտրեց լրագրողներ Նունե Ավետիսյանի, Կարինե Կազարովայի և  Ադրինե Թորոսյանի աշխատանքները։

Նոյեմբերի 15-ին կայացած «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը»  լրագրողական նյութերի մրցույթի եզրափակիչ փուլում լրագրողներ Սոնա ՀովսեփյանըՆունե ԱվետիսյանըՆարեկ ԱլեքսանյանըԿարինե ԿազարովանԱրտեմ ՂազարյանըՍերինե ՍերոբյանըԱնգին ԾատուրյանըՆատալյա Օսյանն ու Սոնա ԽլոպուզյանըԼուսինե Գրիգորյանը, Ադրինե Թորոսյանը ներկայացրին գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, բնական էկոհամակարգերի և զբոսաշրջության ոլորտներում կլիմայի փոփոխության ազդեցությունների և հարմարվողականությանն առնչվող ընտրված թեմաների շուրջ իրենց լրագրողական նախագծերը:

Հաղթող նախագծերից Կարինե Կազարովայի տեսանյութն անդրադառնում է Շիրակի մարզում կլիմայի փոփոխության արդյունքում տեղի ունեցող ազդեցություններին։ «Շիրակի մարզի Այգաբաց գյուցում հողը վարում են ՝ աչքը երկնքին հառած։  Այստեղ  վարելահողերի կեսից ավելին անջրդի է: Իսկ երբ ոռոգման ջրի սակավությանը գումարվում է երաշտը, գյուղացին հայտնվում է  անելանելի վիճակում», – պատմում է հեղինակը։

Հանրային ռադիոյի լրագրող Նունե Ավետիսյանի ռադիո նյութում նշվում է, որ Հանրապետության 80 տոկոսը գտնվում է անապատացման և հողերի դեգրադացիայի ազդեցության տակ, որոնց թվում շուրջ 30 տոկոսը, խիստ դեգրադացված կամ անապատացված տարածքներն են, իսկ մնացածը՝ անապատավտանգ։

Իսկ Ադրինե Թորոսյանն իր հոդվածում դիտարկել է հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներից կարկուտի հետևանքները բնության և տնտեսության վրա, փորձել է գնահատել նաև դրա դեմ պայքարի՝ Հայաստանում լայնորեն կիրառվող հակակարկտային կայանների արդյունավետությունը հատկապես Լոռու մարզում։

Կլիմայի փոփոխության ազդեցությունների և հարմարվողականությանն առնչվող զարգացումներն ազդում են յուրաքանչյուրիս կյանքի որակի և ոլորտների զարգացման հնարավորությունների վրա։ Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու գործում մեծ է մեդիայի՝ հանրությանն իրազեկելու, կրթելու, թեման հանրության ուշադրության կենտրոնում պահելու գործում։

ՄԱԶԾ- ԿԿՀ ՀԱԾ ծրագրի հաղորդակցության փորձագետ Գայանե Իգիթյանը նշեց, որ Հայաստանում կլիմայի փոփոխությանն ու դրան հարմարվողականությանն առընչվող թեմաները հաճախ դիտվում են զուտ բնապահպանական տեսանկյունից։ Սակայն, Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի երկրներից է և կրում է դրա ազդեցությունների շատ լայն շրջանակ. կլիմայի փոփոխության ազդեցությունները զգալի են բոլոր ոլորտներում` գյուղատնտեսությունից մինչև առողջապահություն։ Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների գրագետ և շարունակական իրականացումը երկրի զարգացման կարևոր նախապայմաններից է։ Այս առումով,  առավել կարևոր է դառնում հարմարվողականության կարողությունների զարգացումն ու, իհարկե, հանրային իրազեկումը։

Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը նշեց, որ տեղեկատվության ու ապատեղեկատվության մեծ ծավալների պայմաններում, երբ մարդկանց համար շատ դժվար է կողմնորոշվել այդ հոսքում, անչափ կարևոր է փաստահեն, բացատրական որակյալ մեդիա բովանդակության ստեղծումը և դրա տարածումը։

Եզրափակից միջոցառման ու մրցանակաբաշխության ժամանակ կազմակերպիչները հույս հայտնեցին, որ թեմաների նկատմամբ լրագրողական համայնքի հետաքրքրությունը չի սպառվի։

Մրցույթի առաջին փուլում Հանրային լրագրության ակումբը ստացել էր 28 հայտ, որոնց հեղինակները ս․թ․ սեպտեմբերի 10-ին, Buro Networking Space-ում,  բանավոր կերպով մասնագիտական ժյուրիին ներկայացրին իրենց նախագծերը։ Արդյունքում ընտրված 10 նախագծի հեղինակների հետ որպես խորհրդատուներ աշխատեցին մեդիա ոլորտում փորձառու լրագրողներ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը, Սիվիլնեթ լրատվամիջոցի լրագրող Գևորգ Թոսունյանը, Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» նախագծի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, Ա1+ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Կարինե Ասատրյանը և «Էկոնյուզ» բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տասչյանը։

Մրցույթի նպատակն էր խթանել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հանրային իրազեկման գործում լրագրողների և այլ ոլորտային մասնագետների մասնակցությունը՝ ուսանող/երիտասարդ մասնագետ-ԶԼՄ համագործակցության միջոցով ստեղծելով կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի ոլորտներին առնչվող հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված որակյալ լրահոս։ Մրցույթը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում` Հանրային լրագրության ակումբի կողմից:

 



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend