«Նախկինների» տնտեսական աճի մասին․ վարչապետի ասածի հետքերով
- March 20, 2019
- Category: Ստուգված նյութեր, Փաստերի ռադարի նորություններ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ի դեկտեմբերի 5-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ հեռուստաբանավեճի ժամանակ քննադատեց երկրի նախկին տնտեսական աճի կառուցվածքը։ «Նախկինում երկրում տնտեսական զգալի աճը պայմանավորված է եղել մի շարք գործոններով՝ խաղադրույքներ կատարելու գրասենյակներից, հանքարդյունաբերությունից, այսինքն՝ ընդերքը քանդելուց, արտահանումն էլ դրանով էր պայմանավորված, իսկ շինարարությունը, որ ցույց էր տալիս կառավարությունը, մեկ օբյեկտով էր պայմանավորված՝ Ամուլսարի վիճահարույց հանքով»,- ասած Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն այս կարծիքը առնվազն երեք անգամ արտահայտել է տարբեր ամբիոններից։ Նա այդ մասին խոսել էր 2018-ի նոյեմբերի 1-ին խորհրդարանում վարչապետի (չ)ընտրության ժամանակ, ինչպես նաև օգոստոսի 23-ի կառավարության նիստին։
Փաշինյանը շեշտել էր, որ կառավարությունը պետք է հրաժարվի տնտեսական աճի նման մոդելից։
Իսկ ինչպիսի՞ն է եղել Հայաստանում տնտեսական աճի նախկին մոդելը։ Խաղադրույքների բիզնեսը լայն տարածում ունի Հայաստանում: Բուքմեյքերական գրասենյակները անմասն չեն մնում անգամ երկրի քաղաքական կյանքից։ Օրինակ՝ ընկերություններից մեկն առաջարկել էր հետևյալ խաղադրույքը՝ «2018-ի մայիսի 14-ին ԵԱՏՄ գագաթնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սափրված կլինի՞, թե՞ ոչ»:
Ծառայությունները համախառն ներքին արդյունքի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունեն։ 2015-ին ծառայությունների ոլորտը կազմել է ՀՆԱ-ի 35,5%-ը, 2016-ին՝ 38,1%-ը, իսկ 2017-ին՝ 38,7%-ը։ Կառավարության փոխանցմամբ՝ միայն 2017-ին ծառայությունների աճին առավելագույնը նպաստել է «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տեսակը, որի 97%-ը բաժին է ընկնում շահումով խաղերին։ Սա էլ, ըստ էության, ապահովում է «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տեսակի՝ ընդհանուր ծառայությունների աճին նպաստող ցուցանիշի 98-99%-ը։
Հանքագործական արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 2012-17-ին կազմել է 2,7-3,2%։ 2015-17-ին ՀՆԱ 3,2, 0,2 և 7,5% աճերին հանքագործական արդյունաբերության նպաստումը կազմել է համապատասխանաբար 1,2; 0,1 և 0,5 տոկոսային կետ։ Ինչ վերաբերում է ապրանքների արտահանմանը, ապա 2017-ին ընդհանուր արտահանումը կազմել է 2242,9 մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 25,2%, որից հանքահումքային արտադրանքի արտահանումը՝ 692,3 մլն ԱՄՆ դոլար (ընդհանուր 30,9%), աճը՝ 46,9%: Ընդհանուր արտահանման 25,2% աճին հանքահումքային արտադրանքի արտահանման նպաստումը կազմել է 12,4 տոկոսային կետ։
Հայաստանում 2017-ին իրականացվել է 415,9 մլրդ դրամի շինարարություն, աճը՝ 2,2%, որից հանքագործական արդյունաբերությունում 31,8 մլրդ դրամ, աճը՝ 2,2 անգամ։ Այս առնչությամբ կառավարությունից հայտնեցին, որ ըստ իրենց գնահատումների՝ «հանքագործական արդյունաբերությունում աճի զգալի մասը պայմանավորված է «Ամուլսարի» հանքավայրում իրականացրած շինարարությամբ»։
Հանքավայրում իրականացված շինարարության փաստացի ծավալների ցուցանիշները ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից ձեռք բերել հնարավոր չեղավ, դիմեցինք կառավարություն, որտեղ պարզաբանեցին, որ այն անձնական տվյալ է և չի կարող տրամադրվել։ Google Earth-ի միջոցով արված լուսանկարներից, սակայն, երևում է, որ 2015-ից հետո Ամուլսարի տարածքում խոշոր ծավալներով շինարարություն է իրականացվել։
«Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները մեծապես իրականությանը համապատասխանում են»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ վարչապետի մատնանշած գործոններին պետք է ավելացնել նաև վերամշակող արդյունաբերությունը, մասնավորապես ծխախոտն ու ալկոհոլային խմիչքները։
Խոսելով խաղադրույքների ոլորտից՝ պարոն Խաչատրյանը փոխանեց, որ դրան հարկավոր է զգույշ մոտենալ․ «Այդ ընկերությունները ծառայություն չեն մատուցում միայն Հայաստանում։ Աշխարհում ընդունված է, որ շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, ողջ աշխարհի համար դառնում են ծառայությունների սպասարկման արդյունավետ վայր։ Օրինակ՝ հեռախոսային ռոումինգի կենտրոններից մեկը դարձել է Հնդկաստանը, քանի որ էժան է ու հարմար։ Անդրադառնալով մեր երկրին՝ պետք է արձանագրեմ, որ բույքմեյքերական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունն ավելի շատ դրսի համար է։ Այս ամենով հանդերձ, այդ ընկերությունների ազդեցությունը ՀՆԱ-ի վրա ես չեմ գնահատում բացասական»,- հայտնեց տնտեսագետը։
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասում է, որ վերջին տարիներին ՀՆԱ-ի հիմնական աճը պայմանավորվել է հենց ծառայությունների ոլորտով․ «Իսկ գլխավոր առաջ տանողը եղել են հենց բույքմեյքերական ընկերությունները։ Դրանք բավականին մեծ կշիռ ունեն, ու վերջին ժամանակներս դրանց կշիռը ավելացել է»։
Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, Թունյանը նշեց․ «Սկզբից դրա աճը ավելի մեծ է եղել, սակայն վերջին շրջանում նվազման միտում կա»։ Նրա փոխանցմամբ՝ վարչապետի արած հայտարարությունները ոչ թե ենթադրություններ են, այլ հիմնված են հստակ վիճակագրական տվյալների վրա։
Տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ վարչապետի խոսքերն իրավացի են, սակայն նա ՀՆԱ-ի աճի կախվածությունը պայմանավորում է ոչ թե խաղադրույքների ոլոտով, ինչպես նախորդ երկու զրուցակիցները, այլ հանքարդյունաբերությամբ․ «Վերջին տարիներին ՀՆԱ-ի աճը հիմնականում կախված էր հանքարդյունաբերությունից, դա ակնհայտ է»։
Ըստ Մանասերյանի՝ ՀՆԱ-ի վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև Հյուսիս-հարավ ճանապարհի շինաշխատանքները, ինչպես նաև Ամուլսարի հանքի շինարարությունը։
Կառավարության նոր ծրագրում, որը խորհրդարանի կողմից հաստատվեց փետրվարի 14-ին, նշվում է, որ առաջիկայում ապրանքների և ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը․ «Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Արտահանման կառուցվածքում միաժամանակ պետք է զգալիորեն աճի տեխնոլոգիատար ապրանքների դերը»,- ասվում է գործադիրի ծրագրում:
Փաստորեն, նախկին իշխանության օրոք՝ մասնավորապես 2015-17-ին տնտեսության աճի վրա զգալի ազդեցություն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մատնանշած ոլորտները։ Առյուծի բաժինն ընկել է ծառայությունների ոլորտին, մասնավորապես՝ բուքմեյքերական ընկերություններին և հանքարդյունաբերական ապրանքների արտահանմանը։ Ներկայում կառավարությունը փորձում է փոխել տնտեսական աճի զարգացման դինամիկան՝ շեշտադրումը կատարելով ոչ թե բուքմեյքերական ընկերությունների, հանքարդյունաբերության և շինարարության ոլորտի, այլ գյուղատնտեսական և տեխնոլոգիատար ապրանքների դերի վրա։
Գևորգ Թոսունյան