Ներկայացվել են «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ապատեղեկատվության հոսքերը և կեղծ պատմույթները» թեմայով հետազոտության արդյունքները

Ներկայացվել են «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ապատեղեկատվության հոսքերը և կեղծ պատմույթները» թեմայով հետազոտության արդյունքները

Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) նախաձեռնությամբ իրականացված՝ «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ապատեղեկատվության հոսքերը և կեղծ պատմույթները» թեմայով հետազոտության արդյունքները ներկայացվել են քաղհասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներին, վերլուծաբաններին և փորձագետներին` Եվրասիա համագործակցություն հիմնադրամում (ԵՀՀ) անցկացված կլոր սեղան-քննարկման ընթացքում։

«Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացված հետազոտությունը նպատակ է ունեցել բացահայտել և քարտեզագրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ գերիշխող պատմույթները և գնահատել գործընթացի հանրային ընկալումը Հայաստանում​:

Հետազոտությունն անցկացվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Հրատապ հասցեագրում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և իրականացվում է Կոնսորցիումի կողմից (վերջինիս գործընկերներն են՝ Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը՝ Հայաստանից, ինչպես նաև Անադոլու Կյուլտյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիների համաժողովը, Հրանտ Դինք հիմնադրամը՝ Թուրքիայից):

Միջոցառմանը ներկա են եղել պետական գերատեսչությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, դեսպանատների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, հետազոտողներ, փորձագետներ, այլ գործընկերներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԵՀՀ փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը նշել է, որ 2014 թվականից 8 կազմակերպություններ Հայաստանից և Թուրքիայից իրականացնում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության ծրագիր՝ քաղհասարակության համատեքստում։

Նրա խոսքով՝ զուգահեռաբար իրականացվել է նաև համանման հետազոտություն Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի կողմից, որը վերջնականացման փուլում է, և արդյունքներն առաջիկայում կներկայացվեն։

ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով հետազոտական թիմին, նշել է, որ բացառիկ ուսումնասիրություն և ծավալուն աշխատանք է իրականացվել, որը շատ օգտակար նշանակություն կունենա։ Նրա խոսքով՝ 2020 թվականից հետո նման ուսումնասիրությունների անցկացումը նվազել է, իսկ տարածաշրջանում կատարվող իրադարձությունների ֆոնին անհրաժեշտություն կար հասկանալու, թե ինչ փոփոխություն են կրել խոսույթները։

Հետազոտական թիմի անդամ Աշխեն Հակոբյանը, ներկայացնելով արդյունքները, նշել է, որ 10 ամիս տևած ուսումնասիրությունն ընդգրկել է 2020 թ․ նախապատերազմական շրջանից մինչև 2023 թ․ օգոստոս ընկած ժամանակահատվածը՝ վեր հանելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հավանական կարգավորման վերաբերյալ պատմույթները, որոնք առկա են պետական գերատեսչությունների պաշտոնական մամուլում և զանգվածային լրատվության մեջ, ինչպես նաև պարզել այդ պատմույթների շրջանառությունը քաղաքական իրադարձությունների համատեքստում և գնահատել դրանց տարածվածությունը հանրային ընկալումներում:​

Ուսումնասիրությունն իրականացվել է 2 փուլով՝ պաշտոնական նյութերի և լրատվամիջոցների մշտադիտարկում, ինչպես նաև դաշտային հետազոտություն՝ հիմնված Երևանում և Հայաստանի մարզերում ֆոկուսխմբային հարցազրույցների վրա։ Մեդիամոնիթորինգը չի ընդգրկում 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժման և դրա արդյունքում Արցախի ամբողջական հայաթափման հետևանքով ստեղծված իրավիճակը, մինչդեռ ֆոկուսխմբային քննարկումները կատարվել են վերոնշյալ դեպքերից անմիջապես հետո:​ Ուսումնասիրության մեթոդաբանությունը նկարագրված է այստեղ։

Ըստ մեդիամոնիթորինգի արդյունքների՝ նախապատերազմական փուլում Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում Թուրքիայի վերաբերյալ քննարկումները մամուլում գրեթե բացակայել են։ Լուսաբանվել են Թուքիայի ներքին և արտաքին ինչ-որ իրադարձություններ, սակայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստն ակտիվացել է միայն ապրիլի 24-ին։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների քննարկումների ակտիվացմանը խթանել են 2020 թ․ հուլիսին Տավուշում տեղի ունեցած բախումները։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի առաջին օրերից սկսած՝ պաշտոնական խոսույթում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին տեղեկություն և դատապարտվել է նրա մասնակցությունը պատերազմին, քննարկումներ են սկսվել նաև թուրքական ապրանքների վաճառքի դադարեցման և դրանց ներկրման վրա արգելք դնելու հարցի շուրջ։​

Պաշտոնական աղբյուրներում մեծ տարածում է ստացել այն խոսույթը, որ պատերազմի հիմնական նախաձեռնողն ու իրականացնողը Թուրքիան է, իսկ Ադրբեջանը ընդամենը խամաճիկ է վերջինիս ձեռքում:​

Հետպատերազմական շրջանում ի հակադրություն իշխանությունների պնդումների, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ընթանում է առանց նախապայմանների՝ ընդդիմադիրները առաջ են տարել այն գաղափարը, որ մինչ կարգավորման գործընթացը սկսելը «Հայաստանի իշխանություններն արդեն բավարարել են Թուրքիայի բոլոր նախապայմանները»։​

Ըստ դաշտային հետազոտության արդյունքների՝ հանրության շրջանում առկա է անորոշություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հավանական կարգավորման համատեքստում առավել հաճախ քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության առկա/հավանական խոչընդոտները, քան դրանց հնարավորությունները։​ Սահմանի բացման հեռանկարը հակասական կանխատեսումներ է առաջացնում հանրության շրջանում՝ ներառելով թե դրական սպասումներ, և թե մտահոգություններ հավանական ռիսկերի վերաբերյալ։​ Ըստ հարցազրույցների՝ Թուրքիայի քաղաքացիների ազատ մուտքը Հայաստանի բնակչության համար անվտանգությանը սպառնացող զգացողություն կառաջացնի։​

Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դրական ակնկալիքներն ընդհանրացված կերպով վերաբերում են տնտեսական զարգացման նոր հնարավորությունների ի հայտ գալուն​: Դրական սպասումները պայմանավորող մյուս գործոնը շփումների ինտենսիվության արդյունքում թշնամության մեղմումն է, որն իր հերթին կարող է հանգեցնել հետագա հակամարտությունների ու պատերազմների հավանականությունը նվազեցնելուն կամ կանխելուն։​ Հաճախ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նույնացվում է սահմանի բացման հետ։

«Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը դեմ և կողմ դիսկուրսները, ըստ հետազոտության, հստակ արտահայտված չեն. դրանք աղոտ, ավանդական ձևով տարվող դիսկուրսներ են։ Նրա խոսքով՝ կողմ ընկալումներում հստակ չէ, թե ինչ պետք է լինի հարաբերությունների նորմալացումից հետո, իսկ դեմ հիմնավորումները խորքային չեն, քանի որ թուրքերի հանդեպ ատելությունը մղում է նրան, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումը որևէ լավ բան չի կարող տալ Հայաստանին։

Միջոցառումը եզրափակվել է հետազոտության շուրջ հարցուպատասխանով, ներկայացված թեմաների շուրջ մտքերի փոխանակմամբ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խոսույթների հետ կապված հարցին այն համատեքստում, որ դրանք որոշակիորեն փոխվել են, բայց ոչ՝ լրջորեն։

Հետազոտության հայերեն ամբողջական տարբերակը հասանելի է ՀԼԱ կայքում այստեղ, համառոտ տաբերակը՝ այստեղ, իսկ անգլերեն համառոտ տարբերակը կարելի է կարդալ այս հղմամբ։

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Հանրային լրագրության ակումբի Հաղորդակցության և ծրագրերի համակարգող Հասմիկ Փայտյանի հետ (+37493270808, [email protected]):



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend