Նորություններ

Պատերազմից փրկված կավե իշուկի պատմությունը

Հեղինակ՝ Կուշանե Չոբանյան 

Բժիշկ Հայկ Հովհաննիսյանի տանը հեռուստացույցի առջև դրված սուվենիրների մեջ կանգնած է կավաշեն մի իշուկ՝ ոչ լավ հղկված, ոչ արհեստավարժ պատրաստված, չներկված, վրան՝ կնճիռներ:  Հայկը կենդանուն գտել է Տող գյուղի արվեստի դպրոցում ու արջերի, ձիերի, կովերի միջից հենց այդ էշին է բախտ վիճակվել «փրկվել» և բժշկի ուսապարկի մեջ ապահով հասնել Հայաստան: Պատերազմի օրերին Հայկն աշխատում էր Ջրականի (Ջաբրայիլ) հոսպիտալում, ապա ստիպված եղավ նահանջել ու հասավ Տող, այնուհետև՝ Կարմիր Շուկա, վերջում՝ Ստեփանակերտ:

Ես այդ իշուկին տեսա մոտ մեկուկես տարի առաջ, բժշկի տանը: Հայկը, որ պատերազմում սպանող չէր, այլ փրկող, կրակի բերանն ընկած հոսպիտալում վիրավորների հետ փրկել էր նաև ձեռքի ափի մեջ տեղավորվող կենդանուն:

Մեկ տարի շարունակ ես ինձ հարցեր էի տալիս՝ տեսնես այդ իշուկին ո՞վ էր սարքել, գուցե կենդանուն փնտրո՞ւմ են, գուցե դա շատ կարևոր մի բա՞ն է այն սարքողի համար: Բայց պատերազմին հաջորդած իրականությունը ոչ մի կերպ թույլ չէր տալիս զբաղվել դրանով, բացի այդ, ումի՞ց հարցնեի, ո՞ւմ դիմեի:

Ի՞նչ արեցի ես: Տող գյուղի բնակիչներից ամենահեշտը «Կատարո» գինիներ արտադրող ընկերության սեփականատեր Գրիգոր Ավետիսյանին գտնելն էր, որն էլ փոխանցեց Տողի արվեստի դպրոցի տնօրեն տիկին Սուսաննայի հեռախոսահամարը: Զանգեցի, շատ բարեհամբույր լսե՜ց-լսե՜ց, հետո հոգոց հանեց ու խոստացավ մի բանով օգնել՝ չնայած ձայնից ես հասկանում էի, որ շանսերս չնչին էին:

Պատմությունը հասավ խմբակի ուսուցչին, որին էլ ուղարկեցի իշուկի միակ նկարը, որ ունեի: Ուսուցիչն ասաց, որ մեկ ամսից նոր փորձեմ զանգել, բայց չի խոստանում, թե բան դուրս կգա, որովհետև երեխաները ցրվել են ողջ երկրով մեկ: Մտածեցի՝ մի տարի է սպասում եմ, մի ամիսն ի՞նչ է, որ չսպասեմ: Մի ամիսը տևեց ընդամենը մեկ օր ու հաջորդ առավոտյան, երբ բջջայինիս էկրանին տեսա՝ «Սուսաննա Տող», գրեթե համոզված էի, որ իշուկի հեղինակը գտնվել է: 14-ամյա Կամոն՝ քանդակի հեղինակը, հիմա ապրում է Ստեփանավան քաղաքում:

Մենք ուղևորվեցինք Լոռի՝ ես, խմբագիրն ու լուսանկարիչը: Հայկը չկարողացավ միանալ մեզ ու իշուկին ինձ հանձնեց մի պայմանով, որ շատ զգույշ լինեմ, ուշադիր և նույն վիճակում հետ բերեմ Երևան:

Շարունակությունն ԱՅՍՏԵՂ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend