Դասընթացներ

Պատմություն պատմելու արվեստը՝ ժամանակակից լրագրության միջոցով

Դասընթաց (ս թ հունիսի 7-ին և 8-ին)

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) «Չլսված ձայներ» նախագծի շրջանակում հունիսի 7-ին և 8-ին կազմակերպում է «Պատմություն պատմելու արվեստը՝ ժամանակակից լրագրության միջոցով» թեմայով դասընթաց:

«Չլսված ձայներ» նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:

Դասընթացն անցկացնելու են Գո Գրուփ մեդիայի հիմնադիր Մարգարիտա Ախվլեդիանին ու ճանաչված լրագրող, խմբագիր Մարկ Գրիգորյանը։

Մարգարիտա Ախվլեդիանին JAMnews լրատվական պորտալի գլխավոր խմբագիրն է եւ Go Group մեդիա կազմակերպության ծրագրային տնօրենը: Մինչ այդ, Մարգարիտա Ախվլեդիանին հանդիսացել է բրիտանական Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան ծրագրերի տնօրենը: Մարգարիտա Ախվլեդիանին լրագրության, լրատվության եւ հակամարտությունների լուսաբանման վերաբերյալ դասընթացների անցկացման տարիներով ամրապնդված փորձ ունի: Նրա հրապարակումների շարքում է 2008 թվականին Հարավային Օսիայում ռուս-վրացական հակամարտության ընթացքում սկսված տեղեկատվական պատերազմի վերաբերյալ աշխատանքը, որը լույս է տեսել 2009 թվականին Լոնդոնում: Մարգարիտա Ախվլեդիանին նաեւ հանդիսացել է Բաց հասարակության հիմնադրամ Վրաստանի եւ ԱՄՆ-ում Կոլումբիայի համալսարանի «Dart» Միության Տնօրենների խորհրդի անդամ: Նա Յորքի համալսարանում Քաղաքական փիլիսոփայության մագիստրոսի կոչում է ստացել եւ Ստենֆորդի համալսարանի Ջոն Ս. Նայթի անվան կրթաթոշակային ծրագրի, ինչպես նաեւ Կոլումբիաի համալսարանի «Դաշինք հանուն պատմական երկխոսության եւ հաշվետվողականության» ծրագրի մասնակից է:   

Մարկ Գրիգորյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, լրագրող, դասախոս: Թղթակցել է հայկական և միջազգային տարբեր թերթերի և ամսագրերի: Ղեկավարել է Հայաստանի մամուլի ուսումնասիրության խնդիրներով զբաղվող «Թիմ» հասարակական կազմակերպությունը։ Մարկ Գրիգոորյանը նաեւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի՝ ներկայիս «Կովկաս» ինստիտուտի համահիմնադիրներից է: Երկար տարիներ նա նաև հանդիսացել է հեղինակավոր BBC Radio-ի աշխատակիցը, ղեկավարել է Հանրային Ռադիոն։

Դասընթացին մասնակցության հայտ կարող են ներկայացնել միայն գործող լրագրողները: Դասընթացին կարող են մասնակցել նաեւ Լեռնային Ղարաբաղում բնակվող լրագրողները։

 Երկօրյա դասընթացի ընթացքում լրագրողները կստանան գործնական գիտելիքներ՝ մարդկային պատմություններ պատմելու, նոր մեդիայի գործիքները կիրառելու, հետհակամարտային գոտում լրագրողական աշխատանքի նրբությունների վերաբերյալ։ Մասնակցությունը դասընթացին անվճար է:

Դասընթացն ավարտած լրագրողները հնարավորություն կունենան թղթակցելու «Չլսված ձայներ» հարթակին։

Միջոցառման բոլոր օրերին մասնակցած լրագրողներին կտրամադրվի հավաստագիր։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումն այստեղ մինչև մայիսի 30-ը ներառյալ:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հանրային լրագրության ակումբի հետ՝ [email protected]-ի միջոցով կամ զանգահարել +37412755898։

«Չլսված ձայներ» նախագիծը International Alert կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող ծրագրերից մեկն է: Այն հարթակ է, որտեղ հակամարտությունից տուժած հասարակությունների լրագրողները պատմում են «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի, հակամարտությունից տուժած անհատների ճակատագրերի ու հակամարտության արդյունքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական մարդկային դեմքերը:



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend