Նորություններ

Սերը՝ պատերազմի ժամանակ

Տեքստը՝ Սոֆի Թովմասյանի

Լուսանկարները՝ Արայիկ Հարությունյանի, Էդգար Բարսեղյանի եւ Մարիամ Սարգսյանի ֆեյսբուքյան էջերից

Պայթյունների ներքո Երևանից՝ Շուշի՝ հանուն պսակադրության

– Տե’ր եմ ։

– Հնազա’նդ եմ ։

Այս խոստումներն այսօր հնչեցին Շուշիի հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում։

Սեպտեմբերի 27֊ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սկսված անսպասելի հարձակումից հետո սա առաջին պսակադրությունն է։

Հոկտեմբերի 24-ի առավոտը սկսվեց հենց այս լուրով։ 

Հարսնացուն ու փեսացուն՝ Մարիամ Սարգսյանն ու Հովիկ Հովսեփյանը 4 տարի առաջ հենց այս օրն էին ծանոթացել, ամուսնության օրն էլ որոշել էին դեռ 3 տարի առաջ։ Եվ ահա պատերազմն անգամ նրանց պլանները չխախտեց, ու Հովիկի ընկերը Մարիամին վաղ առավոտյան Երևանից Շուշի հասցրեց։

«Մեր ընկերներից մեկը՝ Արամը, ռիսկի դիմելով ինձ Երևանից հասցրեց Արցախ։ Գնում էինք չիմանալով՝ ինչ վերջ կունենա, որովհետև ճանապարհին էլի պայթյուններ էին։ Փառք Աստծո, ամեն բան բարեհաջող անցավ։ Ի հեճուկս հակառակորդի որոշեցինք, որ պետք չէ հետաձգել պսակադրությունը, և ամուսնացանք։ Թող չուրախանան ու չմտածեն, թե կարողանում են մեր պլանները փչացնել»,- ասում է Մարիամը։

Մարիամն ու Հովիկը 2 օրում հասցրել էին մկրտվել, Մարիամը՝ Երևանում, Հովիկը՝ Արցախում։ Տերյան մշակութային միության օգնությամբ էլ հարսի շորն էին գտել՝ հայկական ավանդական տարազ։

Եկեղեցու հարցում նախկինում երկմտել են՝ Ղազանչեցոց, թե՝ Կանաչ ժամ․ հրթիռակոծությունից հետո որոշումը պարզ էր։ Եվ, եթե դեպի Շուշի տանող ճանապարհին Մարիամի ներսում վախ կար, որ եկեղեցին կրկին կվնասեն, ապա եկեղեցու պատերից ներս այդ զգացումը կորել է, միայն խաղաղության մասին է մտածել։

«Սա ևս պատգամ պիտի լինի, խորհուրդ պիտի ունենա։ Ինչքան էլ հրետակոծեն մեր եկեղեցիները, միևնույն է դրանք կանգուն կմնան, և Արցախում կստեղծվեն հայկական ընտանիքներ»։

Մարիամն ու Հովիկն իրենց հարսանիքը պատկերացնում էին բոլոր հարազատների ներկայությամբ, բայց ներկա էին միայն կնքահայրը, Հովիկի ընկերն ու Մարիամի 2 ընկերուհիները, շուրջբոլորն էլ լրագրողներ էին։

Պսակադրությունից հետո նրանց կնքահայրը վերադարձել է դիրքեր, նրանք էլ՝ Երևան՝ մայրերի ու քույրերի մոտ։

«Ես ու ամուսինս Մարտունի քաղաքից ենք։ Առաջին օրը, որ հակառակորդը հրետակոծեց քաղաքը, տատ ու թոռ հենց մեր թաղամասում մահացան, դրանից հետո գնացինք Շուշի, երկու շաբաթ անց էլ՝ ես Երևան եկա, որովհետև մայրս ու քույրս իմ կարիքն ունեին։ Հովիկն ու իր հայրը Արցախում էին։ Նրա հայրիկն ու ընկերներն արդեն մեկ ամիս է՝ քաղաքի բնակիչներին հաց են հասցնում»,- պատմում է Մարիամը։

Մարիամը հույս ունի, որ իրենք կլինեն վերջին սերունդը, որը կամուսնանա պատերազմական իրավիճակում։ Ասում է՝ հայկական ընտանիքները շատանալու են, դատարկվող շարքերն էլ, անպայման, համալրվելու։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend