Ստեղծագործ գաղափարը ձեզանից՝ մեդիագրագիտությանն ուղղված հեքիաթները՝ մեզանից
- January 13, 2022
- Category: Հայտարարություններ, Նորություններ
Հայաստանում մեդիագրագիտությանը, թվային անվտանգությանն ու անձնական տվյալների պատշպանությանը վերաբերող մանկական գրականություն ամեն անկյունում չես հանդիպի, մինչդեռ այն կարող է առանցքային նշանակություն ունենալ փոքրիկներին մեդիագրագետ դարձնելու գործում։
Մեդիագրագիտության դասավանդման գործընթացում կարևորելով մեդիայի վերաբերյալ մանկական գրականության առկայությունը՝ Հանրային լրագրության ակումբը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, ձեռք է բերել ամերիկյան բեսթսելլեր «Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ» և «Լինում է, չի լինում առցանց» հեքիաթների հեղինակային իրավունքներն ու հրատարակել դրանք հայերեն լեզվով՝ հնարավորություն տալով հայ փոքրիկ ընթերցողներին ծանոթանալ մեդիագրագիտության և թվային անվտանգության կենսական կանոններին, որոնց ճիշտ կիրառման դեպքում հնարավոր կլինի խուսափել մեդիաթակարդներից։
«Կըտ-կըտ ճուտիկը, «Լինում է, չի լինում առցանց»-ը և «Թվային պոչ»-ը զվարճալի պատմություններ են, որոնք կօգնեն փոքրիկներին գրագետ մեդիա ստեղծելու, սպառելու և մեդիաաշխարհում ճանապարհորդելիս անվտանգ վարք դրսևորելու հարցում։
Իսկ հիմա կարևորի մասին․
Հանրային լրագրության ակումբը կտրամադրի գրքերից մեկական օրինակ այն պետական նախադպրոցական հաստատություններին, որոնք պատրաստ են ստեղծագործ մոտեցում ցուցաբերել հեքիաթներն իրենց դասավանդման գործընթացում կիրառելու և հետաքրքիր ձևաչափով մատուցելու/ ներկայացնելու համար։
Ի՞նչ անել.
Անհրաժեշտ է կես էջի սահմանում շարադրել գրքերից մեկի հիման վրա մշակված դասի/միջոցառման պլան և ուղարկել հետևյալ էլ․հասցեով՝ [email protected]:
Հանրային լրագրության ակումբի թիմը սիրով կուսումնասիրի ձեր գաղափարը և ամենաստեղծագործ մոտեցումներով նկարագրված գաղափարները կստանան ոչ միայն «Կըտ-կըտ ճուտիկը, «Լինում է, չի լինում առցանց», «Թվային պոչ» հեքիաթները, այլ նաև «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում ստեղծված մեդիագրագիտության խաչբառներից։
Դե ինչ, մենք կսպասենք ձեր ստեղծագործ գաղափարներին։
Հիշեցնենք, որ Հանրային լրագրության ակումբը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, իրականացրել է «Ավելի անվտանգ առցանց միջավայր․ նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագիրը, որը միտված էր քննադատական մտածողության և մեդիագրագիտության զարգացմանը՝ նախադպրոցական հաստատություններում դաստիարակների վերապատրաստումների, օգտակար գրականության հրատարակման և տարատեսակ դասընթացների կազմակերպման միջոցով։
#Medialiteracy #Preschool #Storybooks #Mediastories #PJC #USEmbassy