Նորություններ

«Չգիտեմ էլ՝ տունս կա, թե՝ թխալ ան»․ Ստեփանակերտի բնակչուհի

Տեքստի և լուսանկարների հեղինակ՝
Սոֆի Թովմասյան

Ընտանիքի անդամները քար լռությամբ ու լարված հեռուստացույց են դիտում։

«Հոկտեմբերի 10-ին` ժամը 12-ից հրադադար է հաստատվում` մարդասիրական նկատառումներով»,- հեռուստատեսային լուրերի մեկնաբանն է հայտնում։

Ստեփանակերտցի Ռոզա Մնացականյանն ու երկու թոռներն արդեն 1 շաբաթ է՝ ապրում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Տանը հեռուստացույցը միացված է գրեթե ողջ օրը։ Ռոզան ամեն վայրկյան մի լավ լուրի է սպասում Արցախից։

Հրադադարի հաստատման մասին լուրը, սակայն, Ռոզա Մնացականյանի պլաններում փոփոխություն չի մտցնում։ Ասում է՝ «հավատալու բան չի, թող լյոխ պրծնի, նոր կգնանք, թե չէ խոխեքը կվախենան»։

Հրադադարի լուրից հետո արդեն հաջորդում են լուրերն այն մասին, որ հակառակորդը կիրառում է հարվածային ԱԹՍ, ձեռնարկում գրոհներ ու խախտում հրադադարի մասին պայմանավորվածությունը։

Ռոզա Մնացականյանը Աբովյան է եկել հոկտեմբերի 3-ին, առավոտյան աշխատանքից տուն է վերադարձել, տեսել, որ թոռը՝ 4-ամյա Կոնստանտինը, թաքնվել է մահճակալի տակ։

«Հոկտեմբերի 2-ին ես դեռ աշխատանքի էի՝ Ստեփանակերտի հոգեբուժարանում, հաջորդ օրն առավոտյան եկա տուն, տեսա էս պուճուրը վախից մտել ա մահճակալի տակ, ինձ էլ ասում ա՝ տատա՜, դու էլ արի՛»,- այսպես պատմում ու ձեռքով փոքրիկ թոռանն է ցույց տալիս Ստեփանակերտի բնակչուհին։

Փոքրիկ Կոստյան պայթյունների բարձր ձայները լսելուց հետո մտածել էր, որ մահճակալն ամենահարմար տեղն է պատսպարվելու համար, որովհետև, ինչպես ինքն է ասում,  «Ստեփանակերտում լյոխ շենքերը թխալ ան»։

Նույն օրը Ռոզան Կոստյայի ու մյուս թոռան՝ 15-ամյա Էդգարի հետ ստիպված ճամփա է ընկել դեպի Հայաստան։ Այժմ ապաստանել են Աբովյան քաղաքի բնակիչներից մեկի տանը։

Ռոզա Մնացականյանի որդին ու դուստրն Արցախում են, որդին՝ առաջնագծում է․ նրանից լուր չկա, իսկ աղջիկը բուժքույր է, երեկ գիշեր եկել, տեսել է՝ որդիներն ու մայրը որտեղ են, ինչպես են ու առավոտյան 5-ին նորից մեկնել է Արցախ։

Ռոզան ասում է՝ օրեր առաջ դստեր կյանքը «մազից է կախված եղել»․ պայթյունների «էպիկենտրոնում» է եղել, բայց հրաշքով փրկվել։

«Կոստյաս առավոտ արթնացավ, սկսեց հարցնել, թե մամաս ու՞ր ա․․․ Ես ի՞նչ կարամ անեմ, եթե հրամանատարը կանչել ա, պետք ա գնա»։

Մեր այցելության ժամանակ Էդգարը տանը չէր, տատիկն ասաց՝ գնացել է Ստեփանակերտից եկած ընկերներին տեսնելու։ Դե իսկ 4-ամյա Կոստյան անընդհատ պտտվում էր տեսախցիկների շուրջը, ինքնուրույն լուսանկարում՝ ինչ պատահեր, խոսում ու անգամ գլուխկոնծի տալիս՝ հատուկ «ղաշյանգ» (գեղեցիկ) լուսանկարների համար ու ամեն անգամ, երբ տատի աչքերից արցունք էր գնում, բարձր-բարձր ու ձայնավորները երկարացնելով գոռում էր՝ «տա՜տ, սկսա՞ր»․․․

Թե ինչ վիճակում կգտնի իր տունը, կլինի՞ արդյոք ապրել այնտեղ, թե՝ ոչ, Ռոզա Մնացականյանը չգիտի, օրեր առաջ հարևանն ասել է՝ տունը դեռ կանգուն է, երկու օր է՝ տանից էլ լուր չունի։

Ռոզան ասում է՝ տունը ոչինչ, էլի կկառուցեն, կարևորը՝ զավակները ողջ ու առողջ հետ գան։ Սրտի ուզածն էլ միայն խաղաղությունն է։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend